ՔԻ՞Չ ՀԻՎԱՆԴ «ՏՎԵՑԻՔ»՝ ՇԱՏ ՓՈՂ ԿՍՏԱՆԱՔ Բժիշկների վրա «պլան են դնելու» Վերջին տարիներին առողջապահության համակարգում կատարվող փոփոխությունները՝ մասնավորեցում լինի, թե օպտիմալացում, որակավորվում են իբրեւ շրջադարձային: Բայց երբ սկսում ես մի բան «շրջադարձել», կանգնելն այլեւս անհնար է լինում: Համենայն դեպս ՀՀ կառավարության հաստատած Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) առողջապահության բաժինը արձանագրում է. «Ծրագիրը նպատակ ունի շրջադարձ կատարել համակարգի զարգացման վերջին տարիներին նկատված անբարենպաստ միտումներից»: Բնականաբար հարց է առաջանում՝ արդյոք այդ «արմատական» միջոցառումների շարքում կարո՞ղ են լինել հիվանդանոցային համակարգում պետ- պատվերի տեղադրման փոփոխությունները: «Առավոտի» այդ հարցին ի պատասխան, ՀՀ առողջապահության փոխնախարար, ԱՀՌԾ- մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ Թաթուլ Հակոբյանը հենց դա ամենառադիկալ մոտեցումը համարեց՝ հատկապես հիվանդանոցներում: Պետությունը պետք է սահմանափակի իր պատվերը (հետեւաբար, անվճար բուժսպասարկումը) այն վայրերում, որտեղ կա պետպատվեր իրականացնող ստացիոնարների մեծ կուտակում: Փոխնախարարը խոստովանում է, որ նախատեսվող այս ռադիկալ քայլը կարող է դժգոհություն առաջացնել որոշ բուժհաստատությունների ղեկավարների շրջանում։ Մեր տեղեկություններով, արդեն առաջացրել է, սակայն դժգոհողները առայժմ գերադասում են դրանք բարձրաձայն չարտահայտել՝ հուսալով, որ չեն հայտնվի պետպատվերից զրկվածների «սեւ ցուցակում»: Պաշտոնյան պարզաբանում է. «Մենք ստիպված ենք գնում դրան. չենք կարող պետական միջոցները բաժանել բոլորին, ընդ որում՝ ինչ-որ մի մասը բոլորին տալով»: Իսկ ի՞նչ կարող է լինել այն դեպքում, երբ մարդու կյանքին վտանգ է սպառնում եւ պետպատվեր ունեցող հիվանդանոց հասցնելը կարող է ճակատագրական լինել: Թ. Հակոբյանը հավաստիացնում է, որ նման դեպքում եթե առավել մոտ գտնվող բուժհիմնարկում կարող են մարդու կյանքը փրկել, պետությունը անպայման կվճարի: «Ռադիկալ» կարող են համարվել տեղամասային, ընտանեկան բժիշկների պայմանագրային հստակ պայմանները: Պրն Հակոբյանը հայտնեց, որ ըստ մարդաշնչի ֆինանսավորման դեպքում բժիշկները պետք է ապահովեն որոշակի ցուցանիշներ: Ասենք, հիվանդացության, մահացության ցուցանիշների նվազում կամ հոսպիտալացման դեպքերի որոշակի նվազում: «Բուժաշխատողները պետք է հասկանան, թե այդ գումարը ինչու ենք տալիս. որ իրենք ապահովեն այս կամ այն միջոցառումը, որը պետք է բերի հոսպիտալացման դեպքերի որոշակի նվազման: Ցուցանիշ է՝ ապահովել ե՞ք, թե՞ ոչ»,- հարցնում է փոխնախարարը: Սակայն թվում է, որ այս «ռադիկալ» միջոցառումից խորհրդային «պլանի» հոտ է գալիս՝ դրանից բխող աչքակապոցով եւ հավելագրումներով: Նույնքան «ռադիկալ է» պոլիկլինիկաներում եւ բուժկետերում հիվանդի կողմից բժշկի ազատ ընտրության իրավունքը: Այժմ դա փորձարարական կարգով արվում է Էրեբունի համայնքի մի շարք պոլիկլինիկաներում: Ի դեպ, այս հարցում էլ բուժաշխատողների կողմից դիմակայություն կարող է լինել: ԱՀՌԾ-ում ամենակարեւոր տեղը համայնքային առողջապահությանն է, գտնում է Թ. Հակոբյանը: Ամեն տարի նախատեսվում են միջոցներ՝ բժշկական սարքավորումներ եւ գործիքներ գնելու գյուղական վայրերի համար: Այս տարի գնվել է 500 մլն դրամի: Փոխնախարարը հավաստիացնում է, որ շարունակվելու են եւ այդ, եւ բուժհիմնարկների վերանորոգման, վերականգնման, բուժաշխատողների համար կրթական ծրագրերը: Հատկապես համայնքային առողջապահության հարցում պետական պաշտոնյան խոստովանում է հասարակական կազմակերպությունների դերը: «Օրինակ, Օքսֆամը հետաքրքիր աշխատանքներ է կատարում: Բոլոր ծրագրերում՝ խմելու ջրի, դեղերի շրջանառու ֆոնդ, կա համայնքին համախմբելու գաղափարը»: Մեր դիտարկմանը, թե այդ ծրագրերը կարող են իբրեւ մոդել ծառայել պետության առողջապահական քաղաքականության, հատկապես առաջիկայում բժշկական ապահովագրության համար, պրն Հակոբյանը համաձայնեց. «Կօգտագործվեն այն մոդելները, որոնք հետաքրքիր են եւ նեղ մասշտաբով փորձարկվելուց հետո կարող են ավելի լայն շրջանակով կիրառվել»: ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ