Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՄՐԱՄՈԼ ՄԱՐԴԱՍՊԱՆԻ«ՄԵՂՄԱՑՈՒՑԻՉԸ»

Նոյեմբեր 18,2003 00:00

ԹՄՐԱՄՈԼ ՄԱՐԴԱՍՊԱՆԻ«ՄԵՂՄԱՑՈՒՑԻՉԸ» Ըստ տուժողի իրավահաջորդի, նյութական վնասը փոխհատուցվել է գողացած շիրմաքարով 2001թ. հուլիսի 17-ի երեկոյան «Նարեկ-92» բարից դուրս գալիս սպանվեց «Հայաստան» հանրախանութի բաժնի վարիչ Մարտիրոս Երեմյանը։ Ըստ նախաքննական մարմնի, Էջմիածին քաղաքի բնակիչ Սամվել Բադալյանը մարիխուանա ծխած վիճակում ուղեւորվում է Երեւան՝ աշխատանք փնտրելու։ Անհասկանալի հանգամանքներում, նրան է հանդիպում անծանոթ Մ. Երեմյանը ու առաջարկում միասին գարեջուր խմել։ Մտնում են «Նարեկ» բար, պատվիրում 4 շիշ գարեջուր, այնուհետեւ, ըստ գործող վարկածի, Մարտիրոսը Ս. Բադալյանին առաջարկում է «սեռական հարաբերություն ունենալ իր հետ»։ Հենց դա էլ դարձավ հետագայում ամբաստանյալի պաշտպանական տակտիկայի եւ դատարանի համեմատաբար մեղմ վճռի հիմքը: Նախաքննության նյութերով, այն առաջարկից հետո էլ նրանք, չգիտես ինչու, երկու ժամ մնում են բարում, ապա միասին դուրս են գալիս։ Քայլելիս նա խնդրում է Մարտիրոսի բջջային հեռախոսը, զանգահարում քեռուն՝ Ս. Բարսեղյանին, նրանից պարտքով գումար է խնդրում։ Հասնելով «Շիրակ» հյուրանոցի հետնամաս՝ Ս. Բադալյանը առանձին դաժանությամբ Մարտիրոսին հասցնում է դանակի 14 հարված, ինչպես նաեւ՝ քարով հարվածելով մահամերձ վիճակում ընկած Երեմյանի գլխին՝ սպանում է նրան։ Սպանությունից հետո հանցագործը սպանվածի գրպանից հանում է $102, 2300 դրամ, 55 հազար դրամ արժողության բջջային հեռախոսը եւ դիմում է փախուստի։ Երեմյանից հափշտակած գումարով տան համար միս է գնում, սննդամթերք եւ մարում իր պարտքի մի մասը։ Մարդասպանին դատարանը 9 տարվա ազատազրկման է դատապարտում, եւ նա այսօր գտնվում է Կոշի գաղութում։ Իբրեւ փոխհատուցում տուժողի իրավահաջորդները պահանջել են ընդամենը թաղման եւ գերեզմանաքարի ծախսերը՝ $1835, որն այսօրվա գներով բավականին համեստ գումար է: Երեկ՝ դատական ատյաններում մինչ կվճռվեր այս գործի ելքը, ամբաստանյալի ընտանիքը Զեյթունի գերեզմանատանը Մարտիրոսի գերեզմանին «քար է քաշում»։ Սակայն Մարտիրոսի քույրը՝ Տիգրանուհի Երեմյանը պնդում է, որ գերեզմանաքարն իրականում ուրիշի նկարով է, այսինքն՝ գողացած էր մեկ այլ հանգուցյալի շիրիմից։ Այդ քարը իբր արժեր $835, բայց որոշ մասնագետների կարծիքով, արժե ընդամենը $300: Երկու օր առաջ ՀՀ վերաքննիչ դատարանը լսեց ամբաստանյալի մոր՝ Սվետլանա Առաքելյանի հայցը, որը դատական ակտերի հարկադիր ծառայության Արմավիրի մարզի ստորաբաժանումից պահանջել էր՝ հանել իրենց գույքն արգելանքից: Դատարանը արգելանքը վերացրեց մասնակիորեն։ Փաստաբան Անժելա Հոբոսյանը, որը ներկայացնում է երկու անչափահաս երեխաների սպանված հոր իրավահաջորդի շահերը, արժանահավատ չհամարեց նախաքննության վարկածը՝ Մ.Երեմյանին սպանելու շարժառիթների վերաբերյալ: «Ո՞վ է ամբաստանյալը՝ մի անբան թմրամոլ, որը ժամանակը վատնում է Էջմիածին-Երեւան երթուղու վրա, որին հարազատ քեռին աշխատանքից ազատել է չարաշահումներ կատարելու համար։ Նրա ցուցմունքը՝ հանգուցյալի բարոյական կերպարի վրա ցեխ շպրտելու առումով, անարժանահավատ է եւ չհիմնավորվեց դատարանում», -ասում է փաստաբանը: Ս. Բադալյանն, ըստ նրա, վախենում էր Մ. Երեմյանի կենդանի մնալուց, որովհետեւ հանցագործի նպատակը հենց գումարը հափշտակելն էր: Եթե նկատի առնենք, որ ամբաստանյալի նշած վայրը ճիշտ է՝ «Շիրակ» հյուրանոցի հետեւում գտնվող դպրոցի բակը, ապա մի հարց էլ այդտեղ է անպատասխան մնում։ Ամբաստանյալը դատարանում ցուցմունք էր տվել, թե կանչել էր՝ «օգնեցեք»։ Հուլիսի 17-ը շոգ օր էր, դպրոցն ուներ պահակ, սակայն պահակը ոչ մի բան չի լսել: Ավելի խոսուն կարող է լինել նաեւ այն փաստը, որ որեւէ քերծվածք, մարմնական վնասվածք չի ստացել ամբաստանյալը։ Իսկ դատաբժշկական փորձագետները հանգուցյալի դիակն ուսումնասիրելիս կյանքին վտանգ սպառնացող մի շարք վնասվածքներ են համարել: Ուրիշ ոչ մի բան։ Բադալյանի տանը հայտնաբերված է 38.55 գ ընդհանուր քաշով չորացրած մարիխուանա: Փաստաբան Ա. Հոբոսյանը պնդում է, որ ամբաստանյալը կատարել է արարք՝ շահադիտական նպատակով, այլապես, կարծում է փաստաբանը, ամբաստանյալը կպատասխաներ այն հարցին, թե սպանությունից հետո ինչու է վերցրել բջջային հեռախոսը, ինչու է դատարկել սպանվածի գրպանները։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել