Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք» ու «նրանք». սահմանը խիստ պայմանական է

Նոյեմբեր 22,2003 00:00

«Մենք» ու «նրանք». սահմանը խիստ պայմանական է Մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) եւ դրանից առաջացած հիվանդության (ՁԻԱՀ) հայտնվելը մարդկությանը միանգամից մի քանի մարտահրավեր նետեց: Բացի անբուժելի լինելուց, հիվանդությունը ունեցավ նաեւ, այսպես կոչված, «հարակից էֆեկտ»՝ հասարակությունը սկսեց բաժանվել «մեր» ու «նրանց»: Առաջին խումբը այդ հիվանդությունը չունեցողներն են, երկրորդը՝ դրանով ապրողները, որոնց առաջիններըկարող են խարանել: Առաջին խմբին պատկանողները որոշեցին, որ պետք է իրենց հնարավորինս պաշտպանեն այդ անբուժելի հիվանդությունից, եւ ավելի լավ միջոց չգտան դրա համար, քան, պարզապես, հիվանդներին իրենցից մեկուսացնելն է: Դա ստացավ ամենատարբեր արտահայտությունները՝ ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ով ապրողներին եւ նրանց ընտանիքի անդամներին աշխատանքից, կրթական հաստատությունից հեռացնել, մերժել նրանց անգամ ամենատարրական բուժօգնություն ցույց տալը՝ վտարել բնակավայրից: Եղել են անգամ սպանության դեպքեր: Մինչդեռ ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի բնագավառում խտրականությունը դիտվում է որպես մարդու իրավունքների լուրջ խախտում, եթե անգամ մոռանում ենք, որ «մենք»-ից մինչեւ «նրանք» շատ հեռու չէ: Դեռեւս1988 թ. Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության 41-րդ համաժողովը կոչ արեց հրաժարվել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց նկատմամբ խտրականության ցանկացած ձեւից: 1996 թ. Մարդու իրավունքների ՄԱԿ-ի հանձնաժողովի ընդունած որոշումներն էլ հաստատում են, որ մարդու իրավունքների ընդունված միջազգային չափանիշները բացառում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց խտրականությունը: Հետագայում եւս նման շատ կոչեր են հնչել եւ փաստաթղթեր ընդունվել, որոնցից ամենակարեւորը թերեւս 1998թ. ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր կոմիսարի գրասենյակի հրապարակած «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը եւ մարդու իրավունքները» միջազգային ղեկավարող սկզբունքներն են: Աշխարհի երկրների 38 տոկոսը չունի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց պաշտպանող օրենսդրություն: Հայաստանում մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման, ախտորոշման եւ հսկողության իրականացման կարգը, ՄԻԱՎ-ից առաջացած հիվանդության կանխարգելման կազմակերպական, իրավական, տնտեսական եւ ֆինանսական հիմունքները սահմանում է 1997թ. ԱԺ կողմից ընդունված «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքը: 2002թ. ՀՀ կառավարության թիվ 316 որոշմամբ հաստատված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական ծրագիրը նախատեսում է այդ օրենքում կատարել որոշակի փոփոխություններ, որոնք կնպաստեն վարակակիրների իրավունքների պաշտպանությանը եւ ամրապնդմանը: Բոլոր քաղաքացիների՝ առանց խտրականության նույնքան իրավունքներ, ազատություններ եւ պարտականություններ ունենալը, օրենքի առաջ հավասար լինելը եւ օրենքով հավասարապես պաշտպանված լինելը հաստատվում է նաեւ ՀՀ Սահմանադրությամբ: Մասնագետները համոզված են, որ հանրային առողջապահության շահերը չեն բախվում մարդու իրավունքների հետ: «Հակառակը, երբ պաշտպանվում են մարդու իրավունքները, ավելի քիչ մարդիկ են վարակվում, իսկ ՄԻԱՎ վարակակիրները եւ նրանց ընտանիքները առավել դյուրին են հաղթահարում ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ից առաջացած դժվարությունները: Խստագույն օրենքների առկայությունը հանգեցնում է բնակչության՝ ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել խոցելի խմբերի մեկուսացմանը եւ ընդհատակ անցնելուն՝ դժվարացնելով նրանց հետ աշխատանքը: Դրա հետեւանքը պատշաճ տեղեկատվություն ստանալու, անվտանգ սեռական վարքագծի ձեւավորման եւ վնասի նվազեցման նպատակով նրանց շրջանում կրթական ծրագրերի անցկացման անհնարինությունն է»,- արձանագրում է «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը եւ մարդու իրավունքները» աշխատության հեղինակային խումբը: ՄԻԱՎ վարակակիր լինելու պատճառով աշխատանքից ազատված անձը բախվում է լրացուցիչ տնտեսական դժվարությունների՝ կապված բժշկական սպասարկման եւ ընտանիքի բարեկեցության հետ: Նման դեպքերում մարդիկ դառնում են վարակի նկատմամբ ավելի խոցելի, քանի որ ավելի հակված են ռիսկային վարքագծի եւ դրանով ավելի են վտանգում իրենց առողջությունը: Սակայն մասնագետները գտնում են, որ պետք չէ լռել բոլոր նման դեպքերի մասին: «ՁԻԱՀ-ի մասին լռելը մահ է»,- հայտարարում են խնդրով մտահոգ գործիչները եւ համարձակ մարդկանց կոչ անում «քանդել լռության, խարանի ու խտրականության պատը»: Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել