Լրահոս
Օրվա լրահոսը

Մասիսում եկեղեցի է կառուցվում

Նոյեմբեր 20,2003 00:00

Մասիսում եկեղեցի է կառուցվում «Առավոտն» արդեն տեղեկացրել է Մասիսում կառուցվող եկեղեցու մասին, որն իր չափերով կզիջի միայն Սուրբ Գրիգոր Լուսավորչին։ Նոյեմբերի սկզբին կատարվել է եկեղեցու հիմնարկեքը։ Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ Արթուր եւ Անահիտ Թարխանյանները։ Կառույցը կունենա 33 մետր բարձրություն, 8 հիմնական սյուն, կլինի եռաստիճան միագմբեթ եկեղեցի։ Ծրագիր կա եկեղեցին կոչել քրիստոնեությունը Հայաստանում քարոզած Թադեոս առաքյալի անունով։ Մասիսի տարածաշրջանի թիվ 21 ընտրատարածքի պատգամավոր, «Ինթերնեյշնլ Մասիս Տոբակո» հայ-հունական ՀՁ նախագահ Սամվել Սահակյանը տեղեկացրեց, որ եկեղեցի կառուցելու գաղափարը ծնվել է քարոզարշավի ժամանակ։ Իսկ ընդհանրապես, Մասիսը եկեղեցի չի ունեցել, քանի որ ժամանակին բնակեցված է եղել ադրբեջանցիներով։ «Այսօր, երբ աղանդները ահավոր ավերածություններ են գործում, եկեղեցի ունենալու պահանջը ավելի է մեծանում։ Մասիսում եւս շատացել են աղանդավորները։ Այստեղ բնակվում են փախստականներ եւ Հայաստանի ծայրամասերից վերաբնակեցվածներ, որոնց համար կարեւոր է ապագայի նկատմամբ հավատը չկորցնելը»,- կարծում է ԱԺ պատգամավորը։ Մասիսի եկեղեցին կառուցվում է «Վարդանյանների ընտանիք» հիմնադրամի միջոցներով։ Մոտավոր հաշվարկներով կծախսվի շուրջ 1 մլն դոլար։ Ըստ Ս. Սահակյանի, շինարարությունը կտեւի երկու տարի եւ այդ ընթացքում շուրջ 50 մարդ (մասիսցիներ) ապահովված կլինեն աշխատանքով։ «Մասիսում շատ լավ արհեստավորներ, շինարարներ կան, որոնք մինչեւ վերջերս Ռուսաստանում էին աշխատում, սակայն իմանալով եկեղեցու կառուցման մասին, իրենց բրիգադով վերադարձել են տուն»,- տեղեկացրեց Ս. Սահակյանը։ Ի դեպ, եկեղեցին նախագծված է եղել դեռեւս 1989-ից եւ հիմքի մի հատվածը կառուցված էր դեռ այդ տարիներից։ «Իսկ ինչո՞վ են պայմանավորված եկեղեցու մեծ չափերը» հարցին ԱԺ պատգամավորը պատասխանեց. «Մենք եւս սկզբում մտածում էինք, որ ճիշտ կլիներ ծախսվելիք հսկայական միջոցները ուղղել ոչ թե եկեղեցաշինությանը, այլ աշխատատեղեր ստեղծելուն։ Հետագայում համոզվեցինք, որ եկեղեցին Մասիսին անհրաժեշտ է, քանի որ այստեղ նախկինում միայն մզկիթներ են եղել։ Բացի այդ, կառույցի հիմքը արդեն օծել էր այն ժամանակվա Արարատյան թեմի առաջնորդ եւ ներկայիս կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Եվ իմաստ չուներ եկեղեցու մասշտաբները փոքրացնելը»։ Մասիսցիները անհամբերությամբ են սպասում եկեղեցու շինարարության ավարտին։ Ըստ Ս. Սահակյանի, մեծ է ոգեւորությունը հատկապես մեծահասակների շրջանում, որոնք ավելի հակված են ազգայինը, ավանդականը եւ հայեցին պահպանելուն։ ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել