Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԸ՝ «ԱԹԵՆՔԻՆ»

Նոյեմբեր 22,2003 00:00

ՆԱԽԱԳԱՀԸ՝ «ԱԹԵՆՔԻՆ» Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ այցելեց «Աթենք» մսամթերքի կոմբինատ Ամանորի առիթով սպասվող աշխույժ առեւտրի ժամանակ այս տարի «Աթենքից», ըստ ամենայնի, ավելի շատ արտադրանք կվաճառվի, քան ենթադրաբար կարող էր վաճառվել: Պատճառն այն է, որ երկրի նախագահն անձամբ գովեց, ու այդպիսով գովազդեց այդ ֆիրմայի արտադրանքը. «սա կայացած ներդրումներից մեկն է: Լավ շուկաներ ունեն: Լավ զարգացում են ապրում: Իմիջիայլոց, իրենք Ռումինիայում մասնակցեցին բիզնես-համաժողովին, պայմանագրեր են կնքել: Ե՛վ գնային, ե՛ւ որակի առումով մրցունակ են»: Նախագահը սա գովազդ չի համարում, «բայց նույնիսկ եթե գովազդ է, ապա վատ չէ, երբ նախագահը սեփական արտադրանք է գովազդում»: Բացի գովազդը, պարզ է, որ նախագահի վերաբերմունքը գրեթե միշտ կողմնորոշիչ է լինում պետական մարմինների համար. ամենաքիչը այդպիսի ընկերություններին ավելի բարեհաճ վերաբերմունք են ցույց տալիս, խուսափում են ավելորդ գլխացավանքներ ստեղծելուց: Ուստի, ստացվում է, որ նախագահը այցելած ֆիրմաների համար մրցակիցների նկատմամբ բարենպաստ, հետեւաբար՝ անհավասար պայմաններ է ստեղծում: «Առավոտի» հարցին, թե ինչ սկզբունքով է ընտրում որ ֆիրման այցելել, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «առաջինը՝ ինչքանով է կայացած. որակ, ծավալ, ծրագրերի զարգացման հնարավորություն, ինչքանով է ներդրումը լուրջ, այս մարդիկ մի փոքր բան սարքեցին սարքելու համա՞ր, թե՞ իսկապես զարգացման ծրագրեր ունեն»: Նախագահն, ըստ էության, գնահատեց, որ այս ձեռնարկությունը մյուս այսպիսիների համեմատությամբ ամենակայացածն է: Առավել եւս, որ չի պատրաստվում մինչեւ Նոր տարի այցելել մսամթերքի արտադրությամբ զբաղվող մյուս խոշոր ձեռնարկությունները: Այսքանից հետո կարո՞ղ ենք կարծել, որ եթե «Աթենքը» եւ, ասենք, մեկ ուրիշ ֆիրմա վարկ ուզեն բանկից, այլ հավասար պայմաններում բանկը նախապատվությունը կտա հենց «Աթենքին»: Հնարավոր է, իր ազդեցությունը մեղմելու համար պարոն Քոչարյանն ասաց, որ թեեւ չի այցելի մյուս ֆիրմաները, բայց կսպառի: Իսկ, օրինակ, գյուղնախարար Դավիթ Լոքյանը, որ մինչեւ երեկ ուրիշ ֆիրմայի սպառողն էր, ոչ պաշտոնական զրույցի ժամանակ ասաց, որ արտադրությունը տեսնելուց հետո երեւի կսկսի սրանից գնել: Իսկ սակագների թանկացումը, Ռոբերտ Քոչարյանի հավաստիացմամբ՝ «պետք է ամեն ինչ անենք, որ արտադրության վրա չազդի»: Հացի թանկացումից տուժածներին մխիթարեց կանխատեսմամբ, որ այս տարվա նման երաշտ 7-10 տարին մեկ է լինում, եւ որ այս տարվա բարձր գները չեն նշանակում, որ մյուս տարի էլ են ցածր բերք ու բարձր գներ լինելու: Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը, որ երեկ ուղեկցում էր նախագահին, ցորենի թանկացման, պետական պահուստների վերաբերյալ իրեն ուղղված հարցը վերահասցեագրեց Առեւտրի ու տնտեսական զարգացման նախարարին: Նա էլ հայտնեց, որ կառավարության անելիքը այստեղ շատ չնչին է: Գների կարգավորումը կառավարության ֆունկցիան չէ, «միակ բանը, որ կառավարությունը կարող է անել, աջակցել այլ երկրների պետական մարմիններին, որպեսզի իրենց պահուստներից հնարավոր ինչ-որ ձեւով աջակցեն մեր տնտեսվարողներին»: Նա ավելի շուտ կարծում է, որ պետությունը պետք է մի ընդհանուր մոտեցում մշակի՝ նման դեպքերում էական միջամտություն ցույց տալու վերաբերյալ: Նախագահի պատասխանն ավելի կոնկրետ ու համարձակ էր. «Մենք հիմա տնտեսության մեջ հաջողություն ունենք նաեւ այն պատճառով, որ չենք միջամտում գնագոյացմանը: Հենց սկսեցինք միջամտել, ավելի լուրջ պրոբլեմներ կունենանք: Միայն մեկ ձեւ կա հացի գների վրա ազդելու. ունենալ հատուկ ֆոնդ, բյուջեում գումար, ցորեն գնել, պահուստ ձեւավորել, պահուստները նման դեպքերում վաճառքի դնել, հետո հետ գնել: Բայց պետք է գիտակցենք, որ դա նաեւ որոշ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Ամբողջ քաղաքականությունը փոխել, որի հետեւանքները կարող են ավելի վատ լինել՝ խորհուրդ չէի տա»: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել