ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱՍՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ «Առանց այս օրենքի էլ իշխանությունները յոլա են գնում եւ վատ չեն յոլա գնում»,- «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրինագծին անդրադառնալով՝ նկատեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: ԱԺ այս շաբաթվա եռօրյայում, ի թիվս այլ օրինագծերի, քննարկվեց նաեւ ՀՀ կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին»: Արդյո՞ք նման օրենք, ընդհանրապես, անհրաժեշտ է ունենալ եւ արդյո՞ք դրա բացակայությամբ են պայմանավորված եղել մինչ այս տեղի ունեցած աղմկահարույց սպանություններն ու ահաբեկչությունները չկանխելը: «Այն, որ երկրում գործում է օպերատիվ-հետախուզական ծառայություն, նշանակում է այդ ծառայության գործունեությունը որոշակիորեն պետք է կանոնակարգվի նաեւ օրենքի ձեւով: Պարզապես այդ օրենքը պետք է համապատասխանի եւ գործող Սահմանադրությանը, եւ, որ ամենակարեւորն է, ընդունված միջազգային նորմերին ու որեւէ կերպ չհակասի մարդու իրավունքներին: Կարծում եմ, նման օրենք վաղուց պետք է լիներ, բայց միաժամանակ չեմ գտնում, որ երկրում տեղի ունեցած հանցագործությունները չեն կանխվել միայն այն պատճառով, որ նման օրենք չի եղել, որովհետեւ համապատասխան ծառայություններ եղել են, կան եւ կլինեն՝ անկախ այդ օրենքից: Եթե չլինի քաղաքական պատվերի կատարման անհրաժեշտությունը, ապա՝ այսօր գոյություն ունեցող ծառայություններն ու դրանցում ներգրավված կադրերը ի վիճակի էին կանխել շատ հանցագործություններ, որոնք չեն կանխվել: Այլ խնդիր է, որ այդ ծառայություններն իրենց բուն նպատակին չեն ծառայում»,- նկատեց Վարդան Հարությունյանը: «Ելակետային պետք է լինի մարդու իրավունքը: Անհատի շահը պետք է վեր դասվի ամեն ինչից, նույնիսկ այն տերմինից, որը կոչվում է պետություն: Եթե օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենք են ընդունում, դա դեռ չի նշանակում, որ պետք է ելակետ ընդունվի այդ ծառայության շահը, մանավանդ որ դրանք էլ կոչված են անհատին, քաղաքացուն ծառայելու համար եւ պաշտպանում են ոչ թե վերացական, այլ՝ երկրի քաղաքացու շահը: Այդ իմաստով, եթե օրենքում որեւէ դրույթ ոտնձգություն է քաղաքացու շահի, արժանապատվության, սեփականության անձեռնմխելիության եւ այլ իրավունքների դեմ, օրենքն ընդհանրապես չպետք է դրվի շրջանառության մեջ»,- կարծիք հայտնեց իրավապաշտպանը: Ո՞րն է լինելու այն չափանիշը, որով առաջնորդվելու են օպերատիվ-հետախուզական գործունեությամբ զբաղվող մարդիկ իրենց «թիրախն» ընտրելիս: Վ.Հարությունյանի դիտարկմամբ՝ «Դա կախված է նրանից, թե մենք ինչպիսի երկիր ենք ուզում կառուցել. մի երկիր, որտեղ յուրաքանչյուր 2կմ-ի վրա չորս պետավտոտեսուչ է լինելու, յուրաքանչյուր բիզնեսի բնագավառում լինելու են ուժային կառույցների ներկայացուցիչներ՝ կամ «տանիքի», կամ փայատիրոջ տեսքով, որտեղ պետք է պատվիրված դատավարություններ եւ պատվիրված սպանություններ լինեն: Եթե մենք ուզում ենք այսպիսի երկիր ունենալ, բնականաբար պետք է նաեւ օրենք ունենանք, որը թույլ կտա ցանկացած պահի, ցանկացած ձեւով միջամտել մարդու անձնական կյանքին: Բայց եթե ուզում ենք ունենալ իսկապես ժողովրդավարական երկիր, ուրեմն՝ ամեն մի օրենքի ելակետը պետք է լինի քաղաքացու շահն ու իրավունքը»: Մեր զրուցակցի համոզմամբ, հիշյալ օրենքը, գոնե այնքանով, որքանով նա էր ծանոթ, հակասում է եւ միջազգային նորմերին, եւ գործող Սահմանադրությանը: Բայց ՀՀ-ում առաջին անգամ չէ, որ իշխանությունները փորձում են ոչ սահմանադրական, ոչ իրավական նորմերով հասարակությանն իրենցը թելադրել: «Դա պետք է բացատրել մեր իշխանությունների, թերեւս, չհասունացած լինելու հանգամանքով: Մենք հաճախ սահմանադրական, միջազգային եւ իրավական նորմերին համապատասխան օրենքներ ենք ընդունում միայն այն պատճառով, որ դա մեզ պարտադրում են, իսկ մեր առօրյայում դրանք չեն գործում: Իսկ այս օրենքը վայել է մեր կենցաղին եւ իրականությանը: Եթե նկատի ունենանք՝ «ԱրմենՏելի» ղեկավարը հայտարարեց, թե ընդհանրապես բոլոր հեռախոսային խոսակցություններն են գաղտնալսվում, այս օրինագիծը կարելի է նույնիսկ ավելի «ժողովրդավարական» համարել հենց այդ հայտարարության ֆոնի վրա»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ