Մենք դա ԵԽ-ին չենք խոստացել Համոզված է Հովհաննես Հովհաննիսյանը ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ, Եվրախորհրդում Հայաստանի նախկին ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը, քննելով ԵԽ մոնիտորինգի խմբի վերջին զեկույցի որոշ դրույթներ, նկատեց, որ ԵԽ մոնիտորինգի հանձնաժողովը գերագնահատել է ԵԽ-ի իրավասությունները. «Զեկույցի մեջ առնվազն մի քանի սխալներ կան, մի քանի հարցեր, որ չեն համապատասխանում մեր Սահմանադրությանը, իսկ նրանք պարտավոր են հարգել մեր երկրի գլխավոր օրենքը։ Մոնիտորինգի հանձնաժողովը իրավունք չունի դուրս գալ այն խնդիրների շրջանակից, որ մեր երկիրը որպես պետություն ընդունել է ԵԽ-ին անդամակցելուց առաջ։ Մեր պարտավորությունները պետք է դիտարկվեն ստանձնած շրջանակներում, նոր պարտավորություններ մոնիտորինգի խումբը սահմանելու իրավունք չունի։ Ես այդ հարթության վրա եմ ընկալում խմբի պահանջը՝ մեկ տարվա ընթացքում գրանցել «Եհովայի վկաներին»։ Սա ամենեւին օրինական պահանջ չէ։ Նման պարտավորություն մենք չենք ստանձնել։ Խումբը իրավունք չունի նաեւ կոշտ ժամկետներ սահմանել, ասենք, սահմանադրական փոփոխությունների հետ կապված։ Ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանի նշանակման այնքան աղմուկ հանած հարցին, ապա, իրոք, այդ առաջարկը անօրինական է։ Մեր Սահմանադրությունը այս հարցում եւս նման հնարավորություն չի տալիս։ Մոնիտորինգի խումբը իրավունք չունի առաջ ընկնել եւ ենթադրել, թե միեւնույն է, մենք Սահմանադրությունը փոփոխելու ենք։ Հենց որ կլինի փոփոխությունը, խնդիրն էլ այն ժամանակ կլուծվի։ Կրկնում եմ, որեւէ մեկը իրավունք չունի մեր վզին փաթաթել նոր պարտավորություններ, բացի այն, ինչ մենք ստանձնել ենք կամովին»։ Պարոն Հովհաննիսյանին հիշեցրինք, որ ըստ ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի, մոնիտորինգի խմբին մոլորեցրել են հայ պաշտոնյաները. «Ինչքան էլ այս կամ այն պաշտոնյան փորձի թյուրիմացության մեջ գցել, խումբը պիտի հասկանար, որ մենք մեր երկրի Սահմանադրությունից դուրս որոշումներ չենք կարող կայացնել։ Այս դեպքում չի արդարացվում ո՛չ խումբը, ո՛չ էլ տվյալ պաշտոնյան»։ Օգտվելով զրույցի հնարավորությունից, հետաքրքրվեցինք, թե այժմ ինչով է զբաղվում Հովհաննես Հովհաննիսյանը։ Ժամանակ առ ժամանակ լուրեր են պտտվում, թե վերջինս նոր կուսակցություն է ստեղծելու։ Պարոն Հովհաննիսյանը չթաքցրեց, որ նման հեռանկար կա, սակայն չուզեց ավելի մանրամասնել։ Այնուամենայնիվ, խոստովանեց. «Ես ցանկություն չունեմ դուրս գալ քաղաքականությունից։ Հակառակ դեպքում, վերջին 10- 15 տարվա աշխատանքս եւ ապրածս կյանքը զուր կլինի։ Ծրագրերիս մասին մի փոքր ավելի ուշ կասեմ, բայց կարծում եմ (անհամեստ թող չհնչի), քաղաքական դաշտի համար էլ է կարեւոր, որ ինձ պես քաղաքական գործիչը մնա քաղաքականության մեջ եւ զբաղվի քաղաքականությամբ»։ Իսկ ինչպե՞ս է վերաբերում մեր զրուցակիցը վերջին շրջանում ակտիվացած փոքրիկ կուսակցություններին, որոնք ամեն ջանք գործադրում են մեծերի մեջ տարրալուծվելու համար։ Այս գործընթացը Հովհաննես Հովհաննիսյանը նորմալ գնահատեց։ Ըստ նրա, դա ճիշտ ճանապարհ է եւ, ի վերջո, Հայաստանում պետք է մնան 3-4 խոշոր կուսակցություն՝ ինչպես աշխարհի այլ երկրներում։ Սակայն միավորումը պետք է լինի գաղափարական հենքի վրա եւ ոչ թե ինչպես մեզ մոտ. «Մեզ մոտ փոքր կուսակցությունները «պապա» են փնտրում՝ նրա թեւի տակ մտնելու, հանգիստ ապրելու համար»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ