Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՆԱՑԵԼ Է ՎՃՌՈՐՈՇ ԵՐԿՈՒ ՕՐ

Նոյեմբեր 22,2003 00:00

ՄՆԱՑԵԼ Է ՎՃՌՈՐՈՇ ԵՐԿՈՒ ՕՐ Նոյեմբերի 20-ը Կանադայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի համար հանգստի օր էր։ Մեր երկիրը տղամարդկանց մրցաշարի մինչեւ 94 կգ քաշայինների պայքարում մասնակցության հայտ չէր ներկայացրել։ Դրա փոխարեն հաջորդ երկու օրերը մեզ համար անչափ կարեւոր, նույնիսկ ճակատագրական նշանակություն ունեն։ 85 կգ քաշայինների մրցակցությունից հետո Հայաստանը թիմային պայքարում 70 միավորով ընթանում էր 5-րդ տեղում։ Այսինքն, հավակնում էր եկող տարի ամռանը ամբողջական թիմով Աթենքի օլիմպիական խաղեր մեկնելուն (այդպիսի իրավունք ստանալու են 1-6-րդ տեղերն զբաղեցնող երկրները)։ Այնպես որ, ամեն բան որոշվելու է աշխարհի առաջնության վերջին երկու օրերին՝ 105 կգ քաշային կարգում Ռաֆիկ Չախոյանի եւ +105՝ գերծանր քաշային կարգում Աշոտ Դանիելյանի մրցելույթներից հետո։ Թե ինչպես նրանք հանդես կգան, ինչ տեղեր կզբաղեցնեն ու, հետեւաբար, մեր հավաքականին վարկանիշային քանի միավոր կբերեն, դրանից է կախված Հայաստանի գրավելիք վերջնական տեղը։ Երեկ Ռաֆիկ Չախոյանի պայքարի մեջ ներգրավվելու օրն էր։ Սակայն Երեւանի եւ Վանկուվերի միջեւ 12 ժամվա տարբերության պատճառով հնարավոր չէր արդեն այսօր առավոտյան մարզասերներին տեղյակ պահել արդյունքների մասին։ Իսկ այսօր ասպարեզ է մտնելու մեր հավաքականի, թերեւս, ամենափորձառու ու տիտղոսավոր անդամներից մեկը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Աշոտ Դանիելյանը։ Նա հիմա էլ համարվում է այս քաշային կարգում հողագնդի ուժեղագույն ծանրորդներից մեկը, ու նրա ներկայությունից զգաստանում են բոլոր հիմնական մրցակիցները։ Սակայն Սիդնեյից հետո մեր տղաների հետ կապված դոպինգային պատմություններից ու այդ պատճառով մի տեւական ժամանակ միջազգային ասպարեզներում հանդես գալու իրավունքից զրկված լինելը, անկասկած, բացասական հետեւանք պետք է թողած լինեն մարզիկի վրա, հատկապես հոգեբանական առումով։ Սա ասում ենք ոչ թե նրա համար, որ հոգու խորքում կասկածում ենք Աշոտին։ Ընդհակառակը, Վանկուվեր մեկնելուց առաջ Հայաստանում ուսումնամարզական հավաքի վերջին օրերին նա բավականին լուրջ կիլոգրամներ է հնազանդեցրել իր կամքին։ Մնում է, որ Աշոտ Դանիելյանը Կանադայում էլ հավատա ուժերին եւ մրցահարթակի վրա կրկնի այն, ինչ ինքն իրականում ի վիճակի է։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել