Նպատակը երկխոսության հաստատումն է Հայ-վրաց-ադրբեջանա-ռուս-թուրք-ամերիկյան համատեղ զորախո՞ւմբ Եվրոպայում ամերիկյան զորքերի փոխհրամանատար, գեներալ Չարլզ Վոլդի զինվորական փայլուն կարիերան, վստահաբար, առատ նյութ կարող է մատակարարել հոլիվուդյան ամենառազմամոլ եւ երեւակայության պակաս չունեցող ռեժիսորներին: Երկու տասնամյակի ընթացքում ԱՄՆ ռազմաօդային ուժերի համակարգում նա հասցրել է զբաղեցնել բոլոր հնարավոր ու անհնար պաշտոնները: Բավական է նշել միայն, որ Վոլդի մարտական «ակտիվում» գրանցված է 3200 թռիչքային ժամ, որոնցից 450-ը նա կուտակել է Վիետնամում, Կամբոջայում, Լաոսում, Իրաքում եւ Բոսնիայում կատարած մարտական թռիչքների ժամանակ: Եվ ահա, գեներալ Վոլդը, որը նաեւ քաղաքագիտության մագիստրոսի գիտական կոչում ունի, աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում: Երեկ «Երեւան» հյուրանոցում ամերիկացի գեներալը կարճատեւ բրիֆինգ տվեց հայ լրագրողներին, այդ ընթացքում հասցնելով մի քանի ուշագրավ արձանագրումներ անել: Այսպես: «Եվրոպայում տեղակայված ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատարության մի շարք ներկայացուցիչներ վերջին ամիսներին բազմիցս հայտարարել են եվրոպական զորախմբի առաջիկա վերակազմակերպման արդյունքում Ադրբեջանի տարածքում որոշակի զինկոնտինգենտի տեղաբաշխման հնարավորության մասին: Ըստ ձեզ, ինչպես՞ դա կանդրադառնա տարածաշրջանում ուժերի փոխդասավորության վրա, հաշվի առնելով այստեղ առկա հակամարտությունները», ի պատասխան «Առավոտի»-ի այս հարցին, գեներալ Վոլդը մի քանի կատեգորիկ հայտարարություն արեց: «Ես շատ եմ հարգում մամուլը, բայց պետք է ասեմ, որ այն հաճախ կեղծիքներ է տարածում»,- նշեց գեներալը, հավելելով. «ԱՄՆ-ը մտադիր չէ ռազմակայաններ տեղակայել Հարավային Կովկասի հանրապետություններից որեւէ մեկի տարածքում: Մեր նպատակը երկխոսության հաստատումն է միաժամանակ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Ռուսաստանի հետ, այլ ոչ թե ռազմակայանների կառուցումը: Աշխարհը փոփոխվում է, եւ այժմ բոլորիս ընդհանուր թշնամին միջազգային ահաբեկչությունն է»: Մեր կողմից նշենք, որ տվյալ դեպքում նման «կեղծիքների» հեղինակներ են դարձել այնպիսի լրատվական «հեղինակություններ», ինչպիսիք են, ասենք՝ «Ուոլ Սթրիթ Ջոռնլ»-ը, «Վաշինգթոն Փոստ»-ը եւ այլն, որոնք, ի դեպ, իրենց հրապարակումներում ուղղակիորեն մեջբերել են ՆԱՏՕ-ի եվրոպական հրամանատարության բարձրաստիճան ներկայացուցիչների խոսքը: Ինչեւէ, ոչ պակաս հետաքրքիր էր Վոլդի հաջորդ միտքը: Պատասխանելով հայ-ռուսական համատեղ զորախումբ ստեղծելու մտադրության հավանական հետեւանքներին վերաբերող հարցին, վերջինս նշեց. «Եթե ձեզ հետաքրքրում է իմ կարծիքը, ապա ես համարում եմ, որ նման զորախումբ պետք է ստեղծեն Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Թուրքիան, քանի որ ահաբեկիչները չեն հարգում այս երկրներից եւ ոչ մեկին»: Գեներալը համոզված է նաեւ, որ Հարավային Կովկասում ԱՄՆ-ն չի մրցակցում Ռուսաստանի հետ. «այսօրվա աշխարհում ես չեմ պատկերացնում ավելի արժեքավոր բան, քան ռուս-ամերիկյան ռազմավարական համագործակցությունը», ահա այսպիսի պաթետիկ խաղաղասիրական ոգով եզրափակեց իր ճեպազրույցը ամերիկացի գեներալը: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ