Լրահոս
Օրվա լրահոսը

Վկաներին բերման կենթարկեն

Նոյեմբեր 22,2003 00:00

Վկաներին բերման կենթարկեն Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ Հրաչիկ Հովհաննիսյանի, շարունակվեց Մարգարիտ Ստեփանյանի եւ Կամո Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Մարգարիտ Ստեփանյանը մեղադրվում է Գրետա Գեւորգյանից 1500 դոլար խաբեությամբ վերցնելու, այնուհետեւ մի քանի քաղաքացիներից, մասնավորապես Կարեն Իսրայելյանից, Հովհաննես Վարդանյանից, ԱՄՆ ուղարկելու պատրվակով, գումար վերցնելու համար, ընդհանուր առմամբ՝ 6400 ԱՄՆ դոլար։ Դատարանը նախորդ նիստի ժամանակ որոշում էր կայացրել վկաներին բերման ենթարկելու մասին։ Այս գործով որպես վկա անցնում է 10 քաղաքացի։ Երեկ դատարան ներկայացավ բերման ենթարկված «Էլեն» գեղեցկության սրահի դիմահարդար Գոհար Դավթյանը։ Նա ասաց, որ Մ. Ստեփանյանը շատ հաճախ է իրեն խաբել, վերցնելով «կոսմետիկա»՝ գումարը չի տվել եւ բավականին ուշացումով է իմացել, որ իր քեռու տղայից նույնպես գումար է վերցրել ($3500)։ Այս վկան հայտնեց, որ Մ. Ստեփանյանը զանգահարել է իրենց տուն, ամուսնուն սպառնացել, ասելով՝ կինդ գործ տվող է։ Հաջորդ վկան Ռոբերտ Վարդանյանն էր, որը ընդմիջումից հետո, ժամը 14-ին ներկայացավ դատարան։ Նա հայտնեց, որ չի ճանաչում Մ. Ստեփանյանին եւ որ տուժող Գրետա Գեւորգյանին է փոխանցել 1500 դոլարը՝ ԱՄՆ մեկնելու իրավունք ձեռք բերելու նպատակով։ Դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 9-ին։ Դատարանը վկաների նկատմամբ կրկնակի բերման որոշում կայացրեց։ Մ. Ստեփանյանի եւ Կ. Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը քաղաքից չբացակայելու համար։ Կ. Սարգսյանն իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքով։ Իսկ Մ. Ստեփանյանը իրեն մեղավոր չի ճանաչել եւ ցուցմունք է տվել նախաքննության մարմնին, որ ոչ մեկից որեւէ գումար չի վերցրել, որեւէ մեկին չի խոստացել, թե կօգնի ԱՄՆ մեկնելու հարցում, տուժողից կամ մեկ ուրիշից գումար չի վերցրել։ Ընդհակառակը, տուժողից 2002թ. վերցրել է տոկոսով գումար՝ $4800, վճարել է տոկոսները, սակայն չի կարողացել մայր գումարը վերադարձնել եւ պարտավորվել է այն տալ։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Մ. Ստեփանյանը թղթակցել է տարբեր լրատվամիջոցների, սակայն որեւէ տեղ ոչ հաստիքով, ոչ էլ պայմանագրով ձեւակերպված չէր։ Դատարանում քննվող գործն էլ լրագրության հետ որեւէ առնչություն չունի։ «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագիր Շողեր Մաթեւոսյանը երեկ «Առավոտին» ասաց, որ Մ. Ստեփանյանին արգելել է թղթակցել իր թերթին այն բանից հետո, երբ վերջինս իր անձնական խնդիրները լուծելու նպատակով ոստիկան էր կանչել «ՉԻ» խմբագրություն, որտեղ նա երբեք չէր աշխատում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել