Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՊՐՈՑԸ ՔԱՆԴՎՈՒՄ Է

Նոյեմբեր 21,2003 00:00

ԴՊՐՈՑԸ ՔԱՆԴՎՈՒՄ Է «Հայրենիք» ժողովրդական ճակատի Արագածոտնի մարզային կոմիտեն դիմել է նույն ճակատի ավագանու անդամներ, ակադեմիկոսներ Լենսեր Աղալովյանին, Վան Խաչատուրին, Ռաֆայել Ղազարյանին, Կոնստանտին Ղարագյոզյանին, Դավիթ Սեդրակյանին նամակով, որում, մասնավորապես ասված է. «Հարգելի ընկերներ, սթափ գնահատելով միջնակարգ կրթության աղետալի վիճակը Արագածոտնի մարզում եւ համոզված լինելով, որ այն հանրապետության մյուս մարզերում ավելի բարվոք չէ (եւ չէր էլ կարող լինել), դիմում ենք ձեզ եւ հանձինս ձեզ՝ հայ ազգային գիտակրթական ոլորտի բոլոր նվիրյալներին՝ բարձրացնել ձեր հուժկու եւ ազնիվ ձայնը ընդդեմ այն կործանարար գործընթացի, որի մեջ ներքաշվել է հայ Ազգային դպրոցը։ Դպրոցների խոշորացման, դասարաններում ոչ պակաս, քան 30-35 աշակերտ ունենալու, մի քանի գյուղերի համար մեկ կենտրոնացված դպրոց ստեղծելու, հազարավոր ուսուցիչների գործազրկության դուռը նետելու եւ այլ զառանցագին գաղափարները ոչ այլ ինչ են, եթե ոչ հայ ժողովրդի դեմ ուղղված եւ լավ մշակված ու համակարգված դավադրության առանձին օղակներ։ Եվ այս ամենը ցինիկորեն մատուցվում է որպես կրթության ոլորտի օպտիմալացում եվրոպական չափանիշներով, որպես անխուսափելի գործընթաց, քանի որ սուղ են պետության ֆինանսական հնարավորությունները։ Լուսավորության բնագավառում նման խավարասփյուռ քաղաքականությունը եւ նրա հեղինակներին ու հովանավորներին կարելի է բնութագրել միայն այնպիսի բառերով, որոնք դուրս են գրական լեզվի թույլատրելի սահմաններից։ Մի՞թե դպրոցի դեմ դավադրություն չէ, օրինակ, ՀՀ կառավարության 25.06.2002թ. թիվ 1392 որոշումը։ Ըստ այդ որոշման, ուսուցչին իրավունք է վերապահվում, իսկ իրականում նրան մղում են դառնալ «մասնավոր ձեռներեց», երբ նա կարող էր եւ պարտավոր էր նույն գիտելիքները մատուցել իր սաներին դպրոցում, եթե այնտեղ լինեին դրա համար բավարար պայմաններ։ Այս որոշումը թմբկահարվում է որպես հոգածություն ուսուցչի հանդեպ, այնինչ դրա տակ քողարկված է ծնողների եւ աշակերտների աչքում դպրոցի հեղինակությունը նսեմացնելու ստոր դավադրությունը։ Այլեւս աներկբա է, որ Ազգային դպրոցը կործանելու ծրագիրը բարձրացվել է պետական քաղաքականության մակարդակի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել