Ավելի վատ հնարավոր չէ Շիրակի մարզում անվտանգ երթեւեկության նորմերը ընդհանրապես չեն պահպանվում. այստեղ տրանսպորտը շատ վատ է աշխատում: Օրինակ՝ Գյումրիի քարուքանդ փողոցներում միկրոավտոբուսներն ամեն վայրկյան շուռ գալու վտանգի տակ են, ուղեւորներն էլ՝ խեղդամահ լինելու: Հատկապես 20, 22, 12 համարներում ուղեւորները, իրենց իսկ բնութագրմամբ, երթեւեկում են «կամ շախմատի ձի դարձած՝ ուրիշների շալակը թռած, կամ էլ մի կերպ խցկված, միմյանց գիրկ նստած»: 12-13 տեղանոց երթուղայինները մոտ 20-25 հոգի են փոխադրում՝ քայլ քայլի թարմացնելով վերջիններիս թիվը: Իսկ պատասխանատուները ոչ միայն աչքերը փակում են, այլ փաստը ոչ մի կերպ չեն ընդունում: Քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Վարդան Հարությունյանը մեղքը բնակիչների վրա է գցում եւ ամեն ինչ իդեալական է ներկայացնում: Ըստ նրա, մայրաքաղաքի տրանսպորտն անգամ իր տեխնիկական որակով, սպասարկման ձեւով Գյումրվա տրանսպորտին զիջում է: Ի լրումն, Գյումրվա ավտոբուսներում հատուկ հաստիքներ են գործում. օրինակ՝ գողեր։ 40 համարի ավտոբուսի գողերին գրեթե բոլորը ճանաչում են: Այդ երթուղու սպասարկման մյուս առանձնահատկությունն այն է, որ երեկոյան վեցից հետո ընդհանրապես չեն աշխատում՝ պատճառաբանելով «ավտոբուսային ուղեւորներ» չունենալը: Շիրակի մարզում դժգոհողների թիվը միայն գյումրեցիներով չի սահմանափակվում: Գյուղացիներն էլ իրենց հերթին գծի «մոնոպոլիստի» կամքին ենթարկվելուց են դժգոհում, չնայած մարզպետարանում, ի տարբերություն քաղաքապետարանի, երթուղին մրցույթով է տրամադրվում՝ 3 տարի ժամկետով, ընդ որում՝ կազմակերպությունների, ոչ անհատների: Հացիկ գյուղի ուսանողների պնդմամբ՝ իրենց միկրոավտոբուսի վարորդ Զարգարյան Մաթեոսը ուղեւորներին սպասարկում է ըստ իր հարմարության, հատկապես երեկոյան ժամը 6-ին, կախված՝ տրամադրությունից, երբեմն աշխատում է, երբեմն՝ ոչ: Հարեւան Կարմրաքար գյուղ էլ իրեն նեղություն չի տալիս մտնելու, այստեղ բնակիչների թիվը քիչ է՝ 15-20 ընտանիք: Չնայած «Թամարա- Թերեզա» ՓԲԸ-ն պայմանագրի համաձայն պարտավորվում էր սպասարկել Գյումրի- Հացիկ- Կարմրաքար երթուղին եւս: Ի դեպ, Կարմրաքարը դպրոց չունի, եւ երեխաները ստիպված են մոտ մեկ ժամվա ճանապարհ ոտքով հաղթահարել հարեւան գյուղ՝ Հացիկ հասնելու համար: Գյուղացիների ասելով՝ ճանապարհները լիքն են գայլերով: Իսկ մարզպետարանի տրանսպորտի բաժինն այս ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում. բաժնի պետ Մարզպետունի Մարգարյանի պատճառաբանությամբ՝ մրցույթը շահած կազմակերպություններն ամեն վայրկյան կարող են հրաժարվել։ Այդպիսի մի դեպք եղել է Գյումրի-Անի Պեմզա գծում. հիմա այստեղ տրանսպորտ ընդհանրապես չի գնում: Ճանապարհներն էլ ճանապարհի չեն նմանվում: Պետական բյուջեից 2003թ. միջհամայնքային ճանապարհաշինության համար գումար ընդհանրապես չի տրամադրվել: Պետք է ենթադրել, Գյումրիի գծատերերը մրցակցում են Երեւանի իրենց գործընկերների հետ, թե ով ավելի շատ հնարավորություն ունի վատ սպասարկելու ուղեւորներին։ ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ