Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանն անտեսեց չեզոք տեսակետը

Նոյեմբեր 19,2003 00:00

Դատարանն անտեսեց չեզոք տեսակետը Եվ կրծքով պաշտպանեց ընդունող հանձնաժողովին «Առավոտն» արդեն անդրադարձել է քաղաքացի Ա. Հարությունյանի հայցին՝ ընդդեմ ընդունելության քննությունների ֆիզիկա-1 առարկայական հանձնաժողովի: Հայցվորի կարծիքով՝ առարկայական հանձնաժողովը սուբյեկտիվ մոտեցում է ցուցաբերել գրավորի ստուգման հարցում եւ կատարել է միավորների անհիմն իջեցում՝ մինչեւ 16 միավոր՝ այն դեպքում, երբ նախապես աշխատանքը գնահատված է եղել 18: Իսկ արդյունքում դիմորդը՝ նրա որդին, ընդունվել է բուհի ոչ թե պետպատվերով, այլ վճարովի համակարգ: Բողոքարկման ընթացքում գնահատականը ոչ մի կերպ փոփոխության չէր ենթարկվում՝ առանց բավարար հիմնավորման: Հանձնաժողովի նախագահը Աշոտ Աբոյանը 3 հարցերից 0,5-1 միավոր հանելով՝ յուրաքանչյուրի դիմաց նշել է, թե իբր դիմորդն ամբողջությամբ չի կատարել առաջադրանքը («Առավոտ», 2 օգոստոսի 2003 թ.): 1-ին հարցի դիմաց գրված է, թե դիմորդը չի անդրադարձել ներդաշնակ տատանումների փորձի նկարագրությանը: Այնինչ, այդ հարցում չկա նման պահանջ: Նույն հարցում հանձնաժողովի նախագահը պահանջել է ներկայացնել արագության եւ արագացման գրաֆիկները, ինչը եւս չկա պահանջի մեջ: Եվ այսպես շարունակ: Սակայն անտեսելով այդ բոլոր փաստերը, նոյեմբերի 3-ին Կենտրոն-Նորք Մարաշ 1-ին ատյանի դատարանը (դատավոր` Պարգեւ Օհանյան) վճռեց հայցադիմումը մերժել՝ միաժամանակ մերժելով հայցվոր կողմի միջնորդությունն այն մասին, որ գրավորը ուղարկվի անկախ փորձաքննության: Դատարանի վճռում մասնավորապես ասված է. «Աշխատանքի բողոքարկման դեպքում դիմորդին, նրա հետ ներկայացած մասնագետին հիմնավորումներ է տվել ստուգողը, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ՝ նախագահողը: Բողոքարկման արդյունքը հաստատվել է նախագահի կողմից: Աշխատանքի կրկնակի բողոքարկումը կատարվել է ԿԳ նախարարության հանձնաժողովում՝ անկախ փորձագետի կողմից»: Վճռի այդ պնդումը, ինչպես ընդունված է ասել, չի համապատասխանում իրականությանը: Մասնավորապես, Հանրապետական ընդունող հանձնաժողովում ոչ դիմորդը, ոչ էլ որեւէ մասնագետ բողոքարկմանը չեն մասնակցել: Դատարանը հարկ չհամարեց գրավորը ցույց տալ որեւէ չեզոք, շահագրգռություն չունեցող մասնագետի՝ համարելով, հավանաբար, որ նույն գրավորի մասին այլ կարծիքներ գոյության իրավունք չունեն: Նման կարծիքներից մեկը ներկայացնում ենք ստորեւ (գիտնականի անունը չհրապարակելու պայմանով): Ընթերցողին չծանրաբեռնելով մասնագիտական մանրամասներով, առանձնացնենք գլխավոր միտքը. «Ստուգողի ընդգծումն արված է «տատանումները», «տատանումներից» բառերը բաց թողնելու համար: Բայց ամբողջ թեման տատանումների մասին է, եւ հարկ չկար անընդհատ նշել «տատանումը»՝ «արագության տատանումներ» կամ «արագացման տատանումներ» ձեւերով: Համենայնդեպս, սա համարել բացթողում եւ սրա համար միավոր հանել՝ բացարձակ անիմաստ է, քանի որ դիմորդն արտահայտվել է ոճապես ավելի գրագետ ու սեղմ»: Մասնագետն իր մանրակրկիտ հիմնավորումներով ու ապացույցներով գալիս է եզրակացության, որ գրավորը 2,5 միավոր ցածր է գնահատված: Ավելացնենք, որ այս եզրակացությունը ներկայացվել է դատարանին, սակայն անտեսվել է վերջինիս կողմից: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել