Ե. ԶԱԽԱՐՅԱՆԸ ԹԱՔՑՆՈՒՄ Է ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ծանոթանալ Երեւանի քաղաքապետի որոշումներին: Դրանք բաց փաստաթղթեր են եւ պետք է մատչելի լինեն յուրաքանչյուրին, այդ թվում մեզ՝ լրագրողներիս: 2003թ. հոկտեմբերի 2-ին նամակով դիմեցինք Երեանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին՝ խնդրելով թույլ տալ տեղում ծանոթանալ Ազգային օպերայի եւ բալետի պետական թատրոնի մերձակա տարածքում սրճարաններ կառուցելու համար հողահատկացումների վերաբերյալ նախկին քաղաքապետեր Վանո Սիրադեղյանի, Սուրեն Աբրահամյանի, Ալբերտ Բազեյանի եւ Ռոբերտ Նազարյանի 1997-2003 թթ. կայացրած որոշումներին: Ուղիղ 40 օր մտածելուց հետո քաղաքապետ Երվանդ Զախարյանի ներկայացուցիչը՝ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Կոշեցյանը, այսպիսի պատասխան է թողել քաղաքապետարանի ընդունարանում՝ մեզ փոխանցելու համար: Ահա այդ բացառիկ տողերը. «Երեանի քաղաքապետարան հասցեագրված Ձեր գրության կապակցությամբ հայտնում եմ, որ Ձեզ անհրաժեշտ է ճշտել ինչ կոնկրետ տեղեկություններ եք ակնկալում ստանալ Երեանի քաղաքապետարանից»: Այս նախադասությունը գրելու համար քաղաքապետարանին անհրաժեշտ էր 40 օր: Իրականությունն այն է, որ մեր պահանջած բոլոր որոշումները արխիվից հանվել, պատճենահանվել եւ ուղարկվել են քաղաքապետին: Թե ինչու է Երվանդ Զախարյանը խուսափում տրամադրել նախկին քաղաքապետերի որոշումները, մենք դեռ կփորձենք պարզել: Իսկ «Մենք գիտենք՝ ովքեր են տերերը» շարքը հաջորդ շաբաթվանից կներկայացնի ոչ միայն Օպերայի այգու, այլեւ Օղակաձեւ զբոսայգու եւ Բաբայան փողոցի հարեւանությամբ գտնվող այգու տարածքում կատարված հողահատկացումները եւ դրանց իրական տերերին: Իսկ Երեանի քաղաքապետից մեզ անհրաժեշտ տեղեկությունները ստիպված ենք ստանալ դատարանի օգնությամբ: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am