Լրահոս
Օրվա լրահոսը

Գ. ԴԱՎԹՅԱՆԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԸ

Նոյեմբեր 20,2003 00:00

Գ. ԴԱՎԹՅԱՆԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԸ Վանկուվերում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը եւս մեդալ ունեցավ։ Այն մեր հավաքականի համար նվաճեց 77 կգ քաշային Գեւորգ Դավթյանը։ 23-ամյա մարզիկը պոկում վարժությունում առաջին մոտեցումում բարձրացրեց 160 կգ ծանրաձողը, սակայն 165կգ-ի վրա երկու անգամ ձախողվեց։ Այդուհանդերձ, Գեւորգը արժանացավ փոքր բրոնզե մեդալի։ Երկրորդ մրցաձեւում Գ. Դավթյանն իր մոտեցումներն սկսեց 190 կգ-ից։ Այնուհետեւ իր կամքին հնազանդեցրեց նաեւ 195 կիլոգրամը։ Սակայն դրանից հետո 197,5 կգ-ն նրան չենթարկվեց։ Սա Գեւորգին բերեց նաեւ փոքր «արծաթ»։ Երկամարտում շնորհալի ծանրորդը 355 կգ ընդհանուր արդյունքով բարձրացավ աշխարհի առաջնության պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին։ Իսկ չեմպիոն դարձավ իրանցի Մոհամմադ Նեջադը (357,5 կգ)։ Եթե Գեւորգը եւս մեկ հաջող մոտեցում ունենար պոկումում կամ հրումում, ապա նա վստահորեն կնվաճեր աշխարհի չեմպիոնի կոչումը։ Ափսոս, այս քաշային կարգում սպասելիքները չարդարացրեց, ավելի ճիշտ՝ տապալեց, Սիդնեյի օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր Արսեն Մելիքյանը։ Մրցելույթը սկսելով 162,5 կգ-ից՝ նա այդպես էլ չկարողացավ բարձրացնել իր իսկ պատվիրած 162,5 կգ ծանրաձողը եւ զրո միավոր ստացավ պոկում վարժությունում։ Այս անսպասելի անհաջողությունը խառնեց ընդհանուր թիմի բոլոր ծրագրերը եւ, անշուշտ, դրա հետեւանքները կերեւան աշխարհի առաջնության ավարտից հետո, երբ կամփոփվեն թիմային պայքարի արդյունքները եւ ըստ այդմ կբաշխվեն ուղեգրերը։ Առաջին մրցաձեւում տապալվելուց հետո Արսենը մասնակցեց հրումի մրցապայքարին։ Նա առաջին մոտեցումով հաջող անցավ 190 կգ-ի արգելքը, սակայն 197,5 կգ-ն նույնպես ուժերից վեր ծանրություն դուրս եկավ։ Եվ դատելով առաջնության պաշտոնական սայթում հրապարակված արդյունքների ցուցակից՝ Արսենը երրորդ մոտեցում չի կատարել։ Հավանաբար, վնասվածք ստանալու պատճառով։ Կանանց պայքարում 63 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի 202,5 (90+112,5) կիլոգրամ արդյունքով հանգրվանեց 20-րդ հորիզոնականում։ Երեկ սկսված մինչեւ 85 կգ քաշային տղամարդկանց մրցաշարում մեր երկրից պայքարի մեջ պետք է ներգրավվեին «B» խմբում ընդգրկված Տիգրան Քամալյանն ու Գեւորգ Ալեքսանյանը։ Տեղեկացնենք նաեւ, որ այս քաշային կարգում մրցահարթակ մտնելու համար հայտագրված էր նաեւ Ավստրալիայի դրոշի ներքո հանդես եկող հայաստանցի ծանրորդ Սերգո Չախոյանը («A» խումբ)։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել