Լրահոս
Օրվա լրահոսը

Հավերժական ձգձգո՞ւմ

Նոյեմբեր 15,2003 00:00

Հավերժական ձգձգո՞ւմ Թեեւ հայաստանյան փորձագետները պնդում էին, թե Հայաստանում եւ Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն ինտենսիվ բնույթ կստանան, այդուհանդերձ, հետեւելով հայաստանյան եւ օտարերկրյա ԶԼՄ-ների հաղորդագրություններին տպավորություն կա, թե հիմա ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ քննարկումներն ավելի շատ, այսպես ասած, «արտագնա» բնույթ են կրում: Այդուհանդերձ, փորձագետների մի մասը շարունակում է պնդել, թե ԼՂ հակամարտության բանակցային պրոցեսում ամենամոտ ապագայում ակտիվացում կլինի, բայց դա չի նշանակում, թե միջազգային հանրությանն ու մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբին կհաջողվի խնդրին արագ, ասենք, առաջիկա մեկ տարվա ընթացքում, լուծում տալ: Նման կանխատեսում, ի դեպ, ժամանակին արել էր հենց ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Բանն այն է, որ մեր մի քանի զրուցակիցների պնդմամբ, Մինսկի խմբում եռանախագահող երկրների միջեւ որոշակի հակասությունները կարող են անդրադառնալ խնդրի կարգավորման եւ բանակցային պրոցեսի վրա: Խոսքն այն մասին է, որ փորձագետների պնդմամբ, մասնավորպես, Ֆրանսիան ոչ կառուցողական դիրք է բռնել եւ հակված է ձգձգել խնդրի արագ կարգավորումը, որի դեպքում տարածաշրջանում ակնհայտորեն մեծանալու է ԱՄՆ դերակատարումը: Նույն պատճառաբանությամբ, բայց Ֆրանսիայից տարբերվող շահերով, առաջնորդվում է նաեւ Ռուսաստանը: Տեղեկություններ կան նաեւ, թե հիշյալ պետությունների նախագահները, ովքեր ժամանակին, ի տարբերություն ԵԽ այլ երկրների, շտապեցին առաջիններից մեկը շնորհավորել Հայաստանի եւ Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահներին, վերջիններիս հասկացնել են տվել, թե կօգնեն խնդրի լուծումը եւս առժամանակ հետաձգելու հարցում, ինչն, իհարկե, ձեռնտու է եւ Քոչարյանին, եւ Ալիեւին: Իսկ եւս մեկ տարի ձգձգելը կնշանակի դրանից հետո էլ սպասել Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ավարտին: ԼՂ հակամարտության կարգավորման ձգձգման պատճառ է համարվում նաեւ բանակցությունների ֆորմատի փոփոխությունը, որը հայ փորձագետների գնահատմամբ միանգամայն ռեալ է, որովհետեւ մինչ այս բանակցություններն ընթացել են, ըստ էության, երկու կողմերի՝ Քոչարյանի եւ ավագ Ալիեւի միջեւ, «դեմ առ դեմ» ֆորմատով: Մինչեւ վերադարձ նախկին ֆորմատին եւս ժամանակ է պետք, առավել եւս, երբ արդեն հայկական երկու կողմերը՝ Հայաստանն ու ԼՂՀ-ն հարց են բարձրացնում ԼՂ-ին բանակցային պրոցես վերադարձնելու անհրաժեշտության մասին: Ընդ որում, տեղեկություններ կան նաեւ, թե ԱՄՆ-ն էլ իր հերթին հակված է ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների կազմում թարմություն մտցնելու եւ Ֆրանսիան Գերմանիայով փոխարինելու համար: Իսկ ընդդիմության մի հատվածը, որը Ռ.Քոչարյանի պաշտոնանկությունը հակված էր կապելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման եւ դրա համատեքստում միջազգային հանրության կողմից Քոչարյանին «պատին դեմ տալու» հույսերի հետ, եւս առժամանակ, եթե ոչ առաջիկա հինգ տարում, կմնան չիրագործված: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿԻՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել