Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԿԵՍԸ ԿՐՃԱՏՎԵԼՈ՞Ւ ԵՆ

Նոյեմբեր 20,2003 00:00

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԿԵՍԸ ԿՐՃԱՏՎԵԼՈ՞Ւ ԵՆ ՀՅԴ-ն երեկ չիրականացրեց այն առաջարկը, որ նախորդ օրը հայտարարությունների ժամին արել էր «Ազգային միաբանություն» խմբակցության անդամ Հմայակ Հովհաննիսյանը: Նա պարզաբանման կարոտ էր համարում կրթության եւ գիտության նախկին նախարար, ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի հայտարարությունը «օպտիմալացում» անվանվող՝ «ՀՀ-ում կրթական համակարգի համալիր բարեփոխումների ծրագրի» առնչությամբ. «ՀԲ-ի հետ պայմանավորվածություն ունեի վերջնական փաստաթղթի ստորագրումը թողնել ընտրություններից հետո»: Հմայակ Հովհաննիսյանն առաջարկում էր հարցուպատասխանի ժամանակ ի վերջո պարզել՝ ո՞ւմ մեղքով է այդ ծրագիրը փաթաթվել հանրության վզին։ Հիշեցնենք, որ Սերգո Երիցյանը եւ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը հայտարարել էին, թե այդ ծրագիրն ընդունվել է 2002-ի դեկտեմբերին՝ իրենք այն ժառանգություն են ստացել, եւ ստիպված են այսօր բացատրություն տալիս դրա համար: Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ այդ մասին հարց չուղղեցին Սերգո Երիցյանին: Մանավանդ որ՝ այս ընթացքում նաեւ ՀԲ հայաստանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանը բացահայտեց. «Մենք կրճատվող ուսուցիչների որեւէ թիվ ոչ տվել ենք եւ ոչ էլ պարտադրել ենք»: Լեւոն Մկրտչյանը պնդեց, թե մինչ այժմ էլ ստորագրված չէ որեւէ փաստաթուղթ. «Կարծեմ նախատեսվում է նախարարի այցը ԱՄՆ՝ այդ պայմանագիրը ստորագրելու համար: Բայց որեւէ խնդիր չեմ տեսնում այս իմաստով հարցապնդում անելու համար, քանի որ հստակ է ամեն ինչ: Կառավարությունը շուրջ 2 տարի ջանք է թափել բանակցելու եւ վարկային նման ծրագիր բերելու համար, որի մի մասն էլ օպտիմիզացիայի հատվածն է: Եվ պետք է ապահովվի շարունակականությունը: Չեմ հասկանում՝ եթե կան սկզբունքային տարբերություններ եւ տարաձայնություններ՝ պաշտոնյան արտահայտում է իր դիրքորոշումը: Իսկ եթե չկան տարաձայնություններ եւ ընդունում են, որ դա ճիշտ ծրագիր է՝ իրականացնում են»: Զրույցին ներկա էր նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որը նշեց. «Նախորդ շրջանում էլ են եղել ուսուցիչների տեղաշարժեր կամ կրճատումներ: Վերջին տարիներին՝ շուրջ 3 հազար: Բայց դա կատարվել է որոշակի քաղաքականություն վարելով: Իսկ եթե այսօր հայտարարում են, թե 25 հազար ուսուցիչ է կրճատվելու՝ ճիշտ կեսի մասին է խոսքը, քանի որ ունենք 60 հազար ուսուցիչ»: Նրա մյուս նկատառումները օպտիմալացման ծրագրի վերաբերյալ կներկայացնենք առանձին: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել