Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությանը հարմար մրցակից է պետք

Նոյեմբեր 18,2003 00:00

Իշխանությանը հարմար մրցակից է պետք Մեկնաբանում է Վազգեն Մանուկյանը Եթե իշխանությունները ուզում են ամեն գնով պահպանել իշխանությունը, իսկ իշխանությունները ժողովրդի պահանջները մոտակա 20 տարում բավարարել չեն կարող, ժողովուրդը պետք է համախմբվի, ասի՝ «Ընդդիմության մեջ դուք ձեզ գտեք միասնական թեկնածու, ես նրան սատար կանգնեմ, եկեք իշխանությունը փոխենք»: Այդ խաղում միշտ հաղթող է դուրս գալիս իշխանությունը: Այդ խաղը պետք է կոտրել: Ասենք՝ 4-5 տարի հետո նոր նախագահական ընտրություններ լինեն: Շատերը մտածում են՝ այդ ո՞վ պիտի գա, որ հավաքի այնքան ձայն, որքան ես հավաքել էի 96-ին կամ Ստեփան Դեմիրճյանը հավաքեց այս ընտրություններում: Երկու դեպքում էլ հնարավոր չեղավ իշխանություն փոխել: Այդ դեպքում ինչի՞ շնորհիվ պետք է փոխվի: Այս հարցը պատասխաններ ունի, բայց ես դրանք հետո կտամ: Իշխանությունը միշտ ուզում է ունենալ այնպիսի այլընտրանք, որի դեպքում ինչքան էլ դիմացինը ձայն հավաքի, բացատրություն լինի, թե ինչու է ինքը իշխանությունն իր ձեռքում պահում: Օրինակ՝ 96-ին Լեւոն Տեր-Պետրոսյանին շատ ձեռնտու կլիներ, որ իր դեմ համախմբված լինեին, ինչպես Ռուսաստանում, կոմունիստները: Այդ դեպքում նրա ցանկացած քայլ Արեւմուտքի, հասարակության համար ընդունելի կլիներ, այսինքն դիմացն այնպիսի ուժ է, որի դեմ պետք է պայքարել: Դա չստացվեց, եւ Տեր-Պետրոսյանը փորձեց ինձ մեղադրել ազգայնամոլության մեջ, այսինքն՝ եթե կոմունիստ չստացվեց, գոնե ֆաշիստի գույնով ներկեմ հակառակորդիս, որպեսզի կարողանամ հաղթել: 98-ի տեխնոլոգիան Կարեն Դեմիրճյանն էր: 98-ին հասկանալի էր, որ եթե նորից մնամ ես, որը 96-ից ձայներ ունի, եւ Ռոբերտ Քոչարյանը, ժողովուրդը նույն կերպ համախմբված կլինի Քոչարյանի դեմ: Երկրորդ անգամ տանկեր մտցնել չէին համարձակվի եւ իշխանությունը կկորցնեին: Դրա համար Կարեն Դեմիրճյանը կամա թե ակամա շատ կարեւոր դեր խաղաց: Միանգամից նոր ալիք առաջացավ եւ ձայները սկսեցին գնալ Դեմիրճյանի մոտ: Ինչքան էլ Դեմիրճյանի փեշից քաշում էին, չէին կարողանում, արդեն խաղի մեջ մտած Դեմիրճյանը իշխանությանն իմ վտանգից ազատեց, բայց վերջում մի նոր վտանգ առաջացրեց, որն իրենք լուծեցին: Որովհետեւ, վերջիվերջո, Դեմիրճյանին էլ կպցրին այն պիտակները, թե հին ռեժիմից է եւ այլն: Այս անգամ իշխանությունների համար կարեւոր էր, որ միասնական թեկնածու չլինի: Մյուս միավորումը՝ Գեղամյան Արտաշես-Դեմիրճյան Ստեփան, շատ վտանգավոր կլիներ իշխանության համար: Բացի բնական հակասություններից, երկու կողմի վրա էլ աշխատանք տարվեց, որպեսզի միավորում տեղի չունենա: Իհարկե, Ստեփան Դեմիրճյանին որպես հակառակորդ ունենալը Քոչարյանին ձեռնտու էր, որովհետեւ շատ հեշտ էր համոզել այն մի քանի տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք ոչ թե զգացմունքներով են առաջնորդվում, այլ կորցնելու բան ունեն այս երկրում, որ այդպիսի անփորձ երիտասարդ մարդը չի կարող երկիր ղեկավարել: Պատկերացրեք, եթե նրա փոխարեն ես լինեի, նույն ոգեւորությամբ Դաշնակցությունը կպայքարե՞ր: Դժվար կլիներ նրանց շարքերին համոզել, որ Հայաստանի փրկության համար պետք է անպայման Քոչարյանը մնա: Բայց Դեմիրճյանի դեպքում դա հեշտությամբ հաջողվեց: Հաջորդ ընտրություններին իշխանությունները պետք է կարողանան խոցելի այլընտրանքային քաղաքական ուժ գտնել՝ կոմունիստ, ֆաշիստ, անփորձ կամ՝ հետեւում կասկածելի օտար ուժ ունեցող: Հիմա այդ ուղղությամբ պետք է մտածեն, որ հեշտ հաղթեն: Պատրաստեց ԼԻԱՆԱ ՍԱՅԱԴՅԱՆԸ Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հետք» ինտերնետային թերթումwww.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել