Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր վարակ Գյումրիում

Նոյեմբեր 15,2003 00:00

Նոր վարակ Գյումրիում Գյումրիի դպրոցները դեռեւս չեն ջեռուցվում, իսկ ինֆեկցիոն հիվանդություններն այս շրջանում աշակերտներին «հանգիստ» չեն թողնում: Միայն թիվ 11 դպրոցում վերջին 10 օրվա ընթացքում հայտնաբերվել է ջրծաղիկով վարակված քսան աշակերտ, որոնցից տասնհինգը 3Ե դասարանում: Իսկ վարակվածներից հինգը համարվում են կոնտակտավորներ այլ դասարանցիների հետ (այսինքն քույր, եղբայր ունեն այլ դասարաններում): Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Արմինե Անդրյանը զարմանալիորեն ամեն ինչ բնականոն է համարում, բռնկում չի տեսնում՝ նշելով, որ վարակը մեկ-երկու օր ընդմիջումներով է տարածվել: Այսինքն, նրա տրամաբանությամբ, ավելի մեծ թվով հիվանդներ պետք է լինեն, որպեսզի վիճակը համաճարակային համարվի: Այնուամենայնիվ, այլ մասնագետներ պնդում են, որ վարակվածների թիվը շատ ավելին է, պարզապես ոմանց մասին տեղեկություններ չկան: Իսկ «Կարմիր խաչի» անվան պոլիկլինիկայի գլխավոր մանկաբույժ Գրետա Ավետիսյանը «վիրուսի գլուխ բարձրացնելը» ջեռուցում չլինելու հետ է կապում: (Շիրակի մարզպետարանի կրթության վարչությունից հայտնեցին, որ այս մարզի հարթավայրային դպրոցներում ջեռուցումը նոյեմբերի 18-ից է սկսվելու եւ տեւելու է 35 օր): Բժիշկներից շատերի կարծիքով, այս տարածաշրջանի երեխաները ցածր իմունիտետ ունեն. ցուրտը բնականաբար նպաստում է դիմադրողականության անկմանը, որի պայմաններում երեխաները վիրուսն ավելի շուտ են ընդունում: Ոչ պաշտոնական տվյալներն, ինչպես միշտ, խիստ հակադրվում են պաշտոնականին: Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային կենտրոնի տվյաների համաձայն, հոկտեմբերի 1-ից առ այսօր գրանցվել է 60 հիվանդ: Չնայած բժիշկ-մասնագետները չեն բացառում հիվանդության չբացահայտված դեպքերը: Նրանց հավաստմամբ, ընտանիքում ջրծաղիկի մեկից ավելի դեպքեր գրանցվելու կամ բժշկի թուղթ ձեռք բերելու համար են միայն հիշում բժիշկներին: Հակառակ երեւույթն ընդհանրապես եզակի բնույթ է կրում. բուժհիմնարկները ինֆեկցիոն հիվանդությունների բացահայտման ուղղությամբ աշխատանքներ քիչ են տանում: «Առավոտը» դեռեւս խոզուկ հիվանդության օրինակով անդրադարձել էր ծնողների այն դժգոհությանը, որ բուժքույրերի կողմից ակտիվ տեղամասային այցեր չեն կազմակերպվում: Բուժքույրերն էլ իրենց հերթին գործող մեխանիզմի սխալ լինելուց, չնչին աշխատավարձ՝ 5000-6000 դրամ ստանալուց են դժգոհում, իրավամբ նշելով, որ այդ գումարը «միայն կոշիկ գնելու համար էլ չի բավականացնում»: Որոշ բժիշկներ էլ ոչ բոլոր բուժքույրերին են վստահում. նրանց կարծիքով բուժուսումնարանները մեծամասամբ «անգրագետ, թույլ» կադրեր են պատրաստում, եւ շատերը վարակը բացահայտել չեն կարողանում: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ Հ. Գ. Մինչ բուժաշխատողները արդարանալու տարբեր ձեւեր են գտնում, ինֆեկցիոն շղթան շարունակում է հյուսվել: Չստուգված տեղեկություններով, ջրծաղիկը թափանցել է նաեւ Գյումրիի մանկապարտեզներ: Բացի այդ, մամուլը հաղորդել է, որ այս օրերին Վանաձորում էլ խոզուկ է տարածված: Իսկ Երեւանում դիզենտերիայով հիվանդների հոսքն այդպես էլ չի դադարում: Այս ամենով հանդերձ, վիճակը պաշտոնատար բժիշկները համաճարակային չեն համարում, հակառակ դեպքում ստիպված են լինելու արդարանալ կանխարգելիչ միջոցներ չձեռնարկելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել