Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլմ՝ մեր օրերի մասին

Նոյեմբեր 15,2003 00:00

Ֆիլմ՝ մեր օրերի մասին Շուտով հանդիսատեսի դատին կհանձնվի Աշոտ Գեւորգյանի դեբյուտը՝ «Անթրոպոլոգիա» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը: Ֆիլմի գլխավոր դերակատարն է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Հովհաննես Բաբախանյանը։ Մինչ «Անթրոպոլոգիան», Ա. Գեւորգյանը հիմնականում վավերագրական ֆիլմեր («Շուշի», «Անդրանիկ», «Զարկերակ») է նկարահանել ու համարում է, որ այս գեղարվեստական ֆիլմով իրականացել է իր վաղեմի երազանքը։ Հեռուստադիտողին Ա. Գրիգորյանը ավելի շատ հայտնի է երգչուհի Շուշան Պետրոսյանի երգերի հիման վրա նկարահանված «Կիլիկիա», «Իմ անուշ հայրենիք», «Կնոջ պատմություն» տեսահոլովակներով։ Ռեժիսորի հավաստմամբ, «Անթրոպոլոգիան» նկարահանված է թվային լավագույն տեխնիկայով եւ սեփական միջոցներով։ Թե ինչքան է եղել ֆիլմի բյուջեն, Ա. Գեւորգյանը հարմար չգտավ հայտնել, ասելով, որ դա էական չէ ու կարեւորը «հոգու ֆիլմ» նկարելն է։ Ա. Գեւորգյանը ֆիլմի սցենարը գրել է հատուկ Հովհաննես Բաբախանյանի համար, գտնում է, որ նա մերօրյա հաջողված դերասաններից է։ Ֆիլմում հնչում են նաեւ ռեժիսորի բանաստեղծությունները։ Հ. Բաբախանյանի հերոսը դերասան է, ոը զբաղվում է նաեւ լրագրությամբ։ Ֆիլմում պատկերված է նրա կյանքի մեկ օրը, որ բնորոշ է այսօրվա շատ ընտանիքներին։ Հերոսի այդ օրը այդքան էլ հաջողակ չէր։ Նախ կինն է վիճում նրա հետ՝ երեսով տալով «տղամարդկության պակասը», այնուհետեւ թերթի խմբագիրը մերժում է նյութը, որի հետ հույսեր էր կապել։ Ամենավերջում սիրուհին է սպառնում վռնդել, եթե չհեռանա կնոջից։ «Այդ մեկ օրը հագեցած է թե կենցաղային պրոբլեմներով, թե ստեղծագործական թռիչքներով։ Ցավոք, հասարակությունը չի թողնում, որ մեր հերոսը լուրջ թռիչքներ ունենա»,- ափսոսաց Ա. Գեւորգյանը։ «Անթրոպոլոգիա» ֆիլմում մյուս դերերը վստահվել են Կարեն Ջանիբեկյանին, Արմեն Մարությանին, Լուիզա Ղամբարյանին, Նաիրա Ենգիբարյանին։ Ֆիլմի երաժշտությունը գրել են Վահան Արծրունին ու Միքայել Գանյանը։ Հովհաննես Բաբախանյանից հետաքրքրվեցինք՝ դժվար չէ՞, լինելով թատրոնի դերասան, խաղալ կինոյում եւ արդյո՞ք կարողանում է ձերբազատվել թատրոնի դպրոցից։ Ի պատասխան՝ դերասանն ասաց. «Թատրոնի եւ կինոյի տարբերությունը զուտ տեխնիկական է։ Դերասանը պետք է կարողանա ապրել եւ բեմում, եւ տեսախցիկի առջեւ։ Բեմում տարածություն կա, որը ստիպում է քեզ՝ դիմել ժեստերի լեզվին, ցուցադրական արվեստին։ Թատրոնի դերասանը հնարավորություն ունի շտկելու, փոփոխելու, զարգացնելու ցանկացած դերակատարում։ Այս առումով կինոն ավելի խիստ է. այն ֆիքսում է դերասանի ստեղծագործական պահերը»։ «Անթրոպոլոգիա» ֆիլմի ռեժիսոր Աշոտ Գեւորգյանը հույս ունի, որ հայ հանդիսատեսը լավ կընդունի ֆիլմը, քանի որ այնտեղ մերօրյա վիճակներ ու հերոսներ են։ Իսկ Հովհաննես Բաբախանյանը կարծում է, որ «Հայաստանում նկարահանվող բոլոր ֆիլմերից հետո էլ լինում են «բայցեր»։ Եվ սրա պատճառն այն չէ, որ մենք չար ենք։ Ուղղակի հին, թանձրացած, ճաշակ ունեցող ազգ ենք, ուստի ամեն չնչին թերություն էլ մեզ համար անհանդուրժելի է»։ Ա. ՔԵՇԻՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել