Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԳՐԱՆՑԵՑԻՆ ՋՈՐՋԻ ՀՆՉԱԿՆԵՐԻՆ

Նոյեմբեր 20,2003 00:00

ՉԳՐԱՆՑԵՑԻՆ ՋՈՐՋԻ ՀՆՉԱԿՆԵՐԻՆ Երեկ ՀՀ արդարադատության նախարարությունը նամակ է ուղարկել Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցություն (Ջորջ Հակոբյանի ղեկավարած ընդդիմադիր դաշտում գտնվող)՝ ավետելով, որ կուսակցության վերագրանցումը մերժվում է։ Պատճառը վերագրանցման ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն է գործող օրենքին։ ՍԴՀԿ առաջնորդը դա «կամայականություն» է համարում եւ գտնում է, որ՝ «սրանով իշխանությունները մեծ վնաս են հասցնում Հայրենիք-Սփյուռք կապերին»։ Իսկ վերագրանցման գործընթացը պրն Հակոբյանը «մտրակ է» համարում գործող ռեժիմի ձեռքին։ «Սա վրեժ լուծելու օրենք է, ովքեր իրենց չեն սատարել՝ էդպես են վարվում։ Մենք դեռ առաջինն ենք»,- ասաց Ջ. Հակոբյանը։ Նրան վրդովվեցնում է ՀՍԴՀԿ-ի (Էռնեստ Սողոմոնյանի իշխանամետ հնչակյանների) գրանցումը՝ «Սողոմոնյանի կոոպերատիվ կուսակցությունը, որին սփյուռքը չի ճանաչում՝ վերագրանցվում է, իսկ 116 տարվա կուսակցության հետ այսպես են վարվում»։ Արդարադատության նախարարության մամուլի գծով պատասխանատու Արա Սաղաթելյանը հաստատեց, որ ՍԴՀԿ նախագահը ստացել է կուսակցության գրանցման հետ կապված մերժումը՝ «Նա դա կարող է բողոքարկել դատական կարգով»։ Պրն Սաղաթելյանը պարզաբանեց, որ մերժմանը կից ներկայացված 4 էջանոց հիմնավորումներում՝ «9 հիմնական եւ 5 հավելյալ կետերում կան իրարամերժ եւ ոչ հստակ ձեւակերպումներ»։ Ա. Սաղաթելյանից տեղեկացանք նաեւ, որ երեկ եւս մեկ կուսակցություն՝ «Ազգային համաձայնություն» (նախկին ԱԻՄ-ական Արամ Հարությունյանի գլխավորությամբ) համալրել է, այսպես կոչված, պատշաճների ցուցակը։ Միակ չվերագրանցվածն, առայժմ, ՍԴՀԿ-ն է։ Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել