Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՂԻՆ ԶՈՌ ՉՏԱՔ»

Նոյեմբեր 14,2003 00:00

«ԱՂԻՆ ԶՈՌ ՉՏԱՔ» Երեւանի թաղապետարաններում անցկացված հարցումից կարելի է եզրակացնել, որ այս ձմեռ նրանք փողոցներն ու մայթերը կմաքրեն նույն որակով, ինչ նախորդ ձմեռ, որ այս ձմեռ նույնպես աղն ու ավազը կխառնվեն նույն՝ «ճիշտ» համամասնությամբ, որպեսզի չփչացնեն ասֆալտը։ Խառնուրդի չափերի մասին տարբեր տեղեկություններ ստացանք։ Կենտրոն համայնքի բարեկարգման եւ կոմունալ բաժնի պետ Միքայել Դավթյանի կարծիքով, աղն ու ավազը պետք է խառնել մեկին հինգ համամասնությամբ, իսկ Նոր Նորքից նրա գործընկեր Վարդան Աղաբեկյանը խառնուրդի անվտանգ ու էֆեկտիվ տեսակը պատկերացնում է 1-ին 10 չափաբաժնով։ Քանաքեռ-Զեյթունի փոխթաղապետ Գագիկ Ավետիսյանն էլ այդ մասին գիտեր, որ «աղը պետք է ցանել հնարավորինս քիչ»։ Ի դեպ, վերջերս քաղաքապետ Ե. Զախարյանը հերթական խորհրդակցության ժամանակ խստիվ զգուշացրել է թաղապետերին՝ խնայել քաղաքի փողոցներն ընդհանրապես, իսկ «Լինսի» հիմնադրամով վերանորոգվածները՝ հատկապես, եւ «զոռ չտալ» աղին։ Այս առումով մեր հարցմանը Լինսիի «Ճանապարհաշինություն» ծրագրի ղեկավար Էդուարդ Բեզոյանը հույս հայտնեց, թե «շատ կուզեի՝ անցյալ տարվա պես թաղապետարանները չգերազանցեն աղի չափաբաժինը»։ Ավելին, նա խոստացավ շրջել ու հետեւել, որ մերկասառույցը քայքայվելուն զուգահեռ, չքայքայվի նաեւ ասֆալտը։ Ինչ վերաբերում է փողոցների ու մայթերի մաքրման որակին, ապա հարցման ենթարկված բոլոր թաղապետարաններից լսեցինք «մենք ամեն ինչով պատրաստ ենք» պատասխանը։ Դա նշանակում է, համայնքներն ապահովված են անհրաժեշտ քանակի աղով, կարմիր ավազով, մաքրիչ մեքենաներով եւ աշխատուժով։ Ըստ հարցման արդյունքների, «մենք ամեն ինչով ապահովված էինք նաեւ անցյալ ձմեռ»։ Մնաց գլխավոր հարցը՝ բա ինչպե՞ս եղավ, որ անցած տարի մայթերն էլ, փողոցներն էլ մնացին սառույցի ու ձյան տակ մինչեւ գարուն, եւ մարդիկ էլ, մեքենաներն էլ շարժվում էին «սեփական ուժերով» բացված ցեխոտ արահետներով։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել