Լրահոս
Օրվա լրահոսը

Կ. Գ. Բ.-Ն ԷԼ ԴԱՇՆԱԿ Չէ

Նոյեմբեր 19,2003 00:00

Կ. Գ. Բ.-Ն ԷԼ ԴԱՇՆԱԿ Չէ «Վահան Հովհաննիսյանը բոլորիդ հրավիրում է բուֆետ»,- կատակեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, երբ ազդարարվեց, որ Կիմ Գաբրիելի Բալայանը 66 «կողմ», 18 «դեմ» ձայներով ընտրվել է ՍԴ անդամ: «Չեմ հասկանում, թե ինչու ես պիտի հյուրասիրություն կազմակերպեմ մի մարդու համար, որ Դաշնակցության անդամ չէ այլեւս»,- պատասխանեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Իսկ Կիմ Բալայանն այլեւս նախկին դաշնակցական է, քանի որ խոստացել էր, թե ՍԴ անդամ ընտրվելուն պես՝ կդադարեցնի կուսակցական գործունեությունը: Թեեւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ պաշտոնաթերթը մի առիթով նշել էր, թե նախկին դաշնակցական չի լինում, քանի որ դաշնակցականը երդվում է, իսկ երդումն ուրացողը դավաճան է: Այնուամենայնիվ, Սահմանադրության 98 հոդվածի համաձայն՝ ՍԴ անդամը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Վահան Հովհաննիսյանը նշանակման հակասահմանադրականության վերաբերյալ պնդումներին ի հակակշիռ ասաց. «Ի՞նչ է, մարդը պետք է ոչ մի ակտիվությամբ աչքի ընկած չլինե՞ր ժողովրդի մեջ, որ կարողանար դառնալ ՍԴ անդամ»: Իսկ «Ազգային միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը հայտարարեց. «Այդ դեպքում՝ մնացած կուսակցությունների համար էլ կարելի է ստեղծել ՍԴ-ում տեղեր: Բոլորն էլ կհրաժարվեն իրենց կուսակցություններից»: Դաշնակցական լինելը միակ պատճառը չէր, որը վկայակոչելով՝ Կիմ Բալայանի թեկնածությանը դեմ էին արտահայտվում որոշ պատգամավորներ: Հիշեցրին, թե նա ղարաբաղցի է, եւ համադրելով այս փաստը դարձյալ ղարաբաղցի Զինավոր Ղուկասյանին վերջերս ՍԴ անդամ նշանակելու հետ, միտում տեսան, թե ՍԴ-ն եւս ցանկանում են «ղարաբաղիզացնել»: Կիմ Բալայանը հարցրեց. «Արդյոք ՍԴ կազմը նայե՞լ եք անդամների նախկին կուսակցական պատկանելության եւ ծննդավայրի առումով: Էդ ինչի՞ Լեւոն Տեր-Պետրոսյանին չէիք մեղադրում, որ նրա նախագահ եղած ժամանակ 3 ղարաբաղցի նշանակվել են ՍԴ անդամ»: Իսկ Վահան Հովհաննիսյանը զուգահեռներով հարուստ մի ելույթ ունեցավ, որի նպատակն էր ցույց տալ, թե տարբեր պետություններում առանձին երկրամասեր միշտ էլ առանձնահատուկ նշանակություն են ունենում եւ այնտեղից են սերվում ականավոր գործիչները: Նկատեց, թե Հայաստանի համար թերեւս նման նշանակություն ունի Ղարաբաղը: Սույն տեսությունը հաշվի չէր առնում այն հանգամանքը, որ ոչ շատ վաղուց նման նշանակություն ուներ Արարատի մարզը: Եվ եթե հաջորդ նախագահն էլ, ասենք, Գավառից լինի, չի բացառվում, որ հանկարծ պարզվի, թե բոլոր ականավոր գործիչները հատկապես քյավառցի են: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել