Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ մասնագիտություն պետք է ունենա լրագրողը

Նոյեմբեր 15,2003 00:00

Ի՞նչ մասնագիտություն պետք է ունենա լրագրողը Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ողջ աշխարհում լրագրությամբ զբաղվողների առնվազն 50 տոկոսը լրագրողի մասնագիտություն չունի: Հայաստանցի լրագրողներս ԱՄՆ մի շարք թերթերի խմբագրություններ այցելությունների ընթացքում տարբեր կարծիքներ էինք լսում այն մասին, թե ինչ մասնագիտություն պետք է ունենա լրագրողը, եւ թե ինչ չափանիշներով են նրանք լրագրողին աշխատանքի ընդունում: Չափանիշների առումով հայաստանյան լրագրողական աշխատանքին մոտ էր «Վաշինգթոն թայմզ» թերթը: Սակայն մինչ նմանություններին անցնելը, նշենք, որ այս օրաթերթն ունի 100 հազար տպաքանակ, 125 հաստիքային թղթակից եւ հոնորարով աշխատող մեկ տասնյակ արտասահմանյան թղթակիցներ: «Վաշինգթոն թայմզը», ինչպես հայաստանյան շատ խմբագրություններ, ունի իր գլխավոր խմբագիրը, տարբեր ոլորտներով զբաղվող պատասխանատու-խմբագիրները, եւ մի շարք ազատ լրագրողներ, որոնց խմբագիրները կոչում էին «վազվզող ջահելներ»: Վերջիններս խմբագրություն են գալիս օրվա վերջում, իսկ եթե տվյալ նյութը օրեր է պահանջում, կարող են եւ՝ չգալ: Լրագրողները մեզ հետ զրուցելիս ասում էին, որ որեւէ նյութ պատրաստելիս ժամանակային սահմանափակումներ չեն ունենում, նյութի վրա աշխատում են այնքան, որքան անհրաժեշտ է, եւ դա իրենց աշխատավարձի վրա չի ազդում: Վերջինիս չափը կախված է նյութի որակից եւ նրանից, թե որքանով են հավաստի տեղեկությունները, փաստերը, որ ներառել ես նյութիդ մեջ, արդյոք խմբագրությունը քո նյութերի հետ կապված հերքումներ ստացել է, թե ոչ: «Եթե մենք 4-5 օր ոչինչ չներկայացնենք մեր խմբագրին, նա միայն կհարցնի, թե մենք ինչով ենք զբաղված: Հնարավոր է, որ մենք մի քանի օր պարզապես մտորում ենք, նախապատրաստվում՝ որեւէ նյութի հետքերով գնալու համար»,- ասաց լրագրողներից մեկը: Թերթի խմբագիրներից մեկն ասաց, որ աշխատանքի ընդունելիս իրենք հաշվի չեն առնում ընդունվողի մասնագիտությունը. «Կարեւորն այն է, որ նա գրել կարողանա, «իմանա ամեն ինչից մի քիչ՝ եւ ամեն ինչ՝ մեկից»: Այսինքն՝ գաղափար ունենա բոլոր ոլորտներից, բայց մասնագիտացած լինի մի ոլորտի մեջ: «Մենք նույնիսկ գերադասում ենք աշխատանքի ընդունել լավ գրել իմացողի ու ինքներս մասնագիտացնել տվյալ ոլորտի մեջ, քան վերցնել ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտին, որ մտքերը չի կարողանում մատչելի լեզվով ներկայացնել: Մեր ավագ սերնդի լավագույն լրագրողների մեջ շատ կան այնպիսիք, որ անգամ միջնակարգ կրթություն չունեն»: Իսկ ընդհանրապես «Վաշինգթոն թայմզում» տարածված էր այն կարծիքը, թե լրագրողը պետք է պատմաբան լինի, քանի որ վերջիններս լայն մտահորիզոն ունեն, զարգացած մարդիկ են: Կարեւորվեց այն հանգամանքը, որ լրագրողը ամուսնացած չպետք է լինի: Ավելի ճիշտ՝ նա պետք է ամուսնանա, բայց իր մասնագիտության հետ. «Հնարավոր չէ ունենալ նորմալ ընտանիք եւ լինել լավ լրագրող: Մի կողմն անպայման կտուժի»: Լրագրողին աշխատանքի ընդունելիս այլ սկզբունքներով է առաջնորդվում «Ասոշիեյթիդ փրեսս» գործակալությունը: Ըստ վերջինիս մի աշխատակցի, լրագրողի մասնագիտություն ունենալն այստեղ չափանիշ է, իսկ աշխատանքի անցնելու համար լրագրողից 18 ամսվա աշխատանքային փորձ է պահանջվում: «Բացի այդ, հատուկ ուշադրություն ենք դարձնում այն հանգամանքի վրա, որպեսզի լրագրողը կաշառք չվերցնի, այլապես մենք կունենանք կողմնակալ լրատվություն»: Իսկ լրագրողի անկաշառությունը կամ կաշառվածությունն, ըստ նրա, ակնհայտորեն երեւում է իր պատրաստած նյութերից: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել