Լրահոս
Օրվա լրահոսը

Բացվեց Տոտոյի ցուցահանդեսը

Նոյեմբեր 14,2003 00:00

Բացվեց Տոտոյի ցուցահանդեսը Երեկ Գեղարվեստի ակադեմիայի «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում բացվեց Սուքիաս Թորոսյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը։ Հեղինակն այն նվիրել է Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին։ Նկարներում պատկերված էր Արամ Խաչատրյանը, որոշ աշխատանքներ էլ արված էին «Գայանե», «Սպարտակ» բալետների թեմաներով։ Պրն Թորոսյանի կարծիքով, Խաչատրյանի ընդամենը 20-րդ դարի ամենախոշոր կոմպոզիտոր ներկայացնելը քիչ է։ «Խաչատրյանը գտել է ասիական եւ եվրոպական երաժշտությունների սինթեզը, իսկ եվրոպական սիմֆոնիզմը հարմարեցրել ասիական մեղեդիներին»,- ասում է նկարիչը։ Նկարչի համոզմամբ, Արամ Խաչատրյանն իր երաժշտությամբ առաջարկում է լավ ապրելու դեղատոմս, օգնում է լինել զուսպ, հանգիստ, մաքուր, ինչպիսին իր երաժշտությունն է։ Հետաքրքիր է Ս. Թորոսյանի «Սուսերով պարը» նկարը։ Այնտեղ պատկերված չեն սեւ «տրիկոներով», փայլուն սրերը ձեռքներին տղամարդիկ։ Փոխարենը, մրգառատ դաշտում աշխատող հետաքրքիր, ինքնատիպ զգեստներով մարդիկ են։ նկարչի կտավում Արամ Խաչատրյանը բյուզանդական կայսեր հագուստով է։ Այսկերպ հեղինակը փորձում է հիշեցնել, որ բյուզանդական կայսրերի շարքում նաեւ հայեր են եղել։ Պրն Թորոսյանը հատուկ ընդգծեց, որ իր նկարները ամենեւին էլ խաչատրյանական երաժշտության պատկերային արտացոլումները չեն։ Ինչպես ականջն ու աչքն են տարբեր օրգաններ, թեեւ երկուսն էլ սինթեզվում են ուղեղում, այդպես էլ «միեւնույն ասելիքը հնարավոր է արտահայտել եւ գրչով, եւ գույնով, եւ երաժշտությամբ»։ Հիշեցնենք, որ Սուքիաս Թորոսյանը հայտնի է նաեւ որպես ծաղրանկարիչ (Տոտո կեղծանունով) եւ աշխատել է մամուլում՝ նաեւ «Առավոտում»։ Նրա աշխատանքները ցուցադրվել են Բելգիայում, Բեյրութում, Բուլղարիայում, Անգլիայում եւ այլուր։ Սուքիաս Թորոսյանը իր համար կեղծանուն է ընտրել Թուրքիայում բնակվող հայազգի երգիծաբան Տոտոյի անունը։ Վերջինիս, հայաստանցի Տոտոյի հավաստմամբ, ճանաչել են անգամ թուրք վարորդները։ Պատահական չէ, որ նրա մահվան օրը, թուրքական կառավարության որոշմամբ, սգո օր է հայտարարվել։ Լ. ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել