ՀԱՑԻ ԽՆԴԻՐԸ ԿԱՐՈՂ Է ՍՐՎԵԼ Ցորենի գինն ավելի մեծ տեմպերով է աճում, քան թանկացող ապրանքների՝ մեզ համար սովորական տեմպերն են: Խոսքը միայն Հայաստանին չի վերաբերում: Հացահատիկի շուկայի հետ կապված խնդիրներ են առաջացել նաեւ Ռուսաստանում եւ Եվրոպայում: Իսկ խնդիրների գոյությունը շարքային սպառողն զգում է անընդհատ աճող գներով: Եթե մեծ մասշտաբներից խոսենք, ապա՝ Ռոտերդամի բորսայում մեկ օրում ցորենի տարբեր տեսակների համար 2-6 դոլարի թանկացում է արձանագրվել: Ռուսաստանում հունվարի դրությամբ ցորենը թանկացել է շուրջ երկու անգամ: Սեպտեմբերին մեկ տոննան արժեր 4133 ռուբլի, հոկտեմբերին գինն ավելացել է 338 ռուբլով: Սրանք Հայաստանում հետեւյալ արտահայտությունն ունեն. օրինակ, Մալաթիայի շուկայում 50 կիլոգրամանոց մեկ պարկ ալյուրի գինը մի քանի օրում բարձրացավ 1500-2000, հացը՝ 10-20 դրամով: Դատելով միջազգային շուկայում տեղի ունեցող զարգացումներից, գները դեռեւս կաճեն ու կաճեն: Համենայնդեպս, նման կանխատեսումներ կան Ռուսաստանում: Ռուս վերլուծաբաններն անգամ չեն բացառում, որ Ռուսաստանը խոշոր արտահանողից վերածվի ներկրող երկրի, ինչը, սակայն, ավելի հազվադեպ հանդիպող տեսակետ է: Բացի այդ, որոշ աղբյուրների հաղորդմամբ, այս պահի դրությամբ ՌԴ-ն ունի անհրաժեշտ քանակության ցորեն: Ճիշտ է՝ պահուստները պակասել են, կապված այս տարվա ցածր բերքի հետ: Նույն խնդիրն ունի Ուկրաինան: Յուրաքանչյուր երկիր փորձում է դեֆիցիտի խնդիրը յուրովի լուծել, ինչից, կարելի է ասել, իսկական խառնաշփոթ է սկսվել միջազգային շուկայում: Ուկրաինան ընդամենը հայտարարել է, որ պատրաստվում է Կանադայից ու Ամերիկայից մեծ քանակությամբ ցորեն գնել (այդ երկրներում գներն ընդունելի մակարդակի վրա են) եւ իր երկրում ցորենի գները կայունացել են: Փոխարենը գնային աժիոտաժ է սկսվել միջազգային շուկայում. այդ հայտարարությունը նպաստել է ամերիկյան ցորենի գնի աճին: Դրան նպաստել է նաեւ այն տեղեկատվությունը, որ Ռուսաստանը ցորեն կարտահանի անհամեմատ քիչ քանակությամբ, քան նախորդ տարիներին: Իսկ այդ «անհամեմատը» մոտավորապես մի քանի տասնյակ միլիոն տոննա է: Եթե հաշվի առնենք, որ ՌԴ-ն անցած տարի ցորեն արտահանող երկրների առաջին եռյակում էր, իսկ հիմա կանգնած է ներկրելու «վտանգի» առջեւ, ապա ակնհայտ է դառնում դրա բացասական հետեւանքները նույնպես: Չնայած այս գնային խառնաշփոթին, ՌԴ նախագահը կառավարությանն ու տեղական ինքնակառավարման մարմիններին հորդորեց երկրի ներսում ցորենի, ալյուրի, հացի գները հնարավորինս կայուն պահել: Նա անգամ դրա մեխանիզմը հուշեց: Չնայած ցորենի արտահանման այդ երկրի պաշարներն ակնհայտորեն պակասել են, այնուամենայնիվ, որոշ պոտենցիալ կա՝ շուրջ երկու տասնյակ միլիոն տոննա: Պուտինը թույլատրել է գնային «խաղեր տալ» միայն արտահանման քանակի մեջ: Բացի այդ, Ռուսաստանը շատ բծախնդիր է երկրի պահուստների հարցում: Օրինակ, ցորենի պահուստների յուրաքանչյուր տոննայի պակասելը մեծ արձագանքի է արժանանում հասարակության ու լրատվամիջոցների կողմից: Հայաստանի ոչ նախագահը, ոչ կառավարությունը պետական որեւէ քայլ ձեռնարկելու մասին նույնիսկ չեն ակնարկում, պատճառաբանելով, որ պետությունը գնային վերահսկողություն չի սահմանում, շուկան ազատորեն է ձեւավորվում: Սակայն մյուս երկրներում ձեռնարկված քայլերը չի կարելի պնդել, թե կոպիտ միջամտություն են տնտեսվարողների գործերին, որովհետեւ խոսքն առաջին անհրաժեշտության ապրանքին է վերաբերում: Իսկ ցորենի շուկայի բացասական զարգացումները կարող են խառնել կառավարության բոլոր ծրագրերը՝ այդ թվում սոցիալական: Չէ՞ որ այդ ծրագրերը մշակելու ժամանակ այս մասշտաբի թանկացումների մասին հեռավոր կանխատեսում անգամ չկար: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ