Լրահոս
Օրվա լրահոսը

Օպտիմալացում՝ մինչեւ վերջ

Նոյեմբեր 18,2003 00:00

Օպտիմալացում՝ մինչեւ վերջ Խոսքը վերաբերում է Երեւանի քաղաքապետարանին Երբ Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը բողոքում էր, թե քաղաքապետարանը սեփական բյուջե չունի եւ հարկ է, որ Երեւանի մասին օրենք մշակվի ու քաղաքապետարանին սեփական բյուջե ձեւավորելու հնարավորություն տրվի, Ռոբերտ Քոչարյանը հակադարձում էր, թե մարդը փողի վրա նստած՝ կառավարությունից փող է ուզում: Անշուշտ, քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մի քանի վարչություններ կան, որոնք, իսկապես, «փող բերող» կարելի է անվանել: Բայց կախված քաղաքապետի ով լինելուց՝ այդ փողը կարող է օրենքով սահմանված կարգով համալրել ՀՀ պետական բյուջեն, որտեղից ՀՀ կառավարությունն իր հերթին դոտացիաների ձեւով հատկացումներ կանի նաեւ Երեւանի համայնքներին, կարող է նաեւ այնպես պատահել, որ այդ փողից մի շատ կլորիկ գումար մտնի քաղաքապետի եւ նրա ենթակաների գրպանը՝ շրջանցելով երկրիս պետբյուջեն: Եվ պատահական չէ, որ հենց «փող բերող» վարչություններն է, որ քաղաքապետարանը պինդ պահել է իր ձեռքում եւ համայնքների ենթակայությանը չի տալիս: Խոսքը գերեզմանները բաժանելու, 20 քմ տարածքով հողհատկացումներն առանց մրցույթի, եւ առավել եւս ավելի ընդարձակ հողատարածքները հատկացնելու, «մարշրուտկայի» գծերը բաժանելու մասին է: Կարծում ենք, հստակ է, որ թվարկած բոլոր ոլորտներն էլ «յուղոտ» պատառներ են, որոնք համակարգում է Երեւանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկման» ծառայությունը, Քաղաքաշինության եւ հողահատկացումների, նաեւ Տրանսպորտի վարչությունները: Քիչ չեն այն մարդիկ, ովքեր այսօր հարցնում են՝ իսկ ինչի՞ համար է Երեւանի քաղաքապետարանն իր մի շարք բաժիններով եւ վարչություններով, իր աշխատակազմով, որոնք նաեւ համանուն մինի-նախարարություններ են հիշեցնում, եթե նրանք, ըստ էության, մայրաքաղաքի ազգաբնակչության խնդիրները լուծել չեն կարող: Մասնավորապես, երբ հարց է բարձրացվում ձմռան ընթացքում բազմաբնակարան շենքերի ջեռուցման մասին, քաղաքապետարանի համապատասխան վարչությունից ասում են, թե բնակիչները պարտք են, վճարումներ չեն անում, «ՀայՌուսգազարդին» մի քանի միլիոնի պարտք է գոյացել, ուստի իրենք չեն կարող ապահովել այդ շենքերի կենտրոնացված ջեռուցումը: Այսօր պարզվում է՝ լավագույն դեպքում, մայրաքաղաքում հնարավոր է ջեռուցել միայն 500 բազմաբնակարան շենքեր, որոնց մասով նույնիսկ նախապատրաստական աշխատանքներ չեն տարվել: Երբ պատասխանատվության հարց է բարձրացվում Արաբկիր համայնքում ջրի աղտոտված լինելու, դրա հետեւանքները վերացնելու մասին, քաղաքապետարանը խուսափում է ոչ միայն ներողություն խնդրելուց, այլեւ՝ պատասխանատվությունից՝ մատնացույց անելով «Երեւանի ջրմուղ-կոյուղի» ՍՊԸ-ին, կամ՝ այլուր: Երբ երթուղային տաքսին վթարի է ենթարկվում եւ մարդիկ են զոհվում դարձյալ պարզվում է, որ քաղաքապետարանը կապ չունի եւ իբր տեղյակ էլ չի, թե որքան երթուղայիններ են ապօրինի գործում, առանց տեխստուգում անցնելու եւ այլն: Երբ համայնքներում աղբի մասին է խոսվում՝ խնդիրը բարդվում է համայնքների իշխանությունների վրա, երբ անօրինական շինություն է հայտնաբերվում՝ մեղավորը դառնում է թաղապետարանը, իսկ քաղաքապետարանը, իբր, նրանց սխալների «վերացնողն» է: Վերջին մեկ-երկու տարիներին մայրաքաղաքային նշանակության ճանապարհների ասֆալտապատումն էլ քաղաքապետարանն ինքը չի անում. փառք տանք «Լինսի» հիմնադրամին: Ինչ վերաբերում է կրթության ոլորտին, ապա այստեղ էլ մանկապարտեզները համայնքներինն են, իսկ դպրոցները՝ դպրոցական խորհուրդներն են կառավարում: Այս ցանկը չշարունակելու համար միանգամից ասենք, որ շատ փորձագետներ այսօր կարծիք են հայտնում, թե ՀՀ պետբյուջեի փողերը չմսխելու համար, թերեւս, քաղաքապետարանի նկատմամբ էլ «օպտիմալացման» ծրագիր պետք է իրականացնել իրականացնել: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել