Շեւարդնաձեին փչացրին Վրացական «Ռուսթավի-2» անկախ հեռուստաընկերության լրագրողները տեսել եւ անգամ հաջողացրել են նկարահանել Թբիլիսիում խորհրդարանի շենքի առջեւ հավաքված «պատվիրված» ցուցարարներին փող բաժանելու պահը: Հիշեցնենք, որ վերջին օրերին Վրաստանի մայրաքաղաքում Շեւարդնաձեի եւ Աբաշիձեի օգտին ցույց անող մարդկանց Աջարիայից Թբիլիսի է «գործուղել» Ասլան Աբաշիձեն, բնականաբար՝ համապատասխան ռոճիկի դիմաց: Թերեւս պարզ է դառնում, թե Երեւան կատարած այցի ընթացքում, մասնավորապես, ինչ «բարի» խորհուրդ է ստացել Աբաշիձեն Ռ. Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ: Դժվար չէ մտաբերելը, թե ոչ վաղ անցյալում նմանատիպ ինչպիսի ներկայացումներ էին սարքվում այստեղ՝ Երեւանում, երբ բյուջետային հիմնարկներից եւ տոնավաճառներից մարդկանց ուղղակի անասունի նման քշում էին Մատենադարանի բակ՝ «միասին աշխատելու»: Տարբերությունն այն է միայն, որ այստեղ նրանց ոչ թե վճարում էին, այլ շանտաժի էին ենթարկում աշխատանքից զրկելու սպառնալիքով, իսկ «օրենքի շրջանակներում» եթերազրկված «Ա1+»-ը չուներ այդ ողորմելի ակտերի մանրամասները նկարահանելու եւ հասարակության սեփականությունը դարձնելու՝ «Ռուսթավի-2»-ի հնարավորությունները: Իսկ ինչ վերաբերում է Վրաստանում անցկացված ընտրությունների միջազգային արձագանքներին, ապա այս հարցում, թերեւս, տարբերությունները շատ ավելի էական են: «Ամերիկայի Միացյալ Նահանգները գտնում է, որ նոյեմբերի 2-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքները հայտարարվել էին միայն նոյեմբերի 20-ին, անցել են բազմաթիվ խախտումներով»: Europa Press-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի նախագահ Ադամ Էրելին: «Ընտրությունների արդյունքները չեն արտացոլում Վրաստանի ժողովրդի կամքը, այլ ապացուցում են Վրաստանի որոշ շրջաններում քվեարկության արդյունքների զանգվածային խախտումները»,- նաեւ նշել է Էրելին: Այս հայտարարությունը սառը ջրի ազդեցություն է ունեցել Շեւարդնաձեի վրա, որը մինչեւ վերջին պահը հույսը չէր կորցնում, որ Վաշինգթոնն, այնուամենայնիվ, իր երբեմնի ծառայությունների դիմաց գուցե թե «ըմբռնումով» մոտենա ժողովրդի կամքի բռնաբարմանը: Մի բան, որ մինչ այդ, ըստ էության, տեղի էր ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի պարագայում: «Ես ԱՄՆ-ից նման բան չէի սպասում»,- հայտարարել է նեղացած Շեւարդնաձեն ու ճարահատյալ, իր խոսնակ Կախա Իմնաձեի շուրթերով խոստովանել, որ խախտումներ, այո, եղել են, «բայց ոչ՝ այդ չափով»: Շեւարդնաձեն, թերեւս, նկատի չի առել, որ ԱՄՆ-ն անձամբ իր հետ հաշիվները վաղուց փակել է, եւ արդեն եկել է իրեն նույն քաղաքական ուղեգծի կրող շատ ավելի հարմարավետ ուժերով փոխարինելու պահը: Մինչդեռ Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայիս «ոչ լրիվ ծրագրով վարկաբեկված» վարչախմբերը ԱՄՆ-ին դեռ պետք են գալու՝ թեկուզեւ Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցով: Իսկ նրանց ակնթարթորեն փչացնել միշտ էլ հնարավոր է: Հիշենք թեկուզ դեռեւս 1998-ին Քոչարյանի օգտին կեղծված 100 հազար քվեների հայտնի պատմությունը: Իսկ Թբիլիսիում շարունակվում են հանրահավաքները: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ