ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑ՝ ԼՌՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ Դեկտեմբերին ակտիվացում է սպասվում Դեկտեմբերի սկզբին Մինսկի խմբի համանախագահները կժամանեն տարածաշրջան։ Մինչ այս պահը ղարաբաղյան հակամարտության կարգավորումը սառեցված վիճակում է։ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները առայժմ չեն հանդիպել եւ հայտնի չէ՝ կհանդիպե՞ն արդյոք։ Օրերս (Ռումինիա կատարած պետական այցի ընթացքում) Ռ. Քոչարյանը հայտարարեց, որ ինքը դեռ չգիտի, թե բանակցային գործընթացի շարունակությունն ինչպիսին կլինի. «Չգիտեմ, Իլհամ Ալիեւը մտադի՞ր է շարունակել բանակցությունները ընդհատված կետից, թե՞ ցանկություն կհայտնի ամեն ինչ սկսել սկզբից»։ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, իր հերթին, շարունակում է առաջ տանել Հայաստանի նախագահական ընտրություններից հետո որդեգրած կուրսը, այն է՝ ԼՂՀ-ն պետք է անպայման ներգրավվի բանակցային գործընթացներում որպես իրավահավասար կողմ։ Դժվար է ասել, թե որքանով է դա մեր իշխանությունների սրտով, բայց կարելի է ենթադրել, որ ԼՂՀ նախագահը «դրսից» ստացել է նման հայտարարություններ անելու իրավասությունը։ Եվ հենց սրանով է պայմանավորված Ղարաբաղի՝ բանակցային կողմ դառնալու հարցի թարմացումը։ Հայաստանը շարունակ հայտարարում է՝ ցանկացած որոշում չի ընդունվի, եթե դրան համաձայն չէ Ղարաբաղը։ Հայաստանի հիմնական քաղաքական ուժերը շարունակում են մնալ իրենց տեսակետներին։ Նման դիրքորոշումն անցած 5 տարում խիստ քննադատության էր ենթարկվում հենց նույն իշխանությունների կողմից՝ իբր դրանով Ղարաբաղը մեն-մենակ է թողնվում Ադրբեջանի դեմ։ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց. «Ղարաբաղյան հարցի կարգավորման մասին մեր տեսակետները հայտնի են եւ շատ հստակ՝ Ղարաբաղը պետք է լինի բանակցային կողմ, Հայաստանի տարածքները սակարկության առարկա լինել չեն կարող»։ Մեղրու հնարավոր տարբերակի մասին խոսելիս պրն Դեմիրճյանը հիշեցրեց Կարեն Դեմիրճյանի զգուշացումը, որ կա նման տարբերակ, եւ որ ինքը դեմ է եղել։ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը Ղարաբաղի՝ բանակցային կողմ դառնալու ձգտումը բնականոն է համարում. «Ղարաբաղը պիտի լինի բանակցային կողմ, Հայաստանը պիտի լինի Ղարաբաղին օժանդակող կողմ։ Հայաստանը մեկ խնդիր ունի՝ թույլ չտալ, որ Ղարաբաղի հետ խոսեն ուժի դիրքերից»։ Արամ Սարգսյանի կարծիքով՝ Ղարաբաղի ակտիվացման գործում անմասն չէ Ռոբերտ Քոչարյանը. «Դա նաեւ ժամանակ ձգելու տարբերակներից մեկն է»։ Իսկ որ Մեղրու տարբերակը այսօր եւս օրակարգային է, պրն Սարգսյանը չի կասկածում. «Նախագահ Քոչարյանը ոչ միայն ընդունում է այդ տարբերակը, այլեւ, իմ կարծիքով, նույնիսկ սիրահարված է այդ տարբերակին։ Իմ վարչապետ եղած ժամանակ նա մեծ եռանդով էր բացատրում, թե այդ տարբերակի դեպքում մենք ինչքան ենք շահում։ Ինքը ոգեւորված էր այդ տարբերակով եւ իրեն համարում էր դրա հեղինակը, հավանաբար, մտածելով, որ ես ծանոթ չեմ Գոբլի ծրագրին։ Եվ երբ ես գաղտնազերծեցի Մեղրու տարբերակը եւ իմ բացասական կարծիքը հայտնեցի, Անվտանգության խորհրդում ինձ միացավ նաեւ Վաղարշակ Հարությունյանը։ Դրա հետեւանքը գիտեք, թե ինչ եղավ։ Ես համոզված եմ, որ այդ տարբերակը դեռ շրջանառության մեջ է»։ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը հետեւյալ կարծիքին է. «Մեղրու տարբերակը միֆ է, Մեղրին մեր ամենառազմավարական տարածաշրջանն է, եւ կարծում եմ, այն քննարկելը չի բխում մեր ժողովրդի կամքից եւ նման խնդիր չի կարող առաջանալ»։ Ըստ պրն Սահակյանի, Ղարաբաղի բանակցային կողմ դառնալը բոլորիս ցանկությունն է. «Բայց չեմ կարծում, որ դա կախված է մեզնից, սակայն Ղարաբաղին վերաբերող յուրաքանչյուր քայլ անելուց առաջ անպայման պետք է հարցնել Ղարաբաղի ժողովրդին, առավել եւս, ամբողջ աշխարհի հայերին»։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի կարծիքով բանակցային գործընթացի վերսկսման հարցում. «շատ բան կախված է Ադրբեջանի նորընտիր նախագահից, որովհետեւ ինքն է մտնում գործընթացի մեջ եւ, բնականաբար, պետք է ծանոթանա ամբողջ թղթածրարին։ Զրոյական տարբերակից սկսելը, կարծում եմ, ամենեւին խելամիտ քաղաքականություն չէ եւ կարող է բերել հակամարտության լուծման ձգձգման»։ Լեւոն Մկրտչյանի կարծիքով՝ ԼՂՀ-ն միշտ էլ եղել է բանակցային գործընթացների մեջ. «եւ դա վկայում են նաեւ Մինսկի խմբի մշտական այցելությունները ԼՂՀ»։ Մեղրու տարբերակը, ըստ պրն Մկրտչյանի. «գործել է իբրեւ իդեա, բայց դե ֆակտո սեղանի վրա դրված չի եղել։ Ես կարծում եմ, Հայաստանի համար սկզբունքային մի քանի դիրքորոշումներ մնում են անսասան՝ ԼՂՀ-ն երբեք չի եղել Ադրբեջանի կազմում եւ չի լինի, հայկական տարածքը հայկական տարածքի հետ չի փոխանակվի եւ բոլոր այն հայտնի սկզբունքները, որոնք շարադրվեցին Քի Ուեսթի նախօրեին։ Սրանք պետք է պահպանել եւ շարունակել առաջընթացը»։ Ըստ ամենայնի, Մինսկի խմբի համանախագահների այցը խիստ կարեւոր է լինելու եւ նոր առաջարկներ են ստացվելու։ Այդ մասին երեկ ասաց նաեւ Սերժ Սարգսյանը։ Խոսելով ղարաբաղյան հակամարտության հետագա զարգացումների մասին, պաշտպանության նախարարն ասաց. «Մենք դրանց կարող ենք անդրադառնալ այն բանից հետո, երբ կգան համանախագահները եւ միգուցե նոր առաջարկներ կբերեն»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ