Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿ ԺԱՄ՝ ՇԵՎԱՐԴՆԱՁԵԻՆ

Նոյեմբեր 15,2003 00:00

ՄԵԿ ԺԱՄ՝ ՇԵՎԱՐԴՆԱՁԵԻՆ Ներքաղաքական ճգնաժամը Վրաստանում շարունակվում է Խորհրդարանական ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմությունը, ինչպես եւ խոստացել էր, երեկվանից Թբիլիսիի կենտրոնում, խորհրդարանի շենքի առջեւ սկսել է «հսկայական» եւ «վճռական» հանրահավաքը: Մինչդեռ Շեւարդնաձեն, դրժելով ստեղծված իրավիճակի կարգավորմանը ռազմական ստորաբաժանումներին մասնակից չդարձնելու իր երբեմնի խոստումը, զրահատեխնիկայի շարասյուն է մտցրել մայրաքաղաք, որը դիրքեր է գրավել պետական գերատեսչությունների նստավայրերի մերձակայքում: Հաղորդագրություններ են ստացվում նոր շարասյուների ժամանման մեծ հավանականության մասին: Միեւնույն ժամանակ, Վրաստանի մայրաքաղաքը հեղեղված է ՆԳ հատուկ նշանակության մարտիկներով լեցուն «Իկարուսներով»: Առաջին հայացքից կարող է թվալ, թե ընդդիմությանը «խելքի բերելուն» ուղղված՝ Շեւարդնաձեի վճռական գործողություններն անմիջական արդյունքն են Աջարիայի ղեկավար Ասլան Աբաշիձեի մոսկովյան «հաջող» բանակցությունների: Երեկ Մոսկվայից լուրեր էին ստացվում այն մասին, թե Աբաշիձեն գոհունակություն է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Իգոր Իվանովի հետ իր ունեցած զրույցի առիթով եւ անգամ հույժ գաղտնիության պայմաններում հանդիպել է ՌԴ նախագահ Պուտինին: Սակայն, չնայած Իվանովի եւ Աբաշիձեի՝ ուշ երեկոյան տված կարճատեւ բրիֆինգին, այդպես էլ նրանց զրույցի բուն մանրամասների մասին որեւէ բան հայտնի չդարձավ: Այդուհանդերձ, գրեթե ակնհայտ է, որ Մոսկվան ձեռնպահ կմնա վաղուց (իսկ վերջին օրերին՝ առավել եւս) քաղաքական դիակի վերածված Շեւարդնաձեի կաշին փրկելուն միտված անպտուղ եւ քաղաքականապես խիստ կասկածելի հեռանկար ունեցող որեւէ ձեռնարկից: Ավելին, վերջին տարիներին Մոսկվան ինքը քանիցս իր անսքող դժգոհությունն է արտահայտել Շեւարդնաձեի «հակառուսական» կեցվածքի կապակցությամբ, եւ այժմ առնվազն տարօրինակ կլիներ ի հեճուկս միջազգային հանրության եւ պարզապես՝ ի հեճուկս տրամաբանության, աջակցել բոլոր առումներով իրեն սպառած այդ գործչին, թեեւ վերջին օրերին նա չտեսնված ռեւերանսներ է անում Կրեմլի ուղղությամբ: Ուժային ճնշմամբ Վրաստանի վերջնականապես հեղինակազրկված նախագահին էլի մի որոշ ժամանակ իշխանության ղեկին պահելն այսօր հավասարապես չի մտնում նաեւ ԱՄՆ-ի ու Եվրոպայի ծրագրերի մեջ, որոնց համար ակնհայտորեն ավելի նախընտրելի է «գործ բռնել» շատ ավելի վճռական, շատ ավելի արեւմտամետ, շատ ավելի երիտասարդ եւ վերջապես՝ շատ ավելի հեղինակավոր ընդդիմության հետ: Նկատենք, որ այս բնութագրման մեջ որեւէ կերպ չի տեղավորվում նաեւ ներկայումս Մոսկվայի «դռներն ընկած» գավառական իշխանիկ Ասլան Աբաշիձեն: Այսպիսով, Շեւարդնաձեն, փաստորեն, միայնակ է մնացել իր դժբախտության ու իր երբեմնի ոխերիմ թշնամի՝ այժմ էլ իր անձնական խնդիրները տենդագին լուծել փորձող Աբաշիձեի հետ, եւ զինուժի օգնությանը դիմելու նրա քայլերն ավելի շատ հուսահատ ջղակծկումների են նմանվում, քան փորձառու քաղաքական գործչի հաշվենկատ գործողությունների: Իհարկե, Շեւարդնաձեն մերթընդմերթ փորձում է նաեւ օգտագործել սրտաճմլիկ ռադիոուղերձներով բորբոքված հանրությանը փոքրիշատե մեղմելու հնարքը, սակայն, այդ բանը նրան, մեղմ ասած, չի հաջողվում: Ի դեպ, ինչ վերաբերում է վերջին օրերին եռանդով շրջանառվող՝ Երեւանի եւ Բաքվի գործոններին, ապա վերջիններիս միջամտությունը վրաստանյան իրադարձություններին գրեթե բացառված է: Չափազանց դժվար է ենթադրելը, թե բոլորովին վերջերս նույն, իսկ գուցեւ շատ ավելի մեծ չափով խայտառակված Քոչարյանի կամ Ալիեւի վարչախմբերը օգնության կշտապեն իրենց ոչ լեգիտիմ «եղբայրակցին»՝ այս անգամ ցուցարարներին ճնշելով հարեւան երկրում: Երեկ ուշ երեկոյի դրությամբ Վրաստանի արմատական ընդդիմության առաջնորդ Միխաիլ Սաակաշվիլին ընդամենը մեկ ժամ էր տրամադրել Շեւարդնաձեին՝ վերջնական որոշում կայացնելու համար: Մինչ այդ, ԿԸՀ-ի շենքի մոտ ուղղակի հրաշքով էր հաջողվել խուսափել զանգվածային բախումներից: Թեեւ, արժե նկատել, որ բախումների հեռանկարը վրաստանյան ցուցարարներին ու առավել եւս՝ նրանց առաջնորդներին առանձնապես չի վախեցնում: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել