Լրահոս
Օրվա լրահոսը

Տարանցիկ խաղաղության ժամանակներից

Նոյեմբեր 21,2003 00:00

Տարանցիկ խաղաղության ժամանակներից «Վերադարձի երկիր» հասկացությունը հայերիս համար 21-րդ դարի սկզբին ամենաարդիականն է դարձել: Որովհետեւ մենք ավելի շատ ապրում ենք Հայաստանից դուրս, քան Հայաստանում: Որովհետեւ Հայաստանը դարձել է վիրտուալ հասկացություն շատերի համար: Որովհետեւ որտեղ էլ լինես, կարեւորը՝ վերադառնալու տեղ ունենաս: Որքանով է Հայաստանը համապատասխանում վերադարձի երկիր հասկացությանը: Տնտեսական առումով՝ պաշտոնական վիճակագրությունը արձանագրում է աճ, անշեղ աճ: Նույնիսկ առաջին անգամ՝ կատարված բյուջե: 40000 աշխատատեղերի մասին ոչ ոք այլեւս չի խոսում՝ ենթադրվում է, որ աշխատատեղերը բացվել են ու նույն հաջողությամբ փակվել: Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարությունից հետո բոլորը համերաշխ մոռացան նաեւ զբոսաշրջիկներին եւ այն, որ Հայաստանը զբոսաշրջության դրախտ է: Եվ Հայաստանը մնաց դրախտ միայն նրանց համար, ովքեր չեն մուծում պետական հարկեր, ունեն արտոնություններ՝ արտադրություն «զարգացնելու» համար, իսկ այդպիսիներին մատների վրա կարելի է հաշվել: Նրանք հիմնականում արդեն քաղաքական դեմքեր են, որովհետեւ երրորդ գումարման խորհրդարանը իր դռները լայնորեն բացեց նրանց առաջ եւ հիմա նրանք տարված են հույժ օրենսդիր գործունեությամբ՝ չմոռանալով, իհարկե, որ սեփական, տերունական ու պետական գրպանները շատ տարբեր են՝ նախ լցվում է տերունականը, հետո սեփականը, իսկ պետությունը թող շնորհակալ լինի։ Իհարկե, փոքր ու միջին ձեռներեցության զարգացումը շարունակում է հռչակվել ու շահարկվել իբրեւ պետական տնտեսական քաղաքականության գերակայություն, բայց դա միայն թղթերի վրա: Իրականում ոչ օրենսդրությունն է խթանում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացումը, ոչ համապատասխան պայմաններ են ստեղծվում: Հետեւանքը՝ ծաղկում է չհարկվող վերավաճառքը, որին մենք շարունակում ենք առեւտուր անունը տալ: Պետական գանձարանը եւս վիրտուալ հասկացություն է, եւ անվերջ դատարկ է, եւ լիքը՝ համապատասխան պահին համապատասխան մարդկանց համար: Ավելացրեք՝ կենսական անհրաժեշտության ապրանքների թանկացումը, որի հետեւանքները միշտ զգալի են հասարակության առավել անպաշտպան մասի համար: Խոշոր կապիտալի տերերը Հայրենիք չեն վերադառնա, որովհետեւ քաղաքական իրավիճակը նրանց ստիպելու է նախ անցնել իշխանության թրի տակով, որն այնքան էլ նրանց շահերից չի բխում: Համեմատաբար միջին կապիտալի տերերը հազիվ կարողանում են իրենց ու իրենց ազգականներին պահել, վերադառնալու դեպքում երաշխիքներ չկան, որ կկարողանան այստեղ ապրել ու աշխատել: Չվերադառնալ չեն կարող միայն նրանք, ում պարզապես վտարում են իրենց նոր բնակավայրից եւ այդ պարագայում արդեն հայրենիքը հարկադիր բնակավայր է: Քաղաքական կյանքը շարունակում է մնալ կայուն անկայունության վիճակում՝ ընտրությունները ավարտվեցին եւ թվում է՝ ամառային ընդարմացումից հետո աշնանը ինչ-որ հարցեր պիտի պարզվեն: Բայց դա խաբուսիկ տպավորություն է: Երկրի ներսում ամեն ինչ պարզ ու հստակ է. առանց պատերազմի՝ իշխանությունը դիրքերը չի զիջի: Ընդդիմությունը այդ գնով իշխանության գալ չի էլ փորձի, որովհետեւ որդեգրել է սահմանադրական ճանապարհը: Երկրից դուրս շատ ավելի կարեւոր իրադարձություններ են լինում՝ երկրի կյանքին առնչվող, որոնք կարող են իրավիճակ փոխել, բայց դա էլ պահանջում է ժամանակ ու որոշակի խթաններ: Հետընտրական Հայաստանի տարբեր թվականների հետ իրավիճակի համեմատությունը օրինաչափություններ է երեւան բերում, որոնց հետեւանքը միշտ եղել է իշխանափոխությունը՝ 1998 թ., 1999 թ, 2000 թ…. Եվ իրավիճակի անխռով հանդարտությունը իրականում ոչ մի երաշխիք չի տալիս, որ ամեն ինչ այդպես անխռով է ու այդքան հանդարտ: Առաջին՝ ժողովուրդը իրոք չի ընդունել հին-նոր իշխանությանը, ժողովուրդը ընդամենը համակերպվել է, որովհետեւ այլընտրանք չի տեսնում: Ավելի շուտ տեսնում է, բայց էդ «տեսնվածները» իրենք իրենց մի տեսակ ոնց որ թե չեն տեսնում: Երկրորդ՝ «համաշխարհային հանրությունը» ընտրակեղծիքների ու ժողովրդավարության մեր մենթալիտետի ըմբռնման հետ հաշտվեց, որովհետեւ այս պարագայում դա չէր հակասում տարածաշրջանում իր քաղաքականության էությանը: Երբ գա անհամաձայնության ժամանակը, ընտրակեղծիքները եւ իշխանության ոչ լեգիտիմությունը կվերհիշվեն: Երրորդ՝ մենք նստած ենք վառոդի տակառի վրա՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո վերստին ասպարեզ է գալու Արցախի հարցը, ցանկացած պահի ասպարեզ է նետվելու Սահմանադրական դատարանի առաջարկած վստահության հանրաքվեն: Իսկ ամենակարեւորը՝ չափազանց երերուն է կոալիցիան՝ իսկական համաձայնություն ու փոխըմբռնում չկա ոչ ներսում, ոչ դրսում. իրավիճակի մի չնչին փոփոխությունը կոալիցիայից կարող է թողնել նույն հիշողությունը, ինչ 98-ին մնաց «Հանրապետությունից», երբ մի գիշերում Հայաստանի պատգամավորները երկրապահացան՝ անվերապահ ու հիմնականում՝ երկրի շահի «բարձրագույն» գիտակցությամբ: Նույն այդ գիտակցությունը հիմա էլ կստիպի ինքնապահպանվել քաղաքական ասպարեզում: Այդ պարագայում եղանակը կարեւոր չէ՝ ճակատագրական Հայաստանում լինում է փետրվարը, եթե հոկտեմբերն անցնում է խաղաղ… Ուրեմն՝ հազիվ թե Հայաստանի բնակչությունը առաջիկայում մեծանա կամ փոքրանա. գնացել են՝ ով կարող էր, մնացել են, ով գնալու ուղղակի տեղ չունի: Գուցեեւ՝ առայժմ: Եղանակը դարձյալ ոչ մի կապ չունի՝ ոչ կլիմայական, ոչ քաղաքական. Հայաստանը վաղուց դուրս է ժամանակից ու տարածությունից: ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել