Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ՎՊ ՆԱԽԱԳԱՀԸ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԳԻՏԻ՞

Նոյեմբեր 20,2003 00:00

ԱԺ ՎՊ ՆԱԽԱԳԱՀԸ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԳԻՏԻ՞ Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը վիճարկում է ԱԺ վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանի պնդումները՝ հանքարդյունաբերության ոլորտում իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ եւ պնդում, թե ՎՊ-ն գերազանցել է իր իրավասությունները: – Ձեր պնդումները, թե ԱԺ վերահսկիչ պալատի ստուգումներն օրինական չէին, քանի որ ներառված չէին ԱԺ հաստատած ծրագրում՝ արժանացան ՎՊ նախագահի հակափաստարկին, թե ծրագրում կար պետական գույքի կառավարման ոլորտում ուսումնասիրություններ անելու դրույթ. «Իսկ ընդերքը համարվում է պետական գույք»: – Պետք է ընդամենը վերցնել «Ընդերքի մասին» օրենսգիրքը եւ նայել, թե ընդերքը պետական գո՞ւյք է: Եթե ավելի բացենք փակագծերը՝ Վերահսկիչ պալատի 2002-ի ծրագրում կա նման դրույթ, բայց չկա 2003-ի ծրագրում: Մինչդեռ ծրագիրը հաստատվում է ամեն տարվա համար առանձին, որոշում են կայացնում եւ նոր միայն իրականացնում: Դա լուրջ խնդիր չեմ համարել, ուստի եւ խոչընդոտներ չենք հարուցել, երբ 2003-ի հունիսից մինչեւ հոկտեմբեր ստուգումներ էր իրականացնում ԱԺ վերահսկիչ պալատը: Բայց այլ խնդիր է, որ եթե առաջնորդվենք այն տրամաբանությամբ, թե բյուջեի մուտքերը պետք է ապահովեն տնտեսվարողները՝ անգամ բոլոր փոքր ձեռնարկություններում կարող է ստուգումներ իրականացնել ԱԺ վերահսկիչ պալատը: – Այնուամենայնիվ՝ բավական պատկառելի խախտումներ են հայտնաբերվել, ըստ որոնց՝ որոշ ընդերք օգտագործողներ ընդհանրապես չունեն պահանջվող փաստաթղթերը, իսկ մնացածների մոտ էլ դրանք թերի են: – Հնարավոր է: Սակայն վերահսկողության առաջին օղակը տեղական ինքնակառավարման մարմիններն են, որոնք պետք է հայտնաբերեն հողօգտագործման ապօրինի դեպքերը եւ իրազեկեն բնապահպանության նախարարությանը: Եվ երբ մեզ տեղեկացնում են՝ իրականացնում ենք համապատասխան վերահսկողություն: Ստուգումների հետեւանքով նաեւ արձանագրվել է, որ ոչ մետաղական հանքավայրերում 1 տարվա ընթացքում ծավալները կրկնակի ավելացել են: Ներառված է նաեւ ապօրինի հայտնաբերված 200 հազար խմ ծավալը: – ԱԺ վերահսկիչ պալատի նախագահը նաեւ նշել էր, որ եթե իրականություն են Ձեր պնդումները, թե կրկնապատկվել, եռապատկվել են ընդերքօգտագործման վճարները, բացատրության կարոտ է, թե ինչպե՞ս են կրկնապատկվել մարման պաշարները, իսկ ընդերքօգտագործման վճարներն աճել ընդամենը 7 տոկոսով. «Եթե այստեղ էլ է կրկնապատկվել՝ ինչպե՞ս հասկանալ. ուրեմն մնացածը մնացել է ստվերում»: – Պետք է տարրական թվաբանություն իմանալ: Եթե 323 միլիոնի 7 տոկոսը 908 մլն է, ապա իրոք աճել է 7 տոկոսով եւ Գագիկ Ոսկանյանի ներկայացրած թվերը ճիշտ են: 2001 թվականին բնօգտագործման վճարներն ընդերքօգտագործման բնագավառում կազմել են 323 մլն դրամ, իսկ 2002-ին այդ վճարների մուտքը պետբյուջե եղել է 908 մլն: Եվ եթե 908-ը 323-ի շուրջ 300 տոկոսն է կազմում՝ ապա ճիշտ է Վարդան Այվազյանը: – Ինչպե՞ս եք գնահատում այս ստուգումները, ինչի՞ հետեւանք են դրանք: – Ճիշտն ասած, մինչեւ հիմա չեմ փորձել տալ այդ գնահատականը: Բայց տնտեսվարողների մոտ իրականացված երկարատեւ ստուգումները կարող են դիտարկվել իբրեւ իրավասությունների գերազանցում: Այն փաստաթղթերը, որոնք ուսումնասիրության հետեւանքով չի հայտնաբերել Վերահսկիչ պալատը՝ տնտեսվարողները կարող էին եւ չներկայացնել: Եվ երբ պարզում էին որոշ անհամապատասխանություններ՝ այդ նյութերը գտնվեցին մեզ մոտ, տրամադրեցինք, եւ հօգուտ ՎՊ-ի պետք է ասեմ, որ փորձեցին ուղղումներ կատարել ներկայացվող ընդհանուր ակտի մեջ: Մասնակիորեն կար նաեւ թյուրըմբռնման խնդիր: – Այսինքն՝ ստուգողների մասնագիտական որա՞կը չէր բավարարում: – Այո՛՝ ինչ որ տեղ: Պաշարները հաստատված շուրջ 500 հանքավայրեր ունենք, որոնցից շահագործվում են մոտ 200-ը: Ընդերքշահագործողների թվաքանակը 270 է: Հանքավայրերը տարածված են 29 հազար քառ կմ-ի վրա՝ մեկը մի սարում է, մյուսը՝ մի արոտավայրում: Այնպես որ՝ 22 հոգով չի կարող իրականացվել օպերատիվ, ամենօրյա վերահսկողություն: Բացի այդ՝ մենք առաջնորդվում ենք «Ստուգումների մասին» օրենքով, այսինքն՝ տարին մեկ ենք կարողանում ստուգել, եւ ոչ բոլորը: Եվ նորից եմ հիշեցնում, որ ընդերքի վերահսկողության առաջին օղակը տեղական, տարածքային ինքնակառավարման մարմիններն են: Ուստի ապօրինի հողօգտագործման հայտնաբերման հիմնական իրավասությունները նրանցն են, քանի որ հողի հարկը նրանց բյուջեի մուտքերն ապահովելու միջոց է: Չի եղել որեւէ դեպք, որ այդ մարմիններից ահազանգող նյութեր ստացած լինենք, եւ դրանք հաշվի առնված չլինեն բնապահպանության նախարարության կողմից: Բացի դրանից՝ ոչ ոք չեղյալ չի համարել կառավարության 657 որոշումը, որով հանձնարարված է տարածքային եւ տեղական կառավարման մարմիններին եռամսյա հաշվետվություն ներկայացնել իրենց տարածքում գործող ընդերքշահագործողների վերաբերյալ: Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել