Լրահոս
Օրվա լրահոսը

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՃ

Նոյեմբեր 18,2003 00:00

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՃ Կառավարությունը միաժամանակ բարեփոխում է թե՛ իր սեփական, թե՛ այլընտրանքային «ԶԼ» մասին օրինագծերը «Զանգվածային լրատվության մասին» կառավարության ներկայացրած ՀՀ օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո ԱԺ գիտության, կրթության եւ մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովը պետք է ամփոփի ստացված առաջարկությունները։ Հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, թե իրենք սպասում են ԵԽ եւ ԵԱՀԿ փորձագետների գնահատականին։ Տիկին Հակոբյանի հավաստմամբ, բոլոր առաջարկները, իհարկե, հաշվի կառնվեն. «Որեւէ խելացի եւ ճիշտ հարցադրում, որն իրոք պետք է նպաստի խոսքի ազատությանը, մենք կընդունենք, հակառակը չենք անելու եւ որեւէ սահմանափակում չենք դնելու։ Դա է պատճառը, որ ես խնդրել եմ հետաձգել «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը։ Այն նորմերը, որ մենք կսահմանենք, անպայման նաեւ տուգանքներ եւ տույժեր կնախատեսեն, որպեսզի համապատասխան պաշտոնատար անձը կամ որեւէ կառույցի ներկայացուցիչ չխոչընդոտի լրատվության միջոցների գործունեությանը։ Ես հակված եմ հնարավորինս խստացնել բոլոր այն պատժամիջոցները, որոնք կարող են խանգարել ազատ խոսքին մեր երկրում»։ Մինչ այս ամենը տեղի կունենար, խորհրդարանում ներկայացվել է մեկ այլ նախագիծ՝ «Արդարություն» խմբակցության կողմից, որը կոչվում է «Մամուլի ազատության մասին» ՀՀ օրենքի նախագիծ։ Սույն նախագիծն արդեն մեկ ամիս գտնվում էր գլխադասային հանձնաժողովի տրամադրության տակ, սակայն վերջինս առանց որեւէ գնահատականի երեկ այն ներկայացրել էր ԱԺ օրակարգ։ Օրինագծի համահեղինակ Վիկտոր Դալլաքյանը իր հերթին առաջարկեց այն հետաձգել 15 օրով։ Հարցն այսքանով չի փակվում, քանի որ ՀՀ կառավարությունը վերոհիշյալ նախագծի համար երեք էջանոց եզրակացություն է գրել, որում արվել են 12 կետից կազմված առաջարկություններ։ Միաժամանակ կառավարությունը հայտնել է, թե վերոհիշյալ օրենքի նախագիծը ԱԺ-ում քննարկելու դեպքում հարակից զեկուցմամբ հանդես կգա արդարադատության նախարարի տեղակալ Աշոտ Աբովյանը։ Իրավիճակն այսքան արտառոց չէր լինի, եթե նույն կառավարությունը ԱԺ-ում առաջին ընթերցմամբ արդեն անցկացրած չլիներ այնքան աղմուկ հանած իր իսկ հեղինակած «Զանգվածային լրատվության մասին» օրինագիծը։ Սա այն «բացառիկ» դեպքերից է, երբ կառավարությունը ձգտում է չափից դուրս ժողովրդավար երեւալ (եվրոպական կառույցների առաջ), քան կա իրականում։ Կառավարության եզրակացության մեջ նշված 12 առաջարկություններից յուրաքանչյուրը թերեւս չարժե առանձին քննարկել, սակայն ի՞նչ կստացվի, եթե «Մամուլի ազատության մասին» օրինագծի հեղինակները ընդունեն կառավարության կողմից արված բոլոր առաջարկները։ Ի դեպ, Վիկտոր Դալլաքյանը երեկ մեզ հետ զրույցում հենց դա էլ ասաց՝ «Հիմնականում կառավարության ներկայացրած առաջարկները ընդունելի են մեզ համար»։ Այս դեպքում կառավարությունը հայտնվում է իրոք ծիծաղելի վիճակում։ Եթե արվել է 12 առաջարկ եւ 12-ն էլ ընդունվել է, ուրեմն կառավարությունը պարզապես չի կարող բացասական գնահատական տալ, եթե իր ասածներն ընդունվել են, ուրեմն ինչի՞ն կարող են դեմ լինել։ Նման նախադեպ՝ երբ որեւէ օրենքի նախագիծ ընդունվել է առաջին ընթերցմամբ եւ հետո դրվում է մեկ ուրիշ օրենքի նախագիծ ու դեռ առաջին ընթերցմամբ ընդունվածի հեղինակներն էլ 12 կետանոց առաջարկներ են անում, Վ. Դալլաքյանի վկայությամբ, չի եղել 95 թվից ի վեր. «Նման բան ԱԺ-ում չի եղել, ես կարծում եմ, որ դեր է խաղացել այն հանգամանքը, որ ԶԼՄ-ների օրենքի նախագծի հարցը մեծ հնչեղություն է ստացել հանրության կողմից եւ կառավարության համար շատ խնդրահարույց կլիներ, եթե միանգամից հայտարարեր, թե ՄԱԱ-ի նախապատրաստած տարբերակին դեմ են»։ ԱԺ գիտության, կրթության եւ մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանին հարցրինք, թե ինչով է բացատրվում ստեղծված իրավիճակը՝ «քննարկումների արդյունքում միշտ էլ փոփոխություններ լինում են»,- եղավ պատասխանը։ Քանի որ պատասխանը շարունակություն չունեցավ, ենթադրելի է մնում, որ «Մամուլի ազատության մասին» օրինագծի քննարկումների ընթացքում դեռ կլինեն փոփոխություններ եւ չի բացառվում՝ կունենանք միեւնույն ոլորտը տարբեր ձեւով կարգավորորղ երկու տարբեր օրենք։ Հայաստանում ամեն ինչ հնարավոր է։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել