Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՐՈՐԴ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ

Նոյեմբեր 21,2003 00:00

ԵՐԿՐՈՐԴ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ Կանադայում ծանրամարտի աշխարհի առաջնությունն աստիճանաբար մոտենում է եզրագծին Տղամարդկանց մրցապայքարում մինչեւ 85 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին Տիգրան Քամալյանը եւ Գեւորգ Ալեքսանյանը, որոնք համապատասխանաբար գրավեցին 16-րդ եւ 17-րդ տեղերը։ Տիգրանը առանձին վարժություններում իրեն ընձեռված երեքական հնարավորություններից արդյունավետ օգտագործեց մեկական մոտեցում. պոկումում՝ 157,5 կգ, հրումում՝ 195 կգ։ Եվ երկամարտի 352,5 կգ արդյունքով գրավեց 16-րդ տեղը։ Նրանից մեկ քայլ ետ մնաց Գեւորգ Ալեքսանյանը։ Նա երկրորդ մոտեցումով բարձրացրեց 155 կգ-ն (պոկում), այնուհետեւ ձախողվեց 160 կգ-ում։ Հրումում հայ մարզիկի երեք փորձերն էլ հաջող էին՝ 185 կգ, 192,5 կգ եւ 195 կգ։ Գեւորգը վերջնահաշվարկով ունեցավ 350 կգ արդյունք եւ հանգրվանեց 17-րդ հորիզոնականում։ Տղամարդկանց հինգ քաշային կարգերի մրցապայքարից հետո Հայաստանը թիմային պայքարում 70 միավորով հինգերորդն է։ Առաջին տեղում Չինաստանն է։ Նրան հաջորդում են Թուրքիան, Ռումինիան, Բելառուսը։ Իսկ նվաճած մեդալների քանակով մեր երկիրը Հունգարիայի հետ միասին բաժանում է 12-րդ եւ 13-րդ տեղերը։ Ինչ վերաբերում է կանանց թիմային պայքարին, Հայաստանն ունի 6 միավոր եւ գտնվում է 36-րդ տեղում։ Եթե դատելու լինենք մեր տղաների հավաքականի՝ թիմային պայքարում զբաղեցրած առայժմ 5-րդ տեղից, գործերն ընդհանուր առմամբ կարծես վատ չեն ընթանում, որովհետեւ գլխավոր նպատակը, թերեւս, որքան հնարավոր է, օլիմպիական խաղերի շատ ուղեգրեր նվաճելն է։ Իսկ կանոնակարգով Աթենքում ամբողջական թիմով հանդես գալու համար անհրաժեշտ է տեղ գրավել առաջին վեցյակում։ Թիմային 7-13-րդ տեղերը տալիս են 5, 14-20-րդը՝ 4, 21-27-րդը՝ 3 ուղեգիր։ Սակայն երկրներն այնքան խիտ են դասավորված, միավորների տարբերությունն այնքան քիչ է, որ մնացած քաշային կարգերում ամեն մի տեղը վճռորոշ նշանակություն կարող է ունենալ։ Դրա համար էլ անչափ կարեւորվում են մեր մնացած երկու ծանրորդների՝ Ռաֆիկ Չախոյանի եւ գերծանր քաշային, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Աշոտ Դանիելյանի արդյունքները, գրավելիք տեղերը։ Հուսանք, որ նրանք կկարողանան կատարել իրենց առջեւ դրված առաջադրանքները։ Վանկուվերում 85 կգ քաշայինների պայքարում Ավստրալիան ներկայացնող Սերգո Չախոյանը երկամարտի 377,5 կիլոգրամ արդյունքով դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Երեկ հերթը 94 կգ քաշային ծանրորդներինն էր։ Հայաստանն այստեղ մասնակից չի հայտավորել։ Իսկ այսօր 105 կգ քաշայինների մրցավեճում ասպարեզ է մտնելու Ռաֆիկ Չախոյանը։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել