Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՏԱՁԳՎԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 20,2003 00:00

ՀԵՏԱՁԳՎԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ Քենեդիի սպանության «անջատված մասը» կբացվի 2038 թվականին 40 տարի առաջ՝ 1963 թ. նոյեմբերի 22-ին Դալասում սպանվեց ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդին: Հանցագործություն, որը, ամերիկացիներից շատերի կարծիքով, չի բացահայտվել ոչ միայն «անջատված մասով» (դրդիչներ, կազմակերպիչներ եւ այլն), այլեւ բուն կատարողների առումով: Ամերիկյան Գագիկ Ջհանգիրյանը, որի անունը Էրլ Ուոռեն էր (նա զբաղեցնում էր ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահի աթոռը), պաշտոնապես հայտարարեց, որ Ջոն Քենեդիի վրա կրակել էր Լի Հարվի Օսվալդը, որը, հայաստանյան ձեւակերպումներն օգտագործելով, միայնակ ռոմանտիկ էր, ֆանատիկ եւ «աբիժնիկ»: Մինչդեռ դրանից հետո բազմաթիվ այլ աղբյուրներ վկայում էին, որ կրակել է առնվազն 2 հոգի եւ կրակոցներն առնվազն 5172ն էին: Էլ չասած, որ շատ քիչ հավանական է, թե քաղաքական սպանությունը կատարել է «միայնակ ֆանատիկ», ինչպես պաշտոնապես էր հրամցվում, եւ Օսվալդը ոչ մի կազմակերպիչ կամ դրդիչ չի ունեցել: Ուոռենի հանձնաժողովը նշանակվել էր ԱՄՆ 36-րդ նախագահ Լինդոն Ջոնսոնի կողմից եւ աշխատել էր մոտ 10 ամիս: Արդեն այն ժամանակ էին մասնագետները հայտարարում, որ հանձնաժողովն անտեսում է այն փաստերը, որոնք չեն տեղավորվում պաշտոնական վարկածի մեջ: Հանձնաժողովի եզրակացության 888 էջը, ինչպես նաեւ նախաքննության 26 հատորը ամերիկյան հասարակայնությանը չբավարարեցին: Դրանից հետո բազմաթիվ մասնավոր եւ պետական ատյաններ (այդ թվում ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը) փորձել են հետաքննել այդ գործը, որին հետագայում ավելացել են Ջոն Քենեդիի եղբոր՝ սենատոր Ռոբերտ Քենեդիի, ինչպես նաեւ իրավապաշտպան Մարտին Լյութեր Քինգի սպանությունները: Հիմնական եզրակացությունն այն է, որ այդ 3 սպանություններն իրար հետ կապ ունեն եւ դրանց կազմակերպմանը մասնակցել են Կենտրոնական հետախուզական վարչությունը (CIA) ու նրա վերահսկողության տակ գտնվող կազմակերպված հանցագործ խմբավորումները: Վերջերս հանրությանը մատչելի դարձավ մի տեսագրություն, որում ցմահ բանտարկության մեջ գտնվող քիլլերը հայտարարում է, թե ինքն է կրակել Ջոն Քենեդիի վրա եւ դա արել է հենց CIA-ի պատվերով: Հատկանշական է նաեւ, որ այս 40 տարվա ընթացքում սպանվել կամ առեղծվածային հանգամանքներում մահացել են տասնյակ մարդիկ, որոնք այս կամ այն ձեւով կարող էին առնչություն ունենալ Քենեդիի սպանության հետ: Բայց ամենահետաքրքիր հանգամանքն այստեղ հետեւյալն է. այս տարիներին եւ հատկապես Քլինթոնի վարչակարգի օրոք այդ գործի հետ կապված հսկայածավալ արխիվային նյութերը դարձել են «փակ», գաղտնի: Այդ նյութերին ծանոթանալու համար անհրաժեշտ կլինեն տասնյակ տարիներ: Բայց դա հնարավոր կդառնա միայն 2038 թվականին՝ դա է գաղտնազերծման ժամկետը: Ինչո՞ւ հենց 2038: Հավանաբար, հաշվարկը հետեւյալն է. մարդու կյանքի միջին տեւողությունը ԱՄՆ-ում 75 տարի է: Նրանք, ովքեր ծնվել են Քենեդիի սպանության օրը, 2038 թվականին կդառնան 75 տարեկան: Այսինքն՝ հանցագործության նյութերը կգաղտնազերծվեն այն ժամանակ, երբ այլեւս կենդանի չեն լինի իրադարձությունների մասնակիցների թոռները: Թե որքանով է ամերիկյան կառավարության այդ քայլը ճիշտ կամ սխալ՝ դժվար է ասել: Բայց մի յուրօրինակ «անկեղծություն» կա նման մոտեցման մեջ. կառավարությունն ասում է իր քաղաքացիներին. ճշմարտությունը կարելի է պեղել, բայց պետական շահերը պահանջում են, որ որոշ ժամանակ դուք այդ ճշմարտությունը չիմանաք: Միտումնավոր խուսափում ենք «Հոկտեմբերի 27-ի» հետ ակնհայտ թվացող զուգահեռներից: Խոսքն այնուամենայնիվ տարբեր երկրների, տարբեր համակարգերի մասին է: Եվ ամենակարեւոր տարբերությունն այն է, որ 1963 թվականին ամերիկյան պետությունը մոտ 200 տարեկան էր, իսկ 1999-ին լրացել էր մեր պետության 8 տարին: Չնայած դրան, Հայաստանում էլ մոտեցումը պետք է լինի պետական: Այն է. ընդունել, որ այսօր քաղաքական կոնյունկտուրան պահանջում է ինչ-որ բան կոծկել, ինչ-որ բան նենգափոխել, հանցագործությունը գցել ներկայիս նախագահի վրա կամ հակառակը՝ նրան կրծքով պաշտպանել ցանկացած մեղադրանքներից: Բայց մեծ հաշվով պետության համար պետք է գալու մերկ, այսօրվա իշխանության-ընդդիմության հետ կապ չունեցող ճշմարտություն: Եթե ոչ այսօր, ապա վաղը: Իսկ ճշմարտությունը պետք է միայն մի բանի համար. որ նման սպանություններ այլեւս չկրկնվեն: … Քենեդիի սպանության հետ կապված ամերիկացիները հիշում են իրենց 16-րդ (ի դեպ, նույնպես սպանված) նախագահ Ավրահամ Լինքոլնի խոսքերը. «Կարելի է անընդհատ խաբել մի քանի հոգու, կարելի է որոշ ժամանակ խաբել բոլորին, բայց անընդհատ մոլորեցնել բոլոր մարդկանց՝ անհնար է»: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել