ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐՈՎ Այսօր Կանադայի Վանկուվեր քաղաքում մեկնարկում է ծանրամարտի աշխարհի տղամարդկանց 73-րդ եւ կանանց 16-րդ առաջնությունը։ 85 երկրների ավելի քան 650 մասնակիցներ կպայքարեն ինչպես չեմպիոնության ու մրցանակային տեղերի, այնպես էլ իրենց քաշային կարգերում մինչեւ 27-րդ հորիզոնականում տեղ զբաղեցնելու համար, քանի որ ՄՕԿ-ի եւ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ մինչեւ 27-րդ տեղն է Աթենքի օլիմպիական խաղերի վարկանիշային միավորներ տալիս։ Նրանց մեջ են նաեւ մեր հանրապետության ներկայացուցիչները, որոնք, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կանադա են մեկնել նոյեմբերի 7-ին։ Նրանց հետ բավականին լուրջ հույսեր կան կապված, որովհետեւ հայ ծանրորդները նախ միշտ էլ արժանի տեղ են ունեցել մարզաձեւի վերնախավում, ապա նախապատրաստական փուլի ավարտին կազմակերպված ստուգողական փորձամրցումների ժամանակ նրանց բարձրացրած կիլոգրամները շատ մոտ են ծանրամարտում պաշտոնապես գրանցված վերջին լավագույն արդյունքներին։ Մնում է, որ Վանկուվերում մեր մարզիչներն ու մարզիկները կարողանան տակտիկական ճիշտ մարտավարություն ընտրել ու յուրաքանչյուր փորձում ծանրաձողին մոտենան հավատով ու ինքնավստահ։ Մարզասերներին մեկ անգամ եւս հիշեցնենք Վանկուվերում Հայաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանող մեր ծանրորդների անունները։ 63 կգ քաշային կարգ՝ Հռիփսիմե Խուրշուդյան 62 կգ՝ Արմեն Նազարյան 69 կգ՝ Արթուր Դանիելյան 77 կգ՝ Արսեն Մելիքյան, Գեւորգ Դավթյան 85 կգ՝ Գեւորգ Ալեքսանյան, Տիգրան Քամալյան 105 կգ՝ Ռաֆայել Չախոյան +105 կգ՝ Աշոտ Դանիելյան Տեղեկացնենք նաեւ, որ հայաստանցիներից առաջինը պայքարի մեջ ներգրավվելու է 62 կգ քաշային Արմեն Նազարյանը՝ նոյեմբերի 15-ին։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ