Մարդիկ արժեն ութ դոլար Հայ ժողովուրդը աշխատանք է փնտրում եւ այդ պատճառով ուշադիր կարդում է փողոցներում փակցված հայտարարությունները: Ասենք՝ «Ձեզ պետք է հետաքրքիր եւ բարձր վարձատրվող աշխատա՞նք: Ուրեմն եկեք այսինչ հասցեով»: Գնում ես այդ հասցեով, եւ պարզվում է, որ ինչ-որ բանի համար պետք է մուծես 10 հազար դրամ, որպեսզի շատ շուտով ստանաս 100 հազար դրամ: Եթե ծայր աստիճան հիմար ես, Բուրատինոյի նման մուծում ես այդ 10 հազարը եւ հետո «շատ շուտով» պարզում, որ հիշյալ հասցեում ոչ ոք չկա եւ մոտակա տասնամյակում չի լինելու: Հիշո՞ւմ եք, ինչպես էր ժողովրդի հոգին հանում Հերբոլայֆը: Ամենուրեք՝ մամուլում, պատերին փակցված, փողոցներում բաժանվող հայտարարությունները հրավիրում էին աշխատելու, առանց բացատրելու, թե՝ որտեղ: Գնում, հասնում ես, մի կես ժամ ջուր ծեծելուց հետո հասկանում ես՝ Հերբոլայֆ: Այնքան արեցին, որ հիմա նորածինն էլ գիտի՝ «անստորագիր» հայտարարությունները այդ կազմակերպությանն են: Թե կոնկրետ ինչո՞վ է այն զբաղվում, ոչ ոք չի հասկանում: Իսկ հիմա կարելի է հանդիպել հետեւյալ հայտարարություններին. «Հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը՝ եզակի հնարավորություն: Շատ կարեւոր ինֆորմացիա: Առողջություն եւ երկարակեցություն: Գումար վաստակելու հնարավորություն: Կարիերա, բաժնետեր: Լրացուցիչ եկամտի հնարավորություն՝ ձեր աշխատանքին զուգահեռ: Հասցեն, հեռախոսահամարը, դիմել այսինչին»: Շատ գայթակղիչ է: Անհրաժեշտ է վազել նշված հասցեով: Ես էլ գնացի: Արդեն իմանալով, որ Հերբոլայֆը հերթափոխը հանձնել է Vision-ին, համոզված էի, որ հայտարարությունը նրանցն է: Սակայն իրենք այցելուներին դիմավորելիս եւ աշխատանքի բնույթը բացատրելիս միանգամից չեն խոստովանում, որ իրենք Vision-ն են: Եկա նշված հասցեով, որը բնակարան էր Դերենիկ Դեմիրճյանի հուշատանը: Դուռը բացելուն պես հարցրին, թե ո՞ւմ մոտ եմ եկել, ո՞ւմ անունն է գրված եղել հայտարարության մեջ: Այնուհետեւ խնդրեցին մի փոքր սպասել: Այդ «մի փոքրի» ժամանակ նայում էի, թե ինչպես մի քանի կանայք զբաղված տեսքով սենյակից սենյակ էին գնում եւ «թրեյնինգ», «կոնսուլտացիա» բառերն էին օգտագործում: Նաեւ իմացա, որ այն, ինչ ինձ հետ պիտի կատարվի, կոչվում է «ռանդեւու»: Վերջապես, մոտ քսան րոպե սպասելուց հետո «ռանդեւուն» սկսվեց: Իմացա, որ կարող եմ դառնալ Vision ֆիրմայի դիստրիբյուտոր եւ 3 օր անվճար սովորելուց հետո իմ շրջապատում դեղորայք տարածել: Սակայն իմ ձեռքը ապրանք չի տրվելու, ես միայն պետք է տեղեկացնեմ մարդկանց, որ գոյություն ունի այսպիսի բան: Նաեւ հնարավորություն կա Vision-ի բաժնետեր դառնալ, բանկում հաշիվ բացել եւ այլն: Իսկ եթե ես կարողանամ էլի մարդ բերել՝ ֆիրմայում աշխատելու, ինձ դրա համար $8 է հասնում: Ուստի սկզբում հարցնում են՝ «Ո՞ւմ մոտ եք եկել», որ իմանան՝ ում վճարել: Ինչպես ասաց Vision-ի աշխատակցուհին, իրենց արտադրության դեղերը արագ ազդող եւ փորձված են: Շատ հնարավոր է: Չնայած 8 դոլարով մարդ հավաքագրելը փող աշխատելու լավագույն ձեւը չէ: Մ.Մ.