Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎՃԻՌԸ ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑ

Նոյեմբեր 19,2003 00:00

ԴԱՏԱՎՃԻՌԸ ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑ Դժգոհ են բոլորը Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Սարո Արամյանը, որը նախագահում էր Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործով շուրջ երեք ամիս տեւած դատաքննությունը, հրապարակեց իր կայացրած դատավճիռը: Ինչպես եւ պետք էր ենթադրել, այն անակնկալ չէր ոչ տուժողի իրավահաջորդների, ոչ էլ լրագրողի սպանությունը պատվիրելու մեջ ամբաստանվող Արմեն Սարգսյանի պաշտպանների համար: Այս գործը, թերեւս, միակ դեպքն է, երբ եւ տուժողի իրավահաջորդները, եւ ամբաստանյալի պաշտպանը հրապարակված դատավճիռը «սպասելի» համարելով հանդերձ դրանից դժգոհ էին՝ յուրաքանչյուրն իր պատճառաբանությամբ: Տուժողի իրավահաջորդ Կարինե Նաղդալյանը՝ Տիգրանի քույրը, պատասխանելով այն հարցին, թե դատավճռում հատկապես ինչից բավարարված չէ, պատասխանեց՝ «Պատվիրատուն եւ կատարողը պետք է ցմահ բանտարկություն ստանային»: Դատավճռից դժգոհություն էր հայտնել նաեւ ամբաստանյալ Ջոն Հարությունյանը, որը, գործում ներգրավված փաստաբան Ամալյա Ավագյանի մատուցմամբ, վճիռը հրապարակելուց հետո դատարանում հայտարարել է՝ «Լոխ իմ վրա վերցրի: Ասում էիք՝ լավ կինի, բայց ոչ մի բան չեղավ»: Ի դեպ, Ջ. Հարությունյանը իր համար 15 տարվա ազատազրկման դատապարտելու մեղադրողների պահանջի դեմ ընդվզել էր դեռ վերջիններիս ճառի ժամանակ: Բայց այն ժամանակ Ջ. Հարությունյանի պաշտպան Լուսնթագ Բադալյանը հանգստացնում էր իր վստահորդին՝ ասելով, թե մեղադրողների պահանջը դեռ դատավճիռ չէ: Ակնհայտ է սակայն, որ ամբաստանյալների միջեւ բաշխված պատժաչափերը հեռու են նրանց արարքին համարժեք լինելուն, ուստի նաեւ՝ արդարադատություն իրականացնելու դատարանի գործառույթից: Բնական էր, որ դատավճռի հրապարակումից հետո մասնավորապես Արմեն Սարգսյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը հայտարարելու էր իր պաշտպանյալի նկատմամբ կայացված դատավճիռը վերաքննիչ դատարանում բողոքարկելու մտադրության մասին: Պաշտպանի համոզմամբ, դատաքննության ընթացքում ոչ միայն չհետազոտվեցին նյութերում առկա ապացույցները, այլեւ՝ չպարզաբանված մնացին շատ կարեւոր, գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ: Ռ. Գրիգորյանի դիտարկմամբ, անսպասելի ոչինչ չեղավ. «Դատաքննության ընթացքը ինձ մի համոզմունքի էր բերել, որ միայն այսպիսի դատավճիռ կարելի էր սպասել: Բայց ցավն այն է, որ դա բխում էր ոչ թե գործի ապացույցներից, այլ՝ պարզապես վերաբերմունքն էր այդպիսին: Այդպիսի ընթացք պետք էր, եւ Ա. Սարգսյանը ստացավ այդպիսի պատիժ»: Դատելով տուժողի իրավահաջորդ Կարինե Նաղդալյանի՝ դատարանի բակում արած հայտարարությունից, նա էլ որոշ չափով հաստատում է պաշտպանի այս վերջին համոզմունքը: Պատասխանելով «Ազատություն» ռ/կ հարցին, թե՝ «դատարանը ձեզ համոզե՞ց, որ պատվիրատուն Ա. Սարգսյանն է», Կ. Նաղդալյանը բառացիորեն ասաց. «Դատարանը համոզվեց, թե չհամոզվեց…8230 Ես այդքան էլ վստահ չեմ: Ես ընդունում եմ, որ նա կարող է միջնորդ հանդիսանալ, բայց դա նրա մեղքը չի թեթեւացնում: Պատվիրատուներն, ինձ թվում է, բոլորին էլ հայտնի է, թե ովքեր են: Առանձնապես պետք չէ անուններ տալ»: Թե ինչու պետք չէ՝ անհասկանալի է, առավել եւս, երբ գաղտնիք չէ, որ շահագրգիռ որոշակի շրջանակներ անցած ամիսների ընթացքում են ջանքեր գործադրել Տ. Նաղդալյանի սպանությունը Սարգսյանների ընտանիքին վերագրելու, սպանության հրեշավոր միտքն, իբր, Գրետա եւ Արամ Սարգսյանների կողմից հղացած ու կազմակերպած լինելու մասին իրենց ենթադրությունները շրջանառության մեջ դնելու համար: Բայց արդյո՞ք կա մի պատճառ, որը կարող է արդարացնել տուժողի իրավահաջորդներին, երբ նրանք համաձայն են մինչեւ վերջ չպարզել իրենց հարազատի սպանության իրական պատվիրատուին եւ չպահանջել նրան դատապարտել: Ստացվում է, որ 15 տարվա ազատազրկման է դատապարտվել մի մարդ, որի պատվիրատու լինելու հանգամանքը դատաքննությունից հետո էլ սպանվածի հարազատների կասկածն է հարուցում: Եթե իրական մեղավորներին ի հայտ բերելու ձգտում եւ պահանջ չկա՝ ուրեմն դրա համար կան լուրջ պատճառներ, եւ այդ պատճառները, հավանաբար, քաղաքական են: Արմեն Սարգսյանն ինքն էլ Տ. Նաղդալյանի սպանությունն իսկապես բացահայտելու ցանկություն ունեցողներին եւ մասնավորապես Կ. Նաղդալյանին խորհուրդ էր տալիս ավելի լավ ծանոթանալ գործի նյութերին: Ըստ երեւույթին, դեռ ուշ չէ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել