Դպրոցում գռեհիկ դրամահավաք է Պնդում է փոխքաղաքապետ Կամո Արեյանը Երեկ ՀՀ նախագահի՝ հակակոռուպցիոն հարցերով խորհրդական Բագրատ Եսայանը հանրակրթության ոլորտի պատասխանատուներին, հասարակական կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հրավիրել էր մասնակցելու «Հանրակրթական կոռուպցիա» թեմայով քննարկմանը: Պրն Եսայանը ցանկացավ ցրել հասարակության մեջ ստեղծված 2 թյուր կարծիքները. նախ եւս մեկ անգամ հիշեցրեց, որ ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարն է սկսվել կրթական եւ առողջապահական ոլորտներից, այլ այս ոլորտներում ուսումնասիրվում են հնարավոր կոռուպցիոն ռիսկերը: Իսկ ուսումնասիրություններն սկսվել են այս 2 ոլորտներից, քանի որ ժողովուրդն ամենաշատը շփվում է դրանց հետ, եւ բնավ էլ չի ենթադրվում, թե այս երկու համակարգերն ամենակոռումպացվածներն են: ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նորիկ Ղուկասյանի կարծիքով, հանրակրթության մեջ գործընթացները պետք է կարգավորել մեխանիզմների, կարգերի, կանոնների միջոցով. «Այնտեղ, որտեղ գործընթացները կարգավորում են անձինք, այդտեղ կոռուպցիոն ռիսկերն ավելի մեծանում են»: Մեխանիզմների իմաստով պրն Ղուկասյանը կարեւորեց հանրակրթության մեջ իրականացվող կադրային քաղաքականությունը: Ըստ նրա, մասնավորապես, «տնօրենների նշանակում» գաղափարը ամբողջապես պետք է փոխարինվի ընտրությամբ: Իսկ մանկավարժական կադրերի աշխատանքի նշանակման կարգի կիրարկումն ինչ-որ չափով կնպաստի այդ հարցում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Աշխատանքից ազատման հարցում եւս կոռուպցիոն երեւույթների դրսեւորումներն անխուսափելի են: Արդյո՞ք տնօրենն օբյեկտիվ է այս կամ այն ուսուցչի կրճատման հարցում, քանի որ, ինչպես Ն. Ղուկասյանը նշեց, դժվար է հասկանալ, թե որն է ուսուցչի բարձր արտադրողականությունը. «Այստեղ էլ կոռուպցիոն ռիսկեր կան, եւ պատճառը մի բացթողում է՝ ուսուցիչների ատեստավորումը, որ կասեցված է արդեն 5 տարի»: Խիստ ցավոտ հարց է դպրոցներում իրականացվող՝ փոխքաղաքապետ Կամո Արեյանի գնահատմամբ՝ «գռեհիկ դրամահավաքը», երբ այն կամավորության սկզբունքով չէ կատարվում: «Սա մի գործընթաց է, որտեղ եթե կամավորությունը հանում ես, հանցագործություն է դառնում»,- նշեց Ն. Ղուկասյանը: Կամո Արեյանը տեղեկացրեց, որ վերջերս տնօրենների հետ խորհրդաժողովում խստորեն է դրվել այն հարցը, որ պետք է բացառել դպրոցում երեխայի ձեռքից դրամ վերցնելը, ինչպես նաեւ ստեղծել փաստաթուղթ, որի միջոցով թափանցիկ կդառնա ֆինանսական ցանկացած ելումուտ դպրոցում: Սակայն այստեղ պետք է չմոռանալ նաեւ հարցի հոգեբանական, մանկավարժական կողմը. կարծում ենք, որ դրամահավաքը բացի կամավորությունից նաեւ գաղտնի պետք է լինի, որպեսզի դասընկերների մեջ երբեք չքննարկվեն հարցեր, թե ով եւ ինչքան ներդրում կատարեց դպրոցի հոգաբարձուական ֆոնդին: Առաջիկայում կանդրադառնանք հանրակրթության մեջ կոռուպցիոն հնարավոր այլ դրսեւորումների: Վերջիններիս գոյությունը չի բացառում նաեւ ԿԳ նախարարը եւ հույս է կապում առաջիկայում իրականացվելիք կրթական բարեփոխումների հետ: Այդ բարեփոխումներից մեկի՝ օպտիմալացման շուրջ, վերջին շրջանում հակասական խոսակցությունների մասին Սերգո Երիցյանի պարզաբանումները՝ վաղվա համարում: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ