Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք չգիտեն, թե ինչ է նշանակում հայ

Նոյեմբեր 20,2003 00:00

Նրանք չգիտեն, թե ինչ է նշանակում հայ Պաշտպանության նախարարը պաշտպանում է Կիմ Բալայանի նշանակումը «Այսօր մեր բանակը մարտունակ է եւ պատրաստ է դիմակայել ցանկացած ոտնձգության։ Ուզում եմ նաեւ ավելացնել, որ այնքանով, որքանով մեր բանակը պատրաստ է մեր ժողովրդին պաշտպանել թշնամու ոտնձգությունից, նույնքան էլ փխրուն է ներքին ոտնձգությունների նկատմամբ»,- երեկ հայտարարեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ բոլորին խնդրեց օժանդակել մեր բանակի մարտունակությանը. «Խնդրում եմ բանակում եղած լուն ուղտ չդարձնեք, դրանով մեկ ուրիշի ջրաղացին եք ջուր լցնում եւ ոչ թե թերագնահատում եք պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի աշխատանքը»,- պատասխանելով «Արդարություն» խմբակցության քարտուղար Վ. Դալլաքյանի հարցին, երեկ ասաց Սերժ Սարգսյանը։ Վիկտոր Դալլաքյանի հարցը վերաբերում էր Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական պոտենցիալների հարաբերակցությանը եւ ռազմական քաղաքականության հիմնական դոկտրինին։ Նախարարը նկատեց, որ այդ աշխատանքները վաղուց են ընթացքի մեջ եւ որ վերջնական տեսքն արդեն տեսանելի է։ Պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի հարցին, Սերժ Սարգսյանը նշեց, որ Հայաստանի համար «կենսական» որակեց հետընտրական Վրաստանում կայունության հաստատումը։ «Հայաստանի Հանրապետության համար կայունությունը Վրաստանի տարածքում շատ էական է,- ասաց Սերժ Սարգսյանը։- Չափազանցություն չի լինի ասել, որ ունի կենսական նշանակություն»։ Իսկ «հակահայկական հիստերիան» (Սարգսյանի ձեւակերպումն է) անթույլատրելի է, բայց նախընտրական հնարքների շարքում է։ «Շատ ավելի նման է մեր իրականությանը, երբ որ այնտեղ ասում են հայերը, այստեղ ասում են ղարաբաղցիները,- զուգահեռեց Սերժ Սարգսյանը։- Հասկանում եք, նույն բանն է. ներողություն՝ նույն էշությունն է, նույն հիմարությունն է։ Այնպես որ, այդ բաներին հանգիստ է պետք նայել»։ Նախորդ օրը ԱԺ-ում շոշափված ղարաբաղցի-հայաստանցի փոխհարաբերություններին վերաբերող լրագրողի հարցին պատասխանելով, Սերժ Սարգսյանը նկատեց. «Այդպիսի հակամարտություն չկա, դա արհեստականորեն ստեղծում են որոշակի քաղաքական շրջանակներ եւ կարծում եմ, որ դա էլ է անցողիկ։ Ինչ վերաբերում է երեկ այստեղ հնչած փաստարկներին, ապա դրանք քամի տարածողներ են, դրանք մարդիկ են, որոնք ընդհանրապես ոչինչ չեն հասկանում հասարակական զարգացումներից, դրանք մարդիկ են, ովքեր չեն գիտակցում, թե ինչ է նշանակում հայ, իրենք իրենց արմատները չգիտեն։ Եվ եթե նրանց թվում է, քանի որ Քոչարյանը այսօր նախագահ է եւ Սարգսյանը՝ պաշտպանության նախարար, դա նշանակում է, որ որեւէ ղարաբաղցի որեւէ պաշտոն չպիտի ստանա, չարաչար սխալվում են։ Վերջին երեք-չորս ամիսների ընթացքում Հայաստանում նշանակվել են 50-ից ավելի բարձր պաշտոնյաներ։ Ի՞նչ է, 50-ի մեջ մեկը չի՞ կարող ղարաբաղցի լինել։ Էն էլ Կիմ Բալայանի նման մեկը, որ Հայաստանում է մեծացել։ Եվ Հայաստանում է ձեւավորվել նրա ե՛ւ քաղաքական, ե՛ւ գիտական միտքը»։ Պաշտպանության նախարարը նաեւ ավելացրեց. «Տարօրինակն այն է, որ այդ հարցով շատ գոռգոռում են մարդիկ, ովքեր ծնունդով ղարաբաղցիների շնորհիվ մտել են քաղաքական դաշտ, ստացել են տեղեր Ազգային ժողովում եւ այլ տեղերում, հիմա էլ փորձում են կծել այդ ձեռքը»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել