ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԴՈՆՈՐ ԵՐԿԻՐ» Է Չնայած մեր դիվանագետները հարեւան երկրի իրենց գործընկերներից երկու անգամ վատ են ապրում Կես լուրջ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Վարդան Օսկանյանը երեկ փորձում էր հայ օրենսդիրներին ու ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներին համոզել՝ բարձրացնել եվրոգոտում տեղակայված ՀՀ թվով 8 դեսպանությունների պահպանման ծախսերը: Ընդհանրապես ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին հատկացված գումարը կազմում է 3 մլրդ. 621538 հազար դրամ: Մինչդեռ, ըստ պարոն Օսկանյանի՝ «դեսպանությունների պահպանման համար անհրաժեշտ է 4 մլրդ 869 մլն 308 հազ դրամ»: Իր այս պնդումը ԱԳ նախարարը փաստարկեց նրանով, որ իրականում հիշյալ գումարի 85 տոկոսը ուղղվում է միայն դիվկորպուսի ներկայացուցիչների աշխատավարձի ու բնակվարձի համար եւ միայն 15 տոկոսն է հատկացվում դեսպանությունների գործունեությունն իրականացնելու համար: Թվարկելով մի շարք հանգամանքներ՝ «որոշ երկրներում տրանսպորտային եւ բժշկական ապահովագրությունը դարձել է պարտադիր պայման», «Եվրոպայում դոլարի եւ եվրոյի տատանումները հասնում են 20-30 տոկոսի», նախարարն առաջարկեց եվրոգոտում գտնվող ՀՀ 8 դեսպանատների աշխատակազմի աշխատավարձը վճարել ոչ թե դոլարով, այլ՝ եվրոյով: Նա համարեց, որ, օրինակ՝ այդ երկրներ գործուղված մեր դեսպանների աշխատավարձը՝ 2600 դոլար, շատ ցածր է: «Մեր հարեւան դեսպանների աշխատավարձը դրա առնվազն կրկնապատիկն է»,- հայտարարեց Վ.Օսկանյանն ու առաջարկեց նրանց աշխատավարձի առաջ նշվող դոլարը փոխել եվրոյի: Ընդվզեց ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը՝ այսինքն, դուք աշխատավարձի բարձրացում եք ուզո՞ւմ: Եթե չէ՝ մենք համաձայն ենք 2600 դոլարը հաշվարկել եվրոյով եւ վճարել 2200 եվրո: Հետագա բանավեճն անպտուղ էր, իսկ Վ.Խաչատրյանը՝ անդրդվելի: Պատասխանելով մեր հարցին, թե ՀՀ դեսպաններն իրենց նշանակման երկրներում այսօրվա իրենց աշխատավարձով միջի՞ն խավին են դասվում, թե՞ աղքատ մարդիկ են համարվում, Վ.Խաչատրյանը վստահեցրեց՝ միջին: Կես կատակ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 2004-ի պետբյուջեի քննարկումը երեկ մի պահ վերածվեց ԽԹծ-ի՝ պատգամավոր Մանուկ Գասպարյանի ջանքերով: Նա որոշել էր օգտվել ԱԳ նախարարի ներկայությունից եւ հարցնել՝ վրացիք ե՞րբ են տալու մեր փողերը: Այն փողերը, որոնք պարտք են Վրաստանին մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց՝ 20 մլն. դոլար: Բացի՝ պարտաճանաչորեն վճարվող տոկոսադրույքներից, վրացիները մայր գումարից որեւէ լումա առայժմ ի վիճակի չեն վճարել: Վ.Օսկանյանը, որն ի դեպ, նաեւ ինքն է ստորագրել պարտքի մարման գրաֆիկն ու դրա հետաձգման պայմանագիրը, իհարկե, դիվանագիտորեն հարցը «պաս» տվեց Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարին: Հարց Մանուկ Գասպարյանից՝ «վրացիները մեզ փաստացի «քցել» են եւ այսօր էլ այդ երկրում հակահայկական հիստերիան այն աստիճանի է հասել, որ հայ լինելը համարում են վիրավորանք: Էդպիսի հարեւաններից կարելի է «քցվե՞լ»: Պետք է հարցը կոնկրետացնել: Վրաստանի համար մենք կթու կով չենք՝ է՜: Իրանց ճանապարհներին մեր բիզնեսմեններին գիտեք ոնց են թալանում»: Ի պատասխան նախարարը հանգստացրեց՝ «Չի քցել: Ի՞նչ եք առաջարկում: Վրաստանի վիճակը վատ է: Փախնելու տեղ չունի ու վաղը մյուս օրը էդ երկիրը կայանալու է»: Ավելին, նախարարի մատուցմամբ, հայկական կողմը, սկզբունքորեն կարող էր Փարիզի «կլուբում» այդ հարցը կարգավորել, բայց «դա ստիպելու էր Վրաստանին մարել ոչ միայն մեր, այլեւ՝ այլ երկրներին ունեցած պարտքը: Իսկ դա նա ի վիճակի չէ անել»: Համ էլ, ինչպես նախարարն ասաց՝ «մենք իրանցից վատ տղերք չենք, եւ մեր խնդիրներն ինքներս կարող ենք լուծել»: Ու մինչ լրագրողները կատակում էին, թե ՀՀ կառավարությունը, երեւի, հեռահար նպատակ ունի՝ Վրաստանի պարտքի դիմաց նրանից անշարժ գույք պահանջել՝ Ջավախքը մեզ փոխանցելու տեսքով, Մ.Գասպարյանը վրդովվեց. «Էդ ո՞նց ա, որ մենք մեր պարտքը փակում ենք ձեռնարկության դիմաց մեր գույքը՝ Հրազդան-Սեւան կասկադը ուրիշին հանձնելով»: Նա ավելի հեռահար առաջարկ արեց կառավարությանը՝ պարտքի դիմաց Փոթիի նավահանգստից մի կտոր պահանջել, որ կարողանանք գնալ-գալ: Ինչպես հասկացաք, առաջարկն, իհարկե, չընդունվեց: Փոխարենը Վ.Խաչատրյանը բացճակատ հայտարարեց. «Այո մենք բոլոր դոնորներից փող ենք ստանում, բայց միջազգային կազմակերպություններին ես ասում եմ, որ Հայաստանն արդեն ոչ միայն զարգացող եւ վարկ ստացող, այլեւ՝ դոնոր երկիր է: Վրաստանի համար մենք, ըստ էության, արդեն դոնոր երկիր ենք»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ