ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՀՈՒՅՍԵՐՈՎ Կանադայի Վանկուվեր քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի տղամարդկանց 73-րդ եւ կանանց 16-րդ առաջնությունը։ Երեկ երեկոյան, երբ Երեւանում ուշ գիշեր էր, ասպարեզ պետք է մտնեին Հայաստանի երեք պատվիրակներ՝ Հռիփսիմե Խուրշուդյանը (մինչեւ 63 կգ քաշային կարգ), որն ընդգրկված է «B» խմբում, տղամարդկանց մրցապայքարում ուժեղագույնների խմբում հանդես եկող Արսեն Մելիքյանը եւ Գեւորգ Դավթյանը (երկուսն էլ՝ մինչեւ 77 կգ քաշային կարգ)։ Դեռեւս Արարատում ուսումնամարզական հավաքների ժամանակ Արսենի եւ Գեւորգի միջեւ թեժ պայքար էր ընթանում հավաքականում տեղ զբաղեցնելու եւ Կանադա մեկնելու համար։ Ու քանի որ երկու ծանրորդներն էլ լավ մարզավիճակում էին, մարզիչները որոշեցին այս քաշային կարգում աշխարհի առաջնություն գործուղել երկուսին էլ։ Հայաստանը ավանդաբար ուժեղ ծանրորդներ է ունեցել հատկապես միջին քաշային կարգերում։ Ու այդ ավանդույթը շարունակվում է։ Այնպես որ, Վանկուվերում թե Արսենից, թե Գեւորգից հաջող մրցելույթներ, ինչո՞ւ չէ, նաեւ մեդալների ակնկալիքներ կան։ Դա ավելի իրատեսական է հատկապես այն բանից հետո, երբ դոպինգային խաբեության մեղադրանքով կազմակերպիչները դեռ մինչեւ առաջնության մեկնարկելը որակազրկել են բուլղարացի երեք ծանրորդների, այդ թվում նաեւ այս քաշային կարգում մեդալների համար պայքարող ամենահավանական թեկնածուներից մեկին, աշխարհի չեմպիոն Գեորգի Մարկովին։ Ինչ վերաբերում է Հռիփսիմե Խուրշուդյանին, քանի որ Հայաստանը կանանց թիմ չունի Կանադայում, նա պետք է աշխատի անհատական պայքարում հաջող հանդես գալ, տեղ զբաղեցնել առաջին տասնյակում, որպեսզի եկող տարի Աթենքում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր ստանա։ Տղամարդկանց եւ կանանց երեքական քաշային կարգերում պայքարի ավարտից հետո ամենից շատ մեդալ նվաճել են չինացիները՝ 16(11 ոսկե, 3 արծաթե, 2 բրոնզե)։ Երկրորդը Թուրքիան է՝ 8(3+1+4), երրորդը՝ Թաիլանդը՝ 8(2+4+2)։ Իսկ ընդհանուր առմամբ մեդալ նվաճել է 13 երկիր։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ