«Մենք խաբեցինք ժողովրդին» Երեկ ապաշխարեց էջմիածինցի պատգամավոր Հակոբ Հակոբյանը «Երբ որ փախած անասունի աջալը գալիս է, սկսում է քսմսվել հովվի ցուպին, հովիվը դրան ներողամտությամբ է վերաբերվում»,- այսպիսի պատկերավոր նախաբանով սկսեց երեկ իր հայտարարությունը «ԱՄ» անդամ Հմայակ Հովհաննիսյանը։ Պրն Հովհաննիսյանը չհստակեցրեց, թե ո՞վ է հովիվը եւ ում նկատի ունի «անասուն» ասելով։ Բայց երեւի պատգամավորները հասկացան, թե ինչն-ինչոց է եւ ով-ով է, որովհետեւ առանձնապես չհուզվեցին։ Շարունակությունը նվիրված էր դպրոցների օպտիմալիզացիայի ծրագրին։ Պատգամավորն առաջարկեց ՕԵԿ-ին եւ ՀՅԴ-ին (կրթության եւ գիտության այսօրվա նախարարը ՕԵԿ անդամ է, երեկվանը՝ ՀՅԴ) այսօր հարցուպատասխանի ժամանակ ի վերջո պարզել՝ ո՞ւմ մեղքով է այդ ծրագիրը փաթաթվել հանրության վզին։ Պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Էջմիածին) երեկ բոլորովին նոր դերակատարմամբ հանդես եկավ։ Դատելով նրա ելույթից, կարելի է փաստել, որ խորհրդարանը հարստացավ եւս մեկ ընդդիմադիր գործիչով. «մենք ձեզ հետ միասին խաբեցինք ժողովրդին եւ եկանք խորհրդարան»,- հայտարարեց ԱԺ ամբիոնից Հակոբ Հակոբյանը եւ ասաց, թե խաբելու գործընթացը շարունակվում է՝ հիմա էլ սակագների բարձրացման հարցում են խաբում։ Պատգամավորի այս ելույթից հետո իրեն ընդդիմադիր համարող Մանուկ Գասպարյանը տեղից նկատեց (ռուսերեն). «Մեր մարդն է»։ Իսկ «ԱՄ» խմբակցության անդամ Նապոլեոն Ազիզյանը պրն Հակոբյանին հրավիրեց իրենց շարքում նստելու։ «Արդարություն» խմբակցության անդամ Ալբերտ Բազեյանի հայտարարությունը նվիրված էր Արմեն Սարգսյանի երեկ հրապարակված դատավճռին։ Պրն Բազեյանը նկատեց, որ «27»-ի եւ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով ոչ ոք չի կարող ասել, թե եղել են արդար դատավարություններ. «Տիգրան Նաղդալյանի սպանությունը պետք է դիտարկել «Հոկտեմբերի 27»-ի գործով վկաներին չեզոքացնելու համատեքստում, բայց այս վարկածը երբեւէ չդարձավ դատաքննության առարկա»։ Իր՝ այլեւս բացահայտված բանաստեղծական խառնվածքին երեկ կրկին անդավաճան մնաց պատգամավոր Լյովա Խաչատրյանը. «Ձմռան փոթորիկները Երնջատափ գյուղում երկու հինգհարկանի շենքերից մեկի տանիքը տեղափոխեցին դաշտ, որի վերականգնման համար խնդրեցինք ֆինանսական օգնություն ֆինանսների նախարարից, որի հետ չկարողացանք կապնվել։ Կապնվեցինք փոխնախարար Սաֆարյան Պավելի հետ, որն ասաց, թե Երնջատափ գյուղի շենքի տանիքի համար բյուջեում ոչինչ ասված չէ»։ Այս պատկերավոր նախաբանից հետո պատգամավորը մեծամասնականով ընտրված պատգամավորներին առաջարկեց բանուգործ թողած «վարձել գուշակներ, որպեսզի հնարավորինս գուշակեն, թե եկող տարվա տարերային աղետները ինչ տանիքներ ու մոստեր (կամուրջներ.- Մ. Ե.) են ավերելու, որպեսզի կարողանանք բյուջե մտցնել»։ Այսպես բանաստեղծական էլ կավարտվեր ԱԺ հայտարարությունների ժամը, եթե ԱԺ պատգամավոր Ստեփան Զաքարյանը («Արդարություն» խմբակցություն) չխոսեր «Զվարթնոց» օդանավակայանի անմխիթար վիճակից եւ դրանում չմեղադրեր առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանին։ Մ. ԵՍԱՅԱՆ