Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ ԿՏԱ $12 ՀԱԶԱՐ

Նոյեմբեր 20,2003 00:00

Ո՞Վ ԿՏԱ $12 ՀԱԶԱՐ Որ Լուսինեն գնա Շանհայ Դեկտեմբերի 6-ին Շանհայում կկայանա «Միսս աշխարհ-2003» մրցույթը, որին պետք է մասնակցի նաեւ Հայաստանի ներկայացուցիչը՝ «Միսս Հայաստան-2003»-ի հաղթող Լուսինե Թովմասյանը։ Ինչպես արդեն գրվել է մամուլում, Լուսինեն մտավախություն ունի, որ իր մասնակցությունը կարող է ձախողվել, քանի որ «Միսս Հայաստան» գործակալությունը (նախագահ՝ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի փոխնախարար Կարեն Արիստակեսյան) չի կարողանում հայթայթել անհրաժեշտ 12 հազար դոլարը։ Գեղեցկուհուց տեղեկացանք, որ պահանջվող 12 հազար դոլարի մեջ մտնում է 5000 ֆունտ-ստեռլինգ կազմող անդամավճարը եւ ճանապարհածախսը։ «Ես նախապատրաստվել էի «Միսս աշխարհին», տրամադրությունս շատ բարձր էր, ամեն ինչ պատրաստ էր՝ ե՛ւ վիզան էր խփված անձնագրումս, ե՛ւ ճամպրուկս էր հավաքած, բայց այդպես էլ ոչ մի հովանավոր չգտնվեց։ Ճիշտն ասած, ես չեմ խառնվել այդ ամենին, բայց ինձ հավաստիացրել են, որ գումար տալու համար շատ-շատերին դիմել են ու մերժվել»,- ասաց Լ. Թովմասյանը։ Հետաքրքրվեցինք՝ Լուսինեն ինքն անձամբ հովանավորներ փնտրե՞լ է։ «Ես էլ եմ այդ ուղղությամբ աշխատել, բայց՝ ապարդյուն։ Մյուս կողմից էլ, ես չէ, որ պիտի հովանավոր գտնեմ»։ Տեղեկացանք նաեւ, որ «Միսս Հայաստան-2003»-ին երկրորդ տեղը զբաղեցրած Անուշ Գրիգորյանի մասնակցությունը «Միսս Եվրոպա-2003»-ին ապահովվել է այն պատճառով, որ այստեղ անդամավճարն ընդամենը 400 դոլար է եղել։ Առայժմ Լուսինե Թովմասյանը չի ուզում հաշտվել իր պլանների հնարավոր տապալման հետ, բայց, միեւնույն ժամանակ, ցավով փաստում է, որ ամեն ինչ (հետաքրքիր առաջարկներ, համագործակցության պայմանագրեր, փայլուն հեռանկար եւ այլն) կախված է «Միսս աշխարհ-2003» մրցույթին մասնակցելուց։ Ճիշտ է, Հայաստանում կան համագործակցության առաջարկներ, սակայն Լուսինեն դրանց լուրջ չի վերաբերում։ Մինչ այս տարվա ամենագեղեցիկ հայուհի ճանաչվելը, աշխատել է Տոկիոյի հեղինակավոր IMG ֆիրմայում՝ իբրեւ մոդել։ «Առավոտը» հետաքրքրվեց նաեւ, թե ինչ մրցանակ է ստացել Լուսինեն «Միսս Հայաստանում» հաղթելու համար։ «Ընդամենը հեռուստացույց եւ մի ոսկե շղթա, որովհետեւ մրցույթը չուներ հովանավորներ։ Մեր գլխավոր եւ միակ հովանավորը ԱԺ պատգամավոր եւ գործարար Հարություն Փամբուկյանն էր»,- հիշեց աղջիկը։ Նկատենք, սակայն, որ մրցույթից առաջ տրված մամլո ասուլիսում մշակույթի փոխնախարար Կ. Արիստակեսյանը համառորեն հերքում էր Հ. Փամբուկյանի՝ «Միսս Հայաստանի» հովանավորը լինելու հանգամանքը։ Ներկայումս 17-ամյա Լուսինեն սովորում է «Ինտերլինգվա» համալսարանում, որտեղ ուսանում է նաեւ քույրը՝ «Միսս Հայաստան-2001» մրցույթի հաղթող Իրինա Թովմասյանը։ Աղջկա հավաստմամբ, դասախոսներն ու ուսանողները նորմալ են վերաբերվում իրենց «արտասովոր» կարգավիճակին, ավելին, մրցույթից հետո բուհում հատուկ շնորհավորել ու հուշանվեր են հանձնել իրեն։ Լուսինեն հավաստիացնում է, որ պարտաճանաչ ուսանողուհի է եւ դասերին անպատրաստ է ներկայացել ընդամենը 2 շաբաթ, այն էլ՝ «Միսս աշխարհին» նախապատրաստվելու պատճառով։ Ընդհանրապես, իրեն սովորական հայ աղջիկ է համարում, մարդու մեջ գնահատում է բարությունը, ազնվությունը։ Գտնում է, որ փոքր-ինչ դյուրահավատ է։ Ափսոսում է, որ հայ աղջիկներին պակասում են համարձակությունն ու վստահությունը սեփական ուժերի հանդեպ։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել