Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐ «ԶԵՅԹՈՒՆ» ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՈՒՄ

Նոյեմբեր 15,2003 00:00

ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐ «ԶԵՅԹՈՒՆ» ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՈՒՄ Հինգշաբթի կառավարությունում քննարկվել է ԿԳ նախարարության մի նախագիծ, որի համաձայն առաջարկվում է թույլատրել պետական գույքի կառավարման վարչությանը՝ «Զեյթուն ուսավան» հիմնադրամի սեփականություն հանդիսացող 4-րդ մասնաշենքը ընդունել որպես նվիրատվություն: Այդ նվիրատվությունը տվյալ վարչությունը որպես գույքային ներդրում պիտի փոխանցի «Հայ-ֆրանսիական համալսարան» հիմնադրամին՝ դրանով իսկ կառավարությանը դարձնելով այդ հիմնադրամի հոգաբարձուական խորհրդի անդամ: Հիշեցնենք, որ «Հայ-ֆրանսիական համալսարան» հիմնադրամի նախագահն է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Այս տեղեկությունը հաստատեց ԿԳ նախարարության քարտուղարության պետ Գրիգորի Հովհաննիսյանը՝ ճշտելով, թե նախագիծը ներկայացվել է ԱԳՆ-ի կողմից: Նա ավելացրեց, որ հանրակացարանային 4-րդ մասնաշենքում հնարավոր չէ ուսումնական պրոցես իրականացնել, այդ իսկ պատճառով, «Զեյթուն ուսավան» հիմնադրամի հոգաբարձուական խորհրդի (նախագահ՝ ԿԳ նախարար Սերգո Երիցյան) հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ 4-րդ մասնաշենքը 1-ինի հետ փոխանակելու մասին: Իսկ 1-ին մասնաշենքը (ինչպես եւ 2-րդը, 3-րդը), հիշեցնենք, պատկանում է Արթուր Բաղդասարյանի հիմադրած Եվրոպական տարածաշրջանային ակադեմիային: Այսպիսով, Ֆրանսիական համալսարանի ուսանողները դասեր կանցկացնեն 1-ին մասնաշենքում, իսկ փոխարենը Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի 3-րդ մասնաշենքը, որ ծառայում էր իբրեւ ակադեմիայի հանրակացարան, մասամբ կտեղափոխվի 4-րդ մասնաշենք: Այս մասնաշենքն էլ կվերանորոգի ակադեմիան ու կվերցնի 3 հարկերը՝ մնացածը անհատույց անժամկետ օգտագործման հանձնելով «Զեյթուն ուսավան»-ին: «Ի՞նչ վատ բան կա այս ամենում»,- հռետորական հարց է ուղղում քարտուղարության պետը եւ հավելում, որ տարբեր բուհերի ներգրավելով հանրակացարանային մասնաշենքերի վերանորոգման աշխատանքներին՝ մինչեւ 2004 թ. վերջը կունենանք եվրոպական ստանդարտներին համապատասխան ուսավան: Իսկ ի՞նչ ճակատագիր է սպասվում Հայ-ֆրանսիական համալսարանի դատարկված շենքին, դեռեւս պարզ չէ: Հ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել