Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵ, ՔԱՄԻ ՏԱՏԱՆԵԼԸ ՀԻՄԻ ԴՈՒ ՏԵՍ

Նոյեմբեր 22,2003 00:00

ԴԵ, ՔԱՄԻ ՏԱՏԱՆԵԼԸ ՀԻՄԻ ԴՈՒ ՏԵՍ «Արդարություն» դաշինքը երեկ հրավիրած խորհրդաժողովում ամփոփեց 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո այդ ոճրագործության վերաբերյալ իրավական եւ քաղաքական գնահատականները: Խորհրդաժողովում առաջինը ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը. «Հայաստանի արժանապատիվ անկախությունն ապահովող քաղաքական կամքի առկայությունը հավանաբար անհանգստացրեց ներսի եւ դրսի բոլոր այն ուժերին, որոնք կորցրել էին իշխանության գալու հույսը»: Անցած 4 տարիներն Անահիտ Բախշյանին բերել են համոզման, թե ահաբեկիչները «ստոր մարիոնետներ են, եւ նրանց ղեկավարող թելերը մինչ օրս այդ ուժերի ձեռքին են»: Նաեւ նշեց, թե «դատարանը հայտնաբերեց այդ քաղաքական ուժերին, երբ ողջ ընտրությունների ընթացքում դատավարությունը սառեցվեց 6 ամսով»: Դատաքննության ընթացքի, գործի նյութերի հանգամանալից վերլուծություն կատարեց դատարանում Դեմիրճյանի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը եւ հայտարարեց, թե սա «ոչ այդ 7 հոգու կողմից կազմակերպված հանցագործություն է, որում իրենց դերակատարությունն են ունեցել Հայաստանում գործող որոշ քաղաքական գործիչներ եւ անձինք»: Եղած ապացույցների հիման վրա փաստաբանը մասնավորապես պնդեց, թե կատարված հանցագործությանն անմիջական մասնակցություն են ունեցել Տիգրան Նազարյանն ու Նաիրի Բադալյանը, իսկ «Կազմակերպիչների եւ օժանդակողների մասին Նաիրի Հունանյանը նախաքննության ժամանակ տվել է ցուցմունքներ, որոնք, ըստ իս՝ ավելի արժանահավատ են»: Անդրադառնալով փաստաբան Ռուբեն Սահակյանի հարցադրմանը, թե ինչու հապա ժամանակին չէին բողոքարկել նախկին մեղադրյալների նկատմամբ գործերի կարճման որոշումները՝ Աշոտ Սարգսյանն ասաց. «Նյութերին դեռ ծանոթ չէինք: Բայց նաեւ հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ նման փորձառու փաստաբանը չբողոքարկեց Ալեքսան Հարությունյանին 8 ամիս ապօրինի ազատազրկելը»: Դեմիրճյանի ներկայացուցիչը նաեւ անդրադարձավ «թուրքական հետքի» վերաբերյալ վարկածին, որի առնչությամբ առարկություններ էին հայտնել «Հանրապետության» գործիչները: Աշոտ Սարգսյանը պնդեց, թե այդ հարցը դատարանում չի լուսաբանվել եւ չբացառեց, որ «նրանց գործուղել էին, որպեսզի կատարելուց հետո մատնանշեն, թե նրանք մինչ այդ եղել են Թուրքիայում»: Դատարանում Արամ Սարգսյանի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւը քիչ անց ելույթում հայտարարեց, թե քանի որ Աշոտ Սարգսյանը ներկա չէր փակ նիստերին՝ տեղյակ չէ, որ այս հարցերն ունեն իրենց պատասխանը՝ Նաիրի Հունանյանը Թուրքիա է գնացել ԱԱՆ հանձնարարությամբ, հաշվետվություն ներկայացրել եւ դրա դիմաց ստացել «դիվիդենտներ»: Ենթադրենք նույնիսկ՝ թե ահաբեկչությունը կազմակերպվել էր դրսից. իսկ ո՞ւր էին Հայաստանի իշխանությունները, ինչո՞ւ ԱԱՆ-ն չկարողացավ կամ չցանկացավ կանխել, երբ Նաիրի Հունանյանը ԱԱՆ տեսադաշտում էր: Այս հարցադրումներն արեց «Հանրապետության» քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը, որը նաեւ ասաց. «Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգը ոչ միայն տեղյակ է եղել հանցագործության կազմակերպմանն ու նախապատրաստմանը, այլ գուցե նաեւ ունեցել է որոշակի մասնակցություն»: Դահլիճը ծափերով արձագանքեց այս հայտարարությանը: Խորհրդաժողովին իր խոսքն էր հղել նաեւ Սիլվա Կապուտիկյանը. «Ղեկավար մարդիկ փոխանակ պատասխանի կանչվեին օրը ցերեկով, աշխարհի աչքի առաջ երկրի խորհրդարանում կատարված այդ անօրինակ սպանդի համար՝ ընդհակառակն, դարձան ավելի հանդուգն ու ագրեսիվ եւ ցինիկորեն իրենց թեկնածությունը դրեցին նախագահական երկրորդ ժամկետի համար»: Ներկա էր «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը, որը նշեց, թե միշտ կողմ է եղել, որ քիլերները գնդակահարվեն. «Բայց Աստված միգուցե մեր կողմն է՝ եթե նրանք ողջ մնան մինչեւ քաղաքական դաշտի փոփոխությունը, ապա կարող ենք խոստանալ՝ անաչառ դատավարության ու դատախազական գործողությունների ընթացքում կպարզվի՝ ովքեր էին կանգնած այս մարդկանց ետեւում»: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն ասաց, թե շատերը զարմանում են. «Ինչպե՞ս է, որ դիմանում ենք, ինչպե՞ս է, որ ոտքի չենք կանգնում, որ գլուխները կոտրենք» եւ պատասխանեց, թե դա չեն անում, ոչ այն պատճառով, որ վախկոտ են կամ չեն վայելում ժողովրդի աջակցությունը, այլ քանի որ իրենցից յուրաքանչյուրի հոգում կան Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը, Արմենակ Արմենակյանը եւ մնացածները: Անդրադարձավ այն մեղադրանքներին, թե ինչու կազմակերպիչների վերաբերյալ իրենց հայտնի տվյալները չեն հայտնում դատարանին եւ նետեց. «Դուք դատարա՞ն ունեք, որ այնտեղ հիմնավորենք»: Օրերս Սերժ Սարգսյանի նետած կշտամբանքի առնչությամբ, թե իշխանափոխության մասին խոսելով՝ Արամ Սարգսյանն ընդամենը «քամի է տատանում», վերջինս երեկ ասաց. «Նորմալ երկրում եթե ահաբեկչություն կատարվեր խորհրդարանի շենքում՝ ազգային անվտանգության անգործության եւ խայտառակ ֆիասկոյի հետեւանքով՝ ԱԱՆ այդ ղեկավարն ընդհանրապե՛ս չէր ունենա խոսելու իրավունք»: Արամ Սարգսյանը հիշեցրեց Ռ. Քոչարյանի եւ նրա նախընտրական շտաբի պետի հայտարարությունները, թե ընտրություններն արդար եւ թափանցիկ են լինելու, եւ նախագահն 1-ին իսկ փուլում վերընտրվելու է եւ հարցրեց. «Ինչո՞ւ չհաղթեց: Քամի՞ էիք անում: Արդար ընտրություններ անցկացրի՞ք, որ ձեր պարտականությունն է: Իսկ ինչո՞ւ քամի արեցիք»: Իսկ ընդհանրապես Սերժ Սարգսյանի խորհուրդների կապակցությամբ ասաց. «Իշխանությունից հեռացեք, տեսնենք՝ կարո՞ղ եք խորհուրդ տալ մեզ: Նախարարությունների հզորությունը, իշխանական փեշը վերցրած խոսում եք… Տեսնենք՝ իշխանությունից հեռանալուց հետո կարո՞ղ եք դուրս գալ փողոց եւ ժողովրդին ասել ձեր տեսակետը»: Խորհրդաժողովը տեւեց 4 ժամ եւ ավարտին ընդունվեց 4 էջանոց մի բանաձեւ, որում գնահատված էր. «Ռոբերտ Քոչարյանն իր վարքագծով եւ հրապարակային հայտարարություններով ուղղորդել է նախաքննության ու դատաքննության ընթացքը, պարբերաբար երաշխիքներ է տվել ոճրագործներին»: «Արդարության» բանաձեւի եզրափակիչ դրույթներից է. «Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ուղղակի պատասխանատվություն են կրում ոչ միայն «27»-ը չկանխելու, այլ նաեւ կազմակերպիչների բացահայտմանը խոչընդոտելու եւ հանցագործությունը պարտակելու համար»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել