Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՒԶՈՒՄ ԵՄ ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ»

Նոյեմբեր 21,2003 00:00

«ՈՒԶՈՒՄ ԵՄ ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ» Ասում է «Գրեյթ Վելլի» ընկերության խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը – Ինչո՞ւ որոշեցիք դառնալ պատգամավոր։ – Իմ նպատակն այն է, որ գիտելիքներս օգտագործեմ իմ ժողովրդի համար։ Ես ընդգրկվել եմ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հանձնաժողովում եւ կարող եմ իմ գիտելիքներով օգտակար լինել մեր տնտեսությանը։ – Դուք ժամանակին խախտեցիք օրենքը՝ օգտագործելով Երեւանի կոնյակի գործարանի լոգոն։ Դա բավականին աղմուկ բարձրացրեց։ – Մենք իրենց լոգոն չենք վերցրել։ Եվ դա իրենց լոգոն չէ։ Այդ լոգոյով աշխատելու իրավունք ուներ ե՛ւ գինու գործարանը, ե՛ւ մենք։ Երեւանի կոնյակի գործարանը պարզապես պնդում էր, թե միայն ինքը կարող է օգտագործել։ Այդ խոսակցություններին վերջ տալու համար իմ անձնական դիզայնով մշակեցի մեր սեփական լոգոն։ Արդեն 4 տարի մենք աշխատում ենք մեր սեփական լոգոյով։ Այն լավ համբավ ունի եւ մարդիկ աշխարհի տարբեր երկրների խանութներում փնտրում են «Գրեյթ Վելլիի» խմիչքը։ Այնտեղ, որտեղ գործում է «Բակարտի Մարտինի» ընկերությունը (խանութներ, ռեստորաններ), անպայման կա մեր «Ցար Տիգրան» կոնյակը։ – Այդ կոնյակը ձեր անունո՞վ է կոչվում։ – Չէ, Տիգրան Մեծի անունով է, բայց մենք կոչել ենք «Ցար Տիգրան», որ ավելի հասկանալի լինի ռուսական մենթալիտետին, քանի որ մեր ամենամեծ շուկան Ռուսաստանն է։ – Դուք խաղո՞ղ եք մթերում, ինչքա՞ն։ – Ինչքան էլ մթերենք, «Պեռնո Ռիկարից» շատ է լինում։ Մի տարի միայն քիչ ստացվեց, որովհետեւ դատական պրոցեսների մեջ էինք։ Հիմա ամեն ինչ նորմալ է եւ ամենաշատ խաղողը մենք ենք մթերում։ – Ձեր «տանիքի», հովանավորի մասին բավական թափանցիկ ակնարկներ են արվում։ Կասե՞ք, թե ով է իրականում «Գրեյթ Վելլիի» «տանիքը»։ – Տանիքը ի՞նչ է, ես էդ բառը չեմ հասկանում։ – «Կրիշան»։ – Մեզ ոչ մեկը չի օգնում։ Ես բոլորին խնդրել եմ՝ մեզ ոչ օգնեն, ոչ խանգարեն։ Ով ուզում է լինի։ – Այսինքն՝ դո՞ւք եք ձեր «տանիքը»։ – Այո, ինձ ոչ մեկի օգուտը պետք չի։ Փոքր ժամանակվանից եղել եմ «սամաստայատելնի» (ինքնուրույն- Մ. Ե.), Ռուսաստանում էլ եմ իմ ուժերով կայացել եւ ոչ ոք ինձ կրիշա չի եղել։ Ամբողջ կյանքում սպորտսմեն եմ եղել, բոքս եմ պարապել։ Ամեն ինչին հասել եմ ինքնուրույն՝ ե՛ւ սպորտում, ե՛ւ բիզնեսում։ Ոչ ոք ինձ չի կարող ասել՝ ես քեզ կօգնեմ, դրա համար դու ինձ էսքան բան պիտի տաս։ Ես ամեն ինչ հասկանում եմ, եւ այդ խոսակցությունները հաճախ նախանձից են։ Այսօր նման խոշոր ալկոհոլային ընկերություն եթե երկուսը կա Հայաստանում, մեկը մենք ենք, երկրորդը չգիտեմ թե ով է։ Մենք նպատակ ունենք ավելի խոշորանալ։ Արդեն սեփականաշնորհել ենք 2000 հեկտարից ավելի տարածք եւ նպատակադրվել ենք ունենալ մեր սեփական խաղողը։ – Մրցակցությանը ինչպե՞ս եք դիմանում։ – Անկանոն բաներ մի քիչ շատ են կատարվում։ Օրինակ, մենք մի շշով ու ապրանքանիշով արտադրանք ենք տալիս, բոլորն ուզում են դա ընդօրինակեն, նմանեցնեն։ Սա հակասում է շուկայական օրենքներին եւ խանգարում է։ Արտոնագրային գրասենյակն էլ իր հերթին է սխալներ անում՝ միանման շշով ու ապրանքանիշով տարբեր ընկերությունների արտադրանքը գրանցելով։ Սա արդեն դատական խնդիրներ է առաջացնում, ծախսեր ու ժամանակ է խլում։ Այս ձեւով չի կարելի աշխատել։ Նման աշխատաձեւը խանգարում է բիզնեսի նորմալ զարգացմանը։ – Դուք, փաստորեն, ընտրել եք բիզնեսին զուգահեռ նաեւ քաղաքականությամբ զբաղվելու ճանապարհը։ Ի՞նչ կարծիքի եք խորհրդարանական քաղաքական ուժերի մասին։ – Գործիչների մասին ես հիմա ոչինչ չեմ ուզում ասել։ Բայց կասեմ, որ եթե օրենքը չաշխատեց՝ ոչ մի առաջընթաց չի լինի։ Ամենակարեւորը ոչ թե օրենքներ գրելն է, այլ այդ օրենքները կատարելը։ Օրենքը պետք է հարգեն ու կատարեն թե՛ բիզնեսմենները, թե՛ պաշտոնյաները, թե՛ քաղաքական գործիչները։ Օրենքը հարգելով՝ մեր երկիրն ենք հարգում։ Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել