Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ԷԻՆ

Նոյեմբեր 18,2003 00:00

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ԷԻՆ ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանին «Առավոտը» խնդրեց մեկնաբանել բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի պնդումները, թե հանքարդյունաբերության ոլորտում ՎՊ-ի իրականացրած ստուգումներն օրինական չեն, քանի որ՝ նախ, Վերահսկիչ պալատն ուսումնասիրություններ է իրականացնում ԱԺ հաստատած ծրագրի համաձայն, եւ բացի այդ՝ հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունները մասնավոր են, մինչդեռ ՎՊ-ն օրենքով լիազորված է ուսումնասիրել միայն բյուջետային ոլորտները: «Այդ ուսումնասիրությունները կատարվել են ծրագրին համապատասխան,- ասաց Գագիկ Ոսկանյանը:- Այնտեղ կոնկրետ չի ամրագրված ընդերքի օգտագործման նկատմամբ վերահսկողություն, այլ եղել է պետական գույքի կառավարման մասով: Իսկ ընդերքը համարվում է պետական գույք: Այդ ուսումնասիրությունները նախատեսված են եղել դեռ 2002-ի ծրագրում, բայց չէինք կարողացել իրականացնել»: ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահը նաեւ հայտնեց. «Մենք ուսումնասիրել ենք համապատասխանության գործընթացները. եթե պետությունն ընդերքը տվել է վարձակալության՝ ինչպե՞ս է իրագործվում շահագործումը, համապատասխանո՞ւմ է արդյոք օրենքներին: Ընդերքի օգտագործման համար պարտադիր են արտոնագիրը, պայմանագիրը, եւ լեռնահատկացման ծրագիրը: Մեր ուսումնասիրությունների շնորհիվ պարզվել է, որ 13 ընդերք շահագործող չունի պայմանագիր, 43-ը՝ լեռնահատկացման ծրագիր, իսկ 9-ի պարագայում ընդհանրապես գոյություն չունի ոչ մի փաստաթուղթ»: Բացահայտված այս խախտումների թվարկումից հետո զարմանք հայտնեցինք, թե ինչպես են իրազեկները պնդում, որ իրականում Վերահսկիչ պալատը ոչ այնքան ստուգումներ է իրականացրել, որքան միայն փող հավաքել: Սակայն Գագիկ Ոսկանյանը չզարմացավ. «Սովորական բան է: Վերահսկողություն իրականացնելիս հաճախ է լինում, որ վերահսկվողի կողմից տարածվում են նման հերյուրանքներ: Հսկայական թերություններ ենք հայտնաբերել: Վարդան Այվազյանը պնդում է, թե կրկնապատկել, եռապատկել են ընդերքօգտագործման վճարները, բայց դա կատարվել է հիմնականում մետաղական հանքերի շահագործման շնորհիվ: Իսկ մենք ուսումնասիրել ենք ոչ մետաղական՝ այսինքն, քարի, ավազի, խիճի հանքերը: Եվ պատկերացրեք՝ կրկնապատկվել են մարման պաշարները, իսկ ընդերքօգտագործման վճարներն աճել ընդամենը 7 տոկոսով: Եթե այստեղ էլ է կրկնապատկվել՝ ինչպե՞ս հասկանալ. ուրեմն մնացածը մնացել է ստվերում»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել