Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏԱՑՎԵՑ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ

Նոյեմբեր 19,2003 00:00

ՍՏԱՑՎԵՑ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ Այս անգամ «ԱրմենՏելն» իր պոտենցիալ սպառողների համար խնդիրներ հարուցեց դեռեւս սպասարկումը չսկսած։ Դիմումների եւ հերթագրումների վերաբերյալ ընկերության հրամանը սպառողներին ավելի շուտ էր հասել, քան իր ստորաբաժանումներին (աշխատակիցներին)՝ խառնաշփոթ առաջացնելով ԱՏՍ-ներում։ Կարելի է ենթադրել, թե ընկերության հաճախորդներին դեռ ինչեր են սպասվում բաժանորդ դառնալուց հետո։ Շատերն են նկատել, որ այս օրերին բջջային հեռախոսակապը համեմատաբար որակյալ է։ Ինչը, սակայն, նոր քարտերի թողարկման նախապատրաստություն է։ Այնպես որ, մասնագետների կարծիքով, կապի նախկին (անորակ) վիճակն է սպասվում 20000 քարտի թողարկումից հետո։ Հետաքրքիրն այն է, որ այս անգամ «ԱրմենՏելը» որոշել է կանոնակարգել «իզի» քարտերի տրամադրման գործընթացը։ Պարզվում է, ընկերությունը դա արել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կարգադրությամբ։ Այլ հարց է, թե դա ինչքանով է հաջողվել «ԱրմենՏելին»։ Դեռեւս հոկտեմբերին էր հանձնաժողովն այդ կարգադրությունն արձակել։ Հանձնաժողովը պարզել էր, որ «ԱրմենՏելը» տարբերակված մոտեցում է ցուցաբերել տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ՝ կիրառելով խտրական պայմաններ։ Միեւնույն գործունեությամբ զբաղվող, նույն ժամանակահատվածում դիմած ընկերությունների մի մասին բջջային հեռախոսակապ է տրամադրել, մնացածին՝ ոչ։ Այդպիսով, «ԱրմենՏելը» տնտեսվարողների համար անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծել, ինչն արգելվում է գերիշխող դիրքի առկայության պարագայում։ «ԱրմենՏելը» սա պատճառաբանել է «բջջային ցանցի գերբեռնվածությամբ եւ ներկա պահին ցանցում կատարվող ընդլայնման աշխատանքներով», ինչը, սակայն, չի հիմնավորվել։ Հանձնաժողովի ուսումնասիրությամբ. «2003թ. հունվար, փետրվար, մարտ ամիսներին մի շարք դիմումների մերժումից հետո այլ տնտեսվարող սուբյեկտների հատկացվել է բջջային հեռախոսակապ մայիս, հունիս ամիսներին»։ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գնահատմամբ, «ԱրմենՏելն» «ըստ էության, կամայական վարքագիծ դրսեւորելով, բավարարել կամ մերժել է բջջային հեռախոսակապի ծառայություններից օգտվելու վերաբերյալ սուբյեկտների դիմումները»։ Օրինակ, նման կամայականություններ է թույլ տվել շինարարությամբ, գազամատակարարմամբ, դեղատնային գործունեությամբ, առողջապահական ծառայությունների մատուցմամբ զբաղվող ընկերությունների նկատմամբ։ «ԱրմենՏելը» սա պատճառաբանել է նաեւ բջջային հեռախոսակապի բաշխման կարգ չունենալով՝ փաստորեն, անկանոն բաշխման հանգամանքով։ Այս ամենից ելնելով էլ հանձնաժողովն արձակել էր հիշյալ կարգադրությունը։ Երեկ «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Գեորգիուս Վասիլակիսը հանձնաժողովի նախագահին է ուղարկել «հրամանի պատճենը, որը կարգավորում է կանխավճարային եւ պայմանագրային շարժական միացման փաթեթների վաճառքը եւ բաշխումը»։ Գ. Վասիլակիսի տեղեկացմամբ, «կանոնակարգը վերաբերում է 20000 բջջային միացման փաթեթներին, որոնց տրամադրումը կսկսվի 2003թ. դեկտեմբերի սկզբին, ինչպես նաեւ առավել մեծ քանակությունը՝ 100000 բջջային միացման փաթեթներին, որոնց թողարկումը կսկսվի 2004թ. հունվարի սկզբին»։ Իմիջիայլոց նկատենք, որ «ԱրմենՏելը» կխախտի իր խոստումը, համաձայն որի 20 հազար հատը պետք է թողարկվեր նոյեմբերի վերջին։ Ինչ վերաբերում է բաշխման նոր կանոններին, ապա մեր տեղեկություններով, առաջին 20 հազար հատով կբավարարվեն մինչեւ նոյեմբերի 10-ը ստացված դիմումները։ Դրանից հետո ստացված դիմումները կբավարարվեն ըստ դիմումի գրանցման ամսաթվի, 100 հազարի վաճառքի ժամանակ։ Իսկ դատելով այս օրերին «ԱրմենՏելի» բաժանմունքներում ստեղծված իրավիճակից ու ընկերության հնարավորություններից, խառնաշփոթը չի վերանալու մինչեւ հունվար-փետրվար։ Դեֆիցիտն ակնհայտ է, խնդիրն այն է, որ գոնե եղածը արդար բաշխվի եւ անցած անգամվա նման սեւ շուկա չտեղափոխվի։ «ԱրմենՏելը» մշակել է նաեւ դիմումի ձեւ, որտեղ ապագա բաժանորդը նշում է անուն-ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը, անձնագրային տվյալները, եթե տնտեսվարող է՝ հարկային կոդը եւ բջջային կապի տեսակը, որը ցանկանում է։ Ստացվում է (easy) «իզիին» հակառակ գործընթաց՝ difficult։ Այսինքն, եթե մարդը արտասահմանցի է, չի՞ կարող ունենալ բջջային հեռախոս, թե՞ Հայաստանում պետք է գրանցվի, նոր ստանա։ Ըստ երեւույթին, լիազոր մարմինը (ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն) կորոշի, թե արդյոք նոր կարգը այդ հնարավոր լավագո՞ւյնն է, ինչպես նաեւ դատելով բաժանորդների բողոքներից, շտկումներ կմտցնի։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել