ՎՐԱՍՏԱՆ՝ ԱՌԱՆՑ ԱԲԱՇԻՁԵԻ Բացառիկ հարցազրույց Միխայիլ Սահակաշվիլու ղեկավարած դաշինքի անդամ, Հանրապետական կուսակցության նախագահ Դավիթ Բերձենաշվիլու հետ: – Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը վրաց ընդդիմությունը որակեց իբրեւ՝ «թավշյա» հեղաշրջում՝ առանց նոր քաղաքացիական պատերազմի: Բայց արդյոք դա ընդդիմությա՞ն, թե՞ Վրաստանի երկրի նախագահ Էդ.Շեւարդնաձեի շնորհիվ եղավ: – Մինչեւ վերջին պահն էլ Շեւարդնաձեն հույս ուներ, որ ուժային կառույցներն իրեն կաջակցեն: Նա հրաժարական տալու որոշում կայացրեց միայն այն բանից հետո, երբ համոզվեց, որ ուժային գերատեսչություններից ոչ մեկը չի պատրաստվում կրակել ժողովրդի վրա, իսկ ցուցարարների թիվը միայն մայրաքաղաքի կենտրոնում շուրջ 100 հազար էր: Այն, որ Շեւարդնաձեն նման որոշում ընդունեց՝ իրավիճակի համարժեք ընկալման արդյունք էր, որը չկար ընտրություններից հետո ընկած ժամանակաշրջանում: Որ Վրաստանում զորքը չմիջամտեց եւ խնդիրն ուժային լուծում չստացավ, առաջին հերթին վրաց ժողովրդի շնորհիվ է: Ցուցարարները շատ կազմակերպված իրենց դրսեւորեցին, բացարձակապես վստահ էին իրենց արդարացիության մեջ, նաեւ վստահ էին, որ վրացական զորքերը չեն կրակի իրենց վրա: Դա նաեւ հանրահավաքի նախաձեռնողների շնորհիվ էր: Ընդհանրապես կազմակերպչական համակարգը շատ բարձր մակարդակի վրա էր: – 1996-ին էլ Հայաստանում հասարակությունը շատ ակտիվ էր, վստահ իր արդարացիության վրա: Բայց այդ դեպքում անգամ ուժայինները ժողովրդի կողմը չանցան, ավելին՝ նրանք տանկեր դուրս բերեցին ցուցարարների դեմ, ջրցան մեքենաներով ցրեցին ցույցը: Նույնն էր իրավիճակը նաեւ այս տարի: – Ես չեմ կարող գնահատել քաղաքական իրավիճակը Հայաստանում, բայց, կարծում եմ, որ Վրաստանում նախ՝ քաղաքական համակարգը ռազմականացված չէ, երկրորդ՝ վրացական քաղաքական կազմակերպությունները չունեն ֆորմալ կամ ոչ ֆորմալ զինված ջոկատներ: Վրաստանում մյուս կողմից՝ ժողովուրդն էր վստահ, որ ընտրություններում ինքը հաղթել է, եւ, բացի այդ, Շեւարդնաձեն էր կորցրել իր վստահության ռեսուրսը՝ եւ երկրի ներսում, եւ դրսում: Եվ, հատկապես, ԱՄՆ պետդեպի հայտարարությունից հետո, որտեղ շատ կտրուկ գնահատականներ էին հնչել ընտրությունների վերաբերյալ, ավելին՝ ուղղակիորեն ասվել էր, թե ընտրությունները կեղծված են, իշխանությունները, ըստ էության, հանրությանը զրկում են ընտրության իրավունքից, ժողովուրդը համոզվեց, որ իր թիկունքում է ոչ միայն արդարությունը, այլեւ՝ ուժը, ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին: – Այդուհանդերձ, վրաց ընդդիմությունը չէր կարող մինչեւ վերջ համոզված լինել, որ Էդ.Շեւարդնաձեին չի հաջողվի ուժային կառույցները գործի դնել: Արդյո՞ք ընդդիմությունը պատրաստ էր իրադարձությունների այդպիսի զարգացմանը: – Բնականաբար, դրանում հավանականության ինչ-որ չափաբաժին կար, բայց մենք գործնականում համոզված էինք, որ ոչ ոք ժողովրդի վրա չէր կրակի, որ ուժայիննները կանգնելու էին ժողովրդի կողքին, ինչն, ի դեպ, նրանք չէին թաքցնում: – Վրաստանում ինչպե՞ս կզարգանան հետագա իրադարձությունները: – Ամենայն հավանականությամբ, նախագահի գլխավոր հավակնորդը, հիմնական թեկնածուն, որին կառաջադրեն ժողովրդավարական ուժերը, կլինի Միխայիլ Սահակաշվիլին եւ ես վստահ եմ, որ նա մեծ առավելությամբ հաղթանակ կտանի: – Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները Հարավային Կովկասի երկրներում եւ ի՞նչ ազդեցություն կարող է այն ունենալ Վրաստանի տնտեսական զարգացման տեսանկյունից: – Ոչ միայն Հարավային Կովկասում, այլեւ՝ ետխորհրդային ամբողջ տարածքում, բացի՝ Մերձբալթյան երկրներից, նաեւ Բալկանյան առանձին երկրների համար, Վրաստանը լավ օրինակ ծառայեց: Կարծում եմ, այն ինչ տեղի ունեցավ Վրաստանում կարող է դրական ազդեցություն ունենալ մեր տարածաշրջանում ժողովրդավարական գործընթացների վրա: Ինչ վերաբերում է տնտեսական զարգացմանը, ապա՝ Վրաստանում խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից հետո իշխանությունն այլեւս կոռումպացված չի լինի, հուսով եմ, եւ տնտեսական զարգացումն էլ նոր թափ կհավաքի: Ուզում եմ անպայման շեշտել, որ մենք ոչ միայն հաղթանակ տարանք ընտրություններում, այլեւ՝ կարողացանք պահել այդ հաղթանակը, ինչը խոսում է վրաց հասարակության քաղաքացիական բարձր գիտակցության մասին: Այդ հաղթանակը ապահովված էր Վրաստանի ժողովրդավարական ռեսուրսների բոլոր բաղկացուցիչների՝ քաղաքական ուժեր, ոչ կառավարական ուժեղ կազմակերպություններ, ԶԼՄ-ների ազատություն, առաջին հերթին խոսքը «Ռուսթավի-2»-ի մասին է, առկայության շնորհիվ: – Կանխատեսումներ եղան, թե Վրաստանի ինքնավար միավորումները անջատվելու գործընթաց կարող են սկսել: Կ՞ա այդպիսի վտանգ: – Բացառում եմ: Ինչ վերաբերում է կոնկրետ Աջարիային, ապա՝ այնտեղ հակավրացական տրամադրություններ չկան: Աջարիայում Ասլան Աբաշիձեի իշխանությունն ավտորիտար է եւ բրածո: Բնականաաբար Վրաստանում ժողովրդավարության զարգացումն ու Վրաստանի նոր ղեկավարությունը կնպաստի, որ ոչ հեռու ապագայում այդ ժողովրդավարությունը տարածվի նաեւ Աջարիայի ավտորիտար անկլավի եւ Աբաշիձեի վրա: Նոր Վրաստանում Աբաշիձեն տեղ չունի»: Հարցազրույցը վարեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ